Ննջասենյակում գաջեթների մերժումը կբարելավվի դեռահասների քունը
Լավ քունը կենսական նշանակություն ունի դեռահասների ֆիզիկական առողջության, հոգեկան բարեկեցության և դպրոցում առաջադիմության համար, սակայն նրանցից շատերը բավարար չափով չեն քնում։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քնելուց առաջ գաջեթներ օգտագործելուն առնչվող սովորությունները կարող են մեղավոր լինել, գրում է EurekAlert!-ը։
Հետազոտությունը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես են դեռահասներն օգտագործում տեխնոլոգիաները քնելուց առաջ և ինչպես է դա առնչվում քնի խանգարումներին և քնի տևողությանը։
Գիտնականները պարզել են, որ դեռահասների ավելի քան 70%-ն իրենց ննջասենյակում ունի համացանցին միացված սարք, իսկ գրեթե 25%-ը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում արթնացել են ծանուցումներից, գրում է «Научная Россия»-ն։ Գիշերվա կեսին արթնանանալից նրանց 28%-ը միացնում էր սարքը՝ նախքան նորից քուն մտնելը։
«Դեռահասները որակյալ քնի կարիք ունեն՝ իրենց մարմնի և ուղեղի պատշաճ զարգացումն ապահովելու համար», — ասում է հետազոտության հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի մանկաբուժության դոցենտ Ջեյսոն Նագաթան։ «Դեռահասները կարող են պաշտպանել իրենց քունը՝ ննջասենյակում չօգտագործելով սմարթֆոններ, անջատելով սարքերի ծանուցումները և խուսափելով անկողնում սոցիալական ցանցերից օգտվելուց։ Երբ կեսգիշերին արթնանում եք, դիմադրեք հեռախոսը ստուգելու ցանկությանը»։
Հետազոտողները հայտնաբերել են նաև սոցիալ-դեմոգրաֆիկ տարբերություններ էկրանների օգտագործման սովորությունների և դրանց քնի որակի վրա ազդեցության մեջ։ Ռասայական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դեռահասները քնելուց առաջ ավելի հաճախ են էկրաններ օգտագործում, քան իրենց հասակակիցները։ Հայտնաբերվել են նաև սոցիալ-տնտեսական կարգավիճակին առնչվող տարբերություններ. ընտանիքի ցածր եկամուտը և ծնողների կրթությունը նույնպես կապված էին քնելուց առաջ հեռախոսի ավելի հաճախակի օգտագործման հետ։
«Էկրանի առջև անցկացրած ժամանակը կարող է խլել կարևոր գործողությունների, ինչպիսիք են քունը, ֆիզիկական ակտիվությունը և դեմ առ դեմ շփումները, որոնք կարևոր են հոգեկան առողջության և բարեկեցության համար», — հավելում է Նագաթան։
Հետազոտությունը լրացնում է գաջեթների օգտագործման և դեռահասների վրա քնի վատ որակի ազդեցության վերաբերյալ առկա գիտելիքները։ Վերջինս կապված է ֆիզիկական և հոգեկան խանգարումների զարգացման, ուսման առաջադիմության և բարեկեցության վատթարացման ռիսկի բարձրացման հետ։
Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան պաշտպանում է ընտանեկան մեդիա ծրագրի ստեղծումը, որը ներառում է ընտանեկան մեդիայի օգտագործման ուղեցույցների վերաբերյալ կանոնավոր քննարկումներ և ստուգումներ: Ընտանեկան մեդիա ծրագիրը կարող է անհատականացվել՝ կախված երեխաների տարիքից, նրանց ունեցած սարքերից և տարվա եղանակից։ «Ամառը հիանալի ժամանակ է ձեր ընտանեկան մեդիա ծրագիրը վերանայելու համար՝ հաշվի առնելով ձեր առօրյայի հնարավոր փոփոխությունները, — ասում է Նագաթան։ -Երեխաների քունը բարելավելու ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկը քնելուց առաջ գաջեթների օգտագործումը սահմանափակելն է»։
Հետազոտողներն օգտագործել են «Դեռահասների ճանաչողական զարգացում» (ABCD) ուսումնասիրության տվյալները, որը Միացյալ Նահանգներում ուղեղի զարգացման խոշորագույն տևական ուսումնասիրությունն է, որը հավաքել է 12-13 տարեկան 10 հազար 305 դեռահասների տվյալներ: Հետազոտության մասնակիցները հայտնել են, թե որքան հաճախ են հեռուստացույց դիտում քնելուց առաջ, իսկ խնամակալները տեղեկություններ են տրամադրել քնի խանգարումների և տևողության մասին:
«Քնելուց առաջ էկրանների օգտագործման սոցիալ-դեմոգրաֆիկ տարբերությունները կարող են հիմք ծառայել մանկաբույժների և խնամողների համար թիրախային և մշակութային առումով զգայուն խորհրդատվության համար», -ասում է հետազոտության համահեղինակ, Տորոնտոյի համալսարանի սոցիալական աշխատանքի ֆակուլտետի դոցենտ Քայլ Թ. Գանսոնը։ «Անհատականացված թվային գրագիտության ծրագրերը և կանխարգելիչ հանձնարարականները կարող են ուղղված լինել ռիսկի խմբին՝ բոլոր դեռահասների առողջ քունն ապահովելու համար»։