Աննա Կուրնիկովան երկար ժամանակ անց առաջին անգամ հանրության առջև է հայտնվել. նախկին թենիսիստուհին նկատվել է Մայամիում իր երեխաների հետ
Նախկին թենիսիստուհի 44–ամյա Աննա Կուրնիկովային անվասայլակով նկատելուց վեց ամիս անց, երեք երեխաների մայրը Մայամիում զբոսանքի ժամանակ երջանիկ և առողջ տեսք ուներ, հաղորդում է Hello-ն։
Ականատեսների խոսքով՝ Աննան վնասվածքից լիովին ապաքինված տեսք ուներ. իր երեք երեխաների և ընկերոջ հետ նա գնումներ է կատարել սուպերմարկետում։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է ընտանիքը վերադառնում մեքենայի մոտ, իսկ Աննան ինքը՝ մթերքներով, այդ թվում՝ մեծ տորթով լի սայլակը հրում դեպի մեքենան։

Հիշեցնենք, որ հունվարին Աննան լուսանկարվել էր առևտրի կենտրոնում. նա նստած էր անվասայլակին՝ երկու երեխաների և ընկերների ուղեկցությամբ։ Այդ ժամանակ նրա ոտքին օրթոպեդիկ կոշիկ կար, ինչը լուրջ վնասվածքի մասին լուրերի տեղիք է տվել։ Սակայն ավելի ուշ նրա սկեսուրը՝ Իզաբել Պրեյսլերը, ցրել է մտահոգությունները՝ HOLA!-ին ասելով, որ դա «աննշան վնասվածք» էր, հավելելով, որ «նման վնասվածքները շատ ցավոտ են, բայց ոչ մի լուրջ բան»։
Աննա Կուրնիկովան ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան դեռևս 2003 թվականին՝ մեջքի անընդհատ վնասվածքների պատճառով. այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր։ «Ես չէի պլանավորել, որ դա այդքանով կավարտվի», — ասել է Աննան People-ին տված հարցազրույցում։ «Իմ մեջքը պարզապես ստիպեց ինձ թողնել աշխատանքը։ Ես նույնիսկ չէի կարողանում կապել կոշիկի կապիչներս. ցավը անտանելի էր»։ Կուրնիկովան իր ամուսնու՝ երգիչ Էնրիկե Իգլեսիասի հետ հանդիպել է դեռևս 2001 թվականին՝ նրա «Escape» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր զույգը միասին է և մեծացնում է երեք երեխա՝ յոթամյա երկվորյակներ Նիկոլասին և Լյուսիին, և հինգամյա Մերիին։