Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա Փարիզում իրեն կողոպտելու գործով
Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա 2016 թվականին Փարիզում իրեն կողոպտելու գործով դատավարությանը, հայտնում է PEOPLE-ը։ Դատավարությունը կսկսվի մայիսին։
2016 թվականի հոկտեմբերի 3-ին Քիմին զենքի սպառնալիքով թալանել են No Address հյուրանոցում՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Հինգ դիմակավորված տղամարդիկ՝ 40-ից 50 տարեկան, նրան պատանդ են պահել հյուրանոցի համարում։ Նրանից գողացել են միլիոնավոր դոլարների զարդեր։ Գողացված իրերի թվում է եղել 4 միլիոն դոլար արժողությամբ մատանին, որը նրան տվել է այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը։
Ոստիկանությունը սկզբում ձերբակալել էր կողոպուտի հետ կապված 17 կասկածյալի։ Առաջին չորս տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի հունվարի 12-ին։ Ձերբակալվածներից մեկը Գարի Մ.-ն է՝ Քարդաշյանի փարիզյան վարորդի կրտսեր եղբայրը։
Քիմը Փարիզում էր քույրերի՝ Քորթնի Քարդաշյանի և Քենդալ Ջեների հետ, բայց այդ երեկո մենակ էր գնացել հյուրանոցի իր սենյակ, երբ քույրերը զբոսնում էին քաղաքում: