Հաբեթնակ Կուրղինյան. Թիմը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը, տրամադրությունը մարտական է
Փարիզի Օլիմպիական խաղերը որեւէ բացասական հետք չի թողել ոչ տղաների, ոչ թիմի վրա: Թիմը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը, տրամադրությունը մարտական է: Ֆավորիտային կազմով ենք. թիմում ունենք երեք չեմպիոն, որոնցից երկուսը գործող, եւ մեդալակիրներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է ոչ ամբողջական կազմով, 7 ներկայացուցիչով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ) եւ Գուրգեն Սիմոնյան (97 կգ):
Արսեն Հարությունյանը Բրատիսլավայի մրցագորգում կպայքարի Եվրոպայի 5-րդ, Վազգեն Թեւանյանն ու Արման Անդերասյանը՝ կրկնակի չեմպիոնության համար:
Ապրիլի 5-ին Հայաստանի թիմը մեկնել է մրցավայր:
«Ուժեղ կազմով ենք մեկնում Եվրոպայի առաջնության: Նոր անուններ ունենք կազմում, երիտասարդական հավաքականից եւ մինչեւ 23 տարեկաններից ըմբիշներ կփորձեն ուժերը մեծահասակների պայքարում: Արման Ավագյանին փոխարինել է Հայկ Պապիկյանը: Նա արդեն ունի փորձ մեծահասակների պայքարում: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Գուգրեն Սիմոնյանը:
Կազմն ընտրվել է Հայաստանի առաջնության եւ միջազգային մրցաշարերի արդյունքներով: Անցել ենք մի քանի հավաք՝ ընդհանուր ֆիզպատրաստություն, գորգային աշխատանքներ, միջազգային մրցաշարեր, որոնք եղել են ստուգողական Եվրոպայի առաջնության համար: Բոլոր փուլերը նորմալ անցել ենք: Ապրիլի 4-ին վերջին մարզումային օրն ունեցանք: Գորգային մարզումներն ավարտել ենք, վերջին մարզումը բասկետբոլի խաղ էր:
Թիմում Եվրոպայի երեք չեմպիոն կա, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր է, ֆավորիտային կազմով ենք:
Թիմը պատրաստ է: Օլիմպիական խաղերից հետո տղաների տրամադրությունն ու տրամադրվածությունը մարտական է:
Ինձ համար Փարիզի Օլիմպիական խաղերը պարզ էր: Արդեն անցյալում է: Չեմ ցանկանում խոսել Խաղերի մասին, ոչ թե որպեսզի չհիշեմ, այլ չեմ ցանկանում խոսել, որ չհիշեցնեմ ինչ-որ իրադարձություններ, իրավիճակներ: Ինձ համար նշանակություն չունի, Փարիզի մրցագորգում ինչ եղել, եղել է, ինչ էլ եղել է, շատ օրինաչափ է եղել: Օլիմպիական խաղերը թիմի, տղաների վրա իր հետքն է թողել, բայց դրական առումով: Բացասական ոչինչ չկա: Ինձ համար էլ, որպես մարզիչ, ոչ մի բացասական հույզերով եւ տեսանկյունով հիշողություններ չկան: Կարծում եմ՝ ամեն ինչ արդար էր եւ այդպես էլ պետք է լիներ: Թիմում նոր շունչ է եւ նոր շնչով սկսել ենք նոր օլիմպիական մրցաշրջանը:
Այս եւ հետագա մրցաշարերը ցույց կտան, թե ինչպես կանցնենք այս շրջափուլը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք ոչ լիարժեք կազմով: Այն քաշային կարգերում, որում չունենք ներկայացուցիչներ, այս պահին խնդրային են: Սա չի նշանակում, որ չունենք մարզիկներ, ներկայացուցիչներ այդ քաշերում, բայց այս պահին Եվրոպայի առաջնության համար նրանք պատրաստ չեն, նպատակահարմար չի նրանց մասնակցելը, չունեն համապատասխան մարզավիճակ:
Ինչ վերաբերում է որոշ քաշային կարգերում խնդիրներ ունենալուն, մեր այսօրվա պայմաններում եւ նման ռեսուրսներով դժվար է լիարժեք կազմ ունենալը: Փորձում ենք: Նկատեմ, որ թիմում բարձրակարգ մարզիկների ներկայությունն արդեն մեծ նշանակություն ունի: Նման պայմաններում այսպիսի թիմ ունենալը քիչ չի, բայց ունենք էլի պոտենցիալ եւ էլի տեղ ավելացնելու»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինները կպայքարեն ապրիլի 7-11-ը:
Լուսինե Շահբազյան