Համլետ Մանուկյան․ Իմ այս արդյունքները, ոսկե մեդալը մարզիչներիս շնորհիվ է

0

Հաղթանակից հետո ընկեր Հակոբն ասաց՝ «ապրես»: Երեւի սպասում էր, որ կհաղթեի: Առանց մարզիչների աշխատանքի, անհնար է որեւէ հաջողության հասնել: Իմ այս արդյունքները, ոսկե մեդալը նրանց շնորհիվ է: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Համլետ Մանուկյանը:

Ապրիլի 12-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում 18-ամյա Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում եւ մեծահասակների պայքարում նվաճեց իր առաջին ոսկե մեդալը (14.633 միավոր):

Համլետ, շնորհավորում եմ ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Առաջին մեծ հաղթանակդ է մեծահասակներում: Ի՞նչ զգացողութուններ ունես:

Շատ լավ տպավորություններ ունեմ: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Երկար էինք պատրաստվել այս մրցմանը: Լավ ստացվեց, իսկապես շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել:

Ինչպիսի՞ն էր մրցակցությունը մեծահասակների մրցասպարեզում քեզ համար:

Մեծահասակներում մրցակցությունն արդեն շատ ուժեղ է: Օլիմպիական մեդալակիրների, աշխարհի չեմպիոնների հետ ես մրցում, պետք է ավելի զգոն եւ ուշադիր լինես վարժությունդ կատարելիս: Փառք Աստծո, ստացվեց ինձ մոտ հավաքվել եզրափակիչում եւ կատարել վարժությունս:

Որակավորման փուլում ավելի ցածր միավորներ էի վաստակել: Կարեւորը եզրափակիչ դուրս գալն էր: Հիմնական ուժերս դրել էի եզրափակիչի վրա, որպեսզի բարձր միավորներ վաստակեի:

Լարվածություն կա՞ր:

Լարվածություն կար, բայց հաղթահարեցի: Հաղթահարելի լարվածություն էր: Փորձեցի չկենտրոնանալ, որ պայքարում եմ մեծահասակներում: Կարեւոր էր, որ լավ կատարեմ վարժությունս, այդ պարագայում արդեն էական նշանակություն չունի՝ մեծահասակներում եմ պայքարում, թե երիտասարդներում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ արդեն շատ ուժեղ մրցակիցներ են:

Սպասո՞ւմ էիր, որ ոսկե մեդալ կնվաճես:

Ամեն մրցաշարին սպասում եմ, որ ոսկե մեդալով պետք է վերադառնամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կստացվի վարժությունս: Այստեղ լավ ստացվեց եւ սպասում էի, որ հաղթող կճանաչվեմ:

Այս արդյունքները, որ կարողանում եմ անել, մարզիչներիս մեծ աշխատանքի արդյունքն է: Առանց նրանց աշխատանքի, անհնար է որեւէ հաջողության հասնել: Իմ այս արդյունքները, ոսկե մեդալը նրանց շնորհիվ է: 

Ի՞նչ ասաց ընկեր Հակոբը, մրցելույթիցդ հետո:

Ասաց՝ «ապրես»: Երեւի սպասում էր, որ կհաղթեի:

Ո՞ւմ հետ առաջինը կիսեցիր ուրախությունդ, երբ իմացար՝ դու ես հաղթողը:

Առաջինը խոսեցի իմ անձնական մարզիչի՝ Հայկ Նազարյանի հետ: Այն  միավորները, որ հավաքեցի այստեղ, իմ առավելագույնը չէին. սրանից բարձր միավորներ էլ եմ ստացել: Դեռ մի քանի աշխարհի գավաթ էլ ունենք, պետք է շարունակենք մարզումները, որ մյուս փուլերում էլ լավ արդյունքներ ունենանք: Կպատրաստվենք նաեւ Եվրոպայի առաջնությանը, որտեղ, կարծում եմ, շատ ավելի բարդ է լինելու, ավելի մեծ է լինելու մրցակցությունը:

Լուսինե Շահբազյան

Leave A Reply

Your email address will not be published.