Գիտնականները բացահայտում են ծովային միջավայրի համար արևապաշտպանիչ քսուքի թաքնված վտանգը
Ըստ Ստիրլինգի համալսարանի անցկացված հետազոտության՝ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևապաշտպան քսուքները կարող են վնասակար լինել շրջակա միջավայրի համար։ Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Hazardous Materials գիտական հանդեսում, պարզել է, որ քսուքների մեջ տարածված բաղադրիչներից մեկը՝ էթիլհեքսիլ մետօքսիցինամատը (EHMC), դանդաղեցնում է պլաստիկի քայքայումը ծովային ջրում և ազդում դրա մակերեսին գտնվող մանրէային համայնքների վրա։
Ծովային միջավայրում պլաստիկն արագորեն ծածկվում է մանրէների գաղութներով՝ ձևավորելով այսպես կոչված «պլաստիոլորտ»։ Սակայն, EHMC-ի ազդեցության տակ այդ գործընթացը փոխվում է. պլաստիկը քայքայելու ունակ օգտակար մանրէներն անհետանում են, և դրանց տեղում սկսում են գերակշռել դիմացկուն միկրոօրգանիզմները, դրանց թվում՝ պոտենցիալ վտանգավորները, ինչպիսին է Pseudomonas -ը։ Այդ մանրէները ոչ միայն ամրացնում են պլաստիկի պաշտպանիչ կենսաթաղանթը, այլև կարող են հիվանդություններ առաջացնել մարդկանց շրջանում։
Պարզվել է նաև, որ EHMC-ն նպաստում է մանրէների անցմանը թթվածնազուրկ գոյության ռեժիմի, ինչը դժվարացնում է պլաստիկի քայքայումը։ Այդ խնդիրը հատկապես սուր է տաք ափամերձ շրջաններում՝ ակտիվ զբոսաշրջությամբ, որտեղ մեծ քանակությամբ քսուք է ընկնում օվկիանոս։
Հետազոտողները դա անվանում են համատեղ աղտոտում, երբ քսուքների պլաստիկ և քիմիական բաղադրիչներն ուժեղացնում են միմյանց վնասը։ Նրանք կոչ են անում վերանայել նման նյութերի կարգավորման չափորոշիչները՝ ծովային էկոհամակարգի վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ մասնագետներն ավելի վաղ պարզել են, որ նույնիսկ ժամանակակից մաքրման կայաններն ի վիճակի չեն ամբողջությամբ որսալ միկրոպլաստիկները, որոնց մասնիկները շարունակում են ներթափանցել շրջակա միջավայր և իրենց հետ տանել թունավոր միացություններ։