Արյան մեջ շաքարը ավելի շատ է ազդում տղամարդկանց սեռական ֆունկցիայի վրա, քան տեստոստերոնը․ ENDO
Արյան մեջ շաքարի մակարդակի անգամ աննշան բարձրացումը կարող է բացասաբար ազդել սերմնաբջիջների շարժունակության և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Այս եզրակացությանն են եկել Մյունստերի համալսարանական կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում կայացած Էնդոկրինոլոգիական ընկերության ENDO 2025 ամենամյա գիտաժողովում։
Հետազոտությանը մասնակցել է 117 տղամարդ, նրանք եղել են 18-ից 85 տարեկան և չեն ունեցել դիաբետ, սիրտանոթային և ուռուցքաբանական հիվանդություններ։ Մասնակիցների առողջական վիճակի դիտարկումը սկսվել է 2014 թվականին և ավարտվել 2020 թվականին։ Գիտնականները հետևել են սերմի բաղադրության, հորմոնալ ֆոնի, գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակի, մարմնի զանգվածի ինդեքսի և նյութափոխանակային առողջության այլ ցուցանիշների փոփոխություններին։
HbA1c-ը կենսաքիմիական ցուցանիշ է, որն արտացոլում է արյան մեջ գլյուկոզայի միջին պարունակությունը որոշակի ժամանակահատվածի համար (սովորաբես երկու-երեք ամիս)։ Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ HbA1c-ի շեմային 6,5% արժեքից ցածր մակարդակի դեպքում (որն օգտագործվում է շաքարախտի ախտորոշման համար) տղամարդկանց մոտ նկատվել է սերմնաբջիջների շարժունակության նվազում և էրեկտիլ ֆունկցիայի վատթարացում։ Ընդ որում, տեստոստերոնի մակարդակը ընդհանուր առմամբ կայուն է մնացել և էական ազդեցություն չի ունեցել սեռական ֆունկցիայի վրա։
«Տարիքը և տեստոստերոնի մակարդակը երկար ժամանակ համարվել են տղամարդկանց սեռական առողջության վատթարացման հիմնական գործոնները։ Սակայն մեր տվյալները ցույց են տալիս, որ որոշիչ դեր կարող են խաղալ հենց թեթև նյութափոխանակության խանգարումները, նախևառաջ՝ արյան մեջ շաքարի բարձրացումը», — նշել է Մյունստերի համալսարանական կլինիկայի բժիշկ և պրոֆեսոր Միխայել Ցիտմանը։
Նրա խոսքով՝ տղամարդիկ կարող են արդյունավետորեն պահպանել վերարտադրողական առողջությունը՝ ապրելակերպի շտկման և ժամանակին բժշկական աջակցություն ստանալու միջոցով։