Ճապոնիայում ստեղծել են տվյալների ինքնատիպ շտեմարան ճարպակալման եւ դրա հետեւանքների հետազոտման համար

0

Ճապոնացի գիտնականները մշակել են առաջավոր բժշկական տվյալների շտեմարան՝ J-ORBIT, որն ավտոմատ կերպով հավաքում եւ վերլուծում է ճարպակալում եւ կից հիվանդություններ ունեցող պացիենտների մասին տեղեկատվությունը: Կոբե համալսարանի գիտնականների նախագիծը կօգնի բժիշկներին ավելի լավ հասկանալ ճարպակալման պատճառներն ու հետեւանքները, ինչպես նաեւ մշակել բուժման նոր մեթոդներ: Աշխատանքը հրապարակվել է Journal of Diabetes Investigation (JDI) ամսագրում:

«Ճարպակալումը շատ լուրջ հիվանդությունների պատճառ է, ներառյալ դիաբետը, հիպերտոնիան, սրտի հիվանդությունները եւ ինսուլտը»,- նշել է բժիշկ, Կոբե համալսարանի էնդոկրինոլոգ Վատարու Օգավան:

Սակայն մինչ այժմ գիտնականներին հասանելի չեն եղել հիվանդների վիճակն արտացոլող ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ։ J-ORBIT-ը լուծում է այս խնդիրը. համակարգն ավտոմատ կերպով թարմացնում է հիվանդների անանուն բժշկական գրառումներն ամեն անգամ, երբ նրանք այցելում են Ճապոնիայի յոթ մասնակից կլինիկաներից մեկը:

Վերջերս հետազոտողները ներկայացրել են J-ORBIT տվյալների շտեմարանից 1 169 պացիենտների տվյալների վերլուծության առաջին արդյունքները: Պարզվել է, որ ճարպակալում ունեցող մարդկանց մեծամասնությունը շաքարային դիաբետի հետ կապված միջինը երեք ուղեկցող հիվանդություն ունի։ Բացի այդ, վերլուծությունը հայտնաբերել է այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում կապված չեն եղել ճարպակալման հետ, ինչպիսին են դաշտանային անկանոնությունները եւ կանանց անպտղությունը:

Այս տվյալների բազան ինտեգրված է նաեւ J-DREAMS համակարգի հետ, որը հավաքում է դիաբետով հիվանդների տվյալները: Այս համախմբումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ ուսումնասիրել դիաբետի եւ ճարպկալման միջեւ կապը, բայց կարող է նաեւ հանգեցնել նրան, որ դիաբետի դեպքերն անհարկի շատ ներկայացված լինեն J-ORBIT-ում:

Բացի բժիշկներից եւ հետազոտողներից, նախագծով հետաքրքրություն են ցուցաբերել ճարպակալման դեմ դեղամիջոցներ մշակող դեղագործական ընկերությունները։ Նրանք արդեն սկսել են օգտագործել J-ORBIT-ի տվյալները նոր թերապիաներ ուսումնասիրելու համար:

«Մենք հուսով ենք, որ այս համակարգը կօգնի ոչ միայն ճարպակալման հետազոտության, այլ նաեւ անհատականացված բուժումներ մշակելուն այն պացիենտների համար, որոնք նիհարելու կարիք ունեն»,- ավելացրել է դոկտոր Օգավան:

Leave A Reply

Your email address will not be published.