Արթուր Ոսկանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Հայաստանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է հայկական ֆուտբոլի խնդիրներին։
«Հայկական ֆուտբոլ։
Վերջերս շատ է խոսվում հայկական ֆուտբոլի խնդիրների մասին։ Շատերը ասում են, որ առաջնության մակարդակը բարձրացել է։ Մի մասը ասում է՝ թիմերը ուժեղացել են, և հայկական ֆուտբոլը ուժեղացել է։ Մյուս մասը ասում են՝ հավաքականներն են թուլացել, ու նաև հայկական ֆուտբոլն է թուլացել։ Եվ այսպես տարբեր կարծիքներ են հնչում։
Իմ սուբյեկտիվ կարծիքն այսպիսին է.
Այո՛, գուցե հայկական ակումբները ինչ որ չափով ուժեղ են թվում ներքին առաջնությունում և ուժեղացել են մի քանի որակյալ լեգիոներների հաշվին, բայց դա չի նշանակում, որ հայկական ֆուտբոլը ուժեղացել է։ Հայկական ֆուտբոլի ուժեղանալը կլինի այն ժամանակ, երբ մենք կունենանք քանակով շատ ուժեղ հայ ֆուտբոլիստներ, իսկ դրա համար պետք է նախ մանկապատանեկան ֆուտբոլում ակումբներն ու ֆեդերացիան տանեն ճիշտ աշխատանք, ու հայ ֆուտբոլիստները իրենց թիմերում գերակշիռ մասը պետք է կազմեն թե՛ առաջին, և թե՛ բարձրագույն խմբերում։ Եվ, շարժվելով այդ ճանապարհով, մի քանի տարի հետո մենք իսկապես կունենանք ուժեղ հայկական ֆուտբոլ։
Եկեք վերցնենք մեր ակումբները և հաշվենք թե մեր ակումբների ակադեմիաներում որքան երեխաներ են մարզվում և որքանն են նրանցից որակապես ուժեղ և տաղանդավոր։ Ճիշտ է՝ ես չեմ համարում, որ մեր որևէ ակումբ ունի ակադեմիա, այլ դրանք ավելի շատ ֆուտբոլով զբաղվելու հաստատություններ են և դրանք հիմնականում ավելի շատ նման են բիզնես ծրագրերի։ Ֆուտբոլի ակադեմիան դա պետք է լինի վայր, որտեղ ընտրվում են լավագույն պատանի ֆուտբոլիստները, որտեղ կա հստակ ծրագիր, ռազմավարություն, նպատակ և իրենց գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարզիչներ, և որտեղ ամբողջ օրվա ընթացքում պատանի ֆուտբոլիստները առավոտից երեկո, գնալով ակադեմիա, մարզվում են, ստանում են կրթություն, սնունդ և դաստիարակություն։
Այո՛, կարող են լինել վճարովի ակադեմիաներ, որտեղ հնարավորություն կստանան այն պատանի ֆուտբոլիստները, որոնք չեն ընդգրկվել լավագույնների ցուցակում։ Բայց լավ ակումբի գլխավոր ակադեմիան պետք է լինի անվճար ու կազմված լինի ընտրված լավագույն ֆուտբոլիստներով։ Հաշվարկները մոտավորապես են։ Գուցե հաշվարկների մեջ սխալմունք կլինեն, բայց դա շատ չնչին տարբերություն է տալու։ Այսօր մենք ունենք մոտավորապես 20 ակումբ բարձրագույն և առաջին խմբերում։ Եթե միջինով ամեն ակումբ ունենա գոնե 100 ընտրված տարբեր տարիքային ֆուտբոլիստ, սա միայն ընտրված ֆուտբոլիստները, որոնք ունեն տաղանդ և որակապես տարբերվում են մյուսներից։ Մենք կունենանք մոտավորապես 2000 ֆուտբոլիստ տարբեր տարիքների, որոնք ունեն ֆուտբոլային որակներ։ Այս թվերը մինիմումով է հաշվարկված, ու եթե ինչ որ մեկը կասի որ մենք նման քանակի ընտրված ֆուտբոլիստները չունենք, ապա այդ դեպքում մենք անիմաստ ենք մտածում ուժեղ Հայկական ֆուտբոլի մասին։
Իսկ ես կասեմ, որ մենք ունենք ավելի շատ որակապես ֆուտբոլային պատանի ֆուտբոլիստներ, միայն ճիշտ աշխատանք է պետք նրանց հետ։ Երբ ապրանք ես ներկրում արտերկրից, այն ծախսատար է և որակապես չգիտես մի օր ինչ կլինի, այո պատրաստի է և արագ։ Բայց երբ դու ես արտադրում, ապա դա ավելի մատչելի է և որակը դու ես ապահովում, ճիշտ է դա ժամանակատար է։ Ֆուտբոլում մենք էլ պիտի լինենք համբերատար ու հասկանանք քանի դեռ մենք մեր տեղացի ֆուտբոլիստներին չզարգացնենք, ապա ուժեղ Հայկական ֆուտբոլ չենք ունենալու։
Ու այստեղ մեծ դեր կարող էր ունենալ ֆեդերացիան՝ կազմելով ճիշտ ռազմավարություն, և այդ ռազմավարության համար կանոնակարգ։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ մեր բարձրագույն խմբում պետք է ժամանակի ընթացքում հասնենք նրան, որ ամեն թիմ մաքսիմում պետք է ունենա 5 լեգիոներ դաշտում և 3 փոխարինողների կազմում։ Հավատացեք՝ շատ կարճ ժամանակում կունենանք լավ հայ ֆուտբոլիստներով համալրված թիմեր։ Կունենանք մեծ թվով ֆուտբոլիստների մրցակցություն հավաքականում խաղալու համար, ինչպես ժամանակին էր 90 ու 2000 ականներին։ Եթե հիշում եք 2004 — 2005 թվականներից «Փյունիկը» մշակեց նմանատիպ ճիշտ ռազմավարություն և արդեն 5 — 6 տարի հետո ունեցանք լավ հավաքական, որը արժանի մրցակից էր աշխարհի լավագույն հավաքականներին։ Շատ Եվրոպական թիմեր սկսեցին հետաքրքրվել հայ ֆուտբոլիստներով, և եղավ մեծ թվով ֆուտբոլիստների տեղափոխություն արտասահմանյան թիմեր։ Նմանատիպ ռազմավարությամբ ակումբները ավելի քիչ գումար կծախսեն լեգիոնականների վրա։ Ճիշտ է՝ գուցե սկզբնական մասում Եվրոգավաթներում, էլ ավելի քիչ գումար կաշխատեն, բայց տոկոսային առումով ավելի շահավետ կլինի, քանի որ շատ ծախսում են լեգիոնականների վրա, բայց Եվրո գավաթներում չեն կարողանում վաստակել այնքան, որքան ծախսվել է։ Բայց ծախսելով անհամեմատ քիչ գումար լեգիոնականների վրա՝ կարող են վաստակել ավելի շատ ի հաշիվ տեղացի ֆուտբոլիստների ու նրանց վաճառքից արտերկիր։
Շենքը կառուցում են հիմքից, այլ ոչ թե երրորդ հարկից, և այն ամուր է երբ նրա հիմքը լավ ես կառուցել։ Նույնը ֆուտբոլում է, եթե չունես լավ ակադեմիա և մանկապատանեկան ֆուտբոլ, ապա չես կարող ունենալ լավ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Դրանում մենք պետք է հետևենք Սերբիայի, Չեխիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Խորվաթիայի օրինակներին, որտեղ իրենց բարձրագույն խմբերում մեծ քանակ են կազմում տեղացի ֆուտբոլիստները։ Մտածենք հայ ֆուտբոլիստի և նրա ճիշտ զարգացման ու Հայկական ֆուտբոլի մասին և մենք կունենանք ուժեղ Հայկական ֆուտբոլ»,- գրել է Արթուր Ոսկանյանը։