Վենետիկն ընդդեմ Բեզոսի. Բողոքի ցույցեր աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդու առաջիկա հարսանիքի դեմ
Այս շաբաթ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, պլանավորում են ամուսնանալ Վենետիկում, և, ինչպես պարզվում է, ոչ բոլորն են ուրախ նրանց ժամանումից: Մինչ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը պատրաստվում է շքեղ արարողության, իտալական քաղաքը աննախադեպ հասարակական դժգոհության, բողոքի ցույցերի և լոգիստիկ դժվարությունների ալիք է ապրում:
Բողոքի ցույցեր. «Տեղ չկա Բեզոսի համար»
Դեռևս հունիսի սկզբին Վենետիկի պատմական կենտրոնում հայտնվեցին պիտակներ, պաստառներ և գրաֆիտիներ՝ «Տեղ չկա Բեզոսի համար» գրությամբ և հրթիռի պատկերով՝ ակնարկելով միլիարդատիրոջ տիեզերական Blue Origin ընկերությանը: Բողոքի ցույցի մասնակիցները պաստառներ կախեցին քաղաքի խորհրդանշական վայրերում, այդ թվում՝ Ռիալտո կամրջի և Սուրբ Մարկոսի հրապարակի վրա:

Այս շաբաթ Greenpeace-ի ակտիվիստները Սուրբ Մարկոսի հրապարակում բացել են հսկայական պաստառ՝ ժպտացող Բեզոսի լուսանկարով և գրությամբ. «Եթե կարող եք վարձակալել Վենետիկը ձեր հարսանիքի համար, կարող եք ավելի շատ հարկեր վճարել»: Կազմակերպությունը նաև միջոցառման տեսանյութ է հրապարակել Instagram-ում՝ այն մակագրելով. «Բեզոսը իր աշխատակիցներին վճարում է աղքատության մակարդակի աշխատավարձ և խուսափում է հարկերից: Զարմանալի չէ, որ նա կարող է փակել քաղաքի կեսը իր սեփական հարսանիքի համար: Հարկեք միլիարդատերերին»:
Տեղացիները վրդովված են. Վենետիկի վարձավճարները և աճող գները
Տեղացիները, հոգնած զանգվածային զբոսաշրջությունից և բնակարանների գների աճից, ասում են, որ նման միջոցառումները քաղաքը վերածում են «հարուստների զարդարանքի»: Ֆեդերիկա Տոնինելոյի գլխավորած ակտիվիստների խումբը նշել է, որ հարսանիքը խորհրդանշում է իշխանությունների վերաբերմունքը Վենետիկի նկատմամբ՝ որպես ապրանքի:
«Շատ ավելի մտահոգիչ է այն քաղաքապետը, որը նախընտրում է «վաճառել» քաղաքը՝ փոխանակ լուծելու բնակիչների իրական խնդիրները՝ սկսած կյանքի բարձր արժեքից մինչև մշտական բնակարանների կորուստը», — ընդգծել է Տոնինելոն:
Քաղաքի քաղաքապետ Լուիջի Բրուգնարոն, սակայն, հպարտություն է հայտնել, որ Բեզոսն ընտրել է Վենետիկը՝ նշելով, որ քաղաքը «մեկ անգամ ևս ապացուցում է, որ այն համաշխարհային թատերաբեմ է»: Նա հավելել է, որ հույս ունի սեղմել Բեզոսի ձեռքը, եթե նա ժամանակ գտնի:
Ա+ հարսանիք
Դժգոհությունից անկախ, հարսանիքի նախապատրաստական աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են: Page Six-ի տվյալներով՝ Բեզոսի 127 մետրանոց մեգազբոսանավը՝ Koru-ն, արդեն կայանված է Վենետիկում։ Հյուրերի թվում են համաշխարհային ճանաչում ունեցող անձինք և ազդեցիկ դեմքեր՝ Քիմ Քարդաշյանը, Քրիս Ջենները, Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները, միլիարդատեր Մայքլ Քիվսը և նրա կինը՝ Բարի Դիլլերը, և Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը։

Հարսանեկան երեկույթը սկզբում նախատեսված էր անցկացնել Սանտա Մարիա դելլա Միզերիկորդիայի Սկուոլա Գրանդեում, սակայն բողոքի ցույցերի պատճառով այն տեղափոխվել է նախկին Արսենալեի նավաշինարան։ «Բեզոսի փախուստը խելահեղ հաղթանակ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի դեմ հանդես եկող մարդկանց փոքր խմբի համար, ովքեր փող չունեն», — The Times-ին ասել է ակտիվիստ Տոմազո Կաչարին։
Իշխանությունները վստահեցնում են. «քաղաքը կարող է հաղթահարել իրավիճակը»
Վենետիկի իշխանությունները նշում են, որ «բողոքի ցույցերը չեն արտացոլում քաղաքացիների մեծամասնության կարծիքը» և ընդգծում են, որ քաղաքը սովոր է մեծամասշտաբ միջոցառումների՝ G7 գագաթնաժողովներից մինչև Բիենալե։ Նրանց խոսքով՝ հարսանիքը ոչ մի կերպ չի ազդի ջրային տրանսպորտի շարժման վրա. 280 վենետիկյան ջրային տաքսիներից միայն 30-ն են նախատեսված հյուրերի համար։ Մասնակցում են միայն երեք կամ չորս հյուրանոց։

