Թուրքական սերիալները «բացասաբար են ազդում» ռուս կանանց վրա.Նրանք կորցնում են հետաքրքրությունը ռուս տղամարդկանց նկատմամբ
Թուրքական հեռուստասերիալները «բացասաբար են ազդում» ռուս կանանց վրա, որոնք կորցնում են հետաքրքրությունը ռուս տղամարդկանց նկատմամբ։ Ինչպես հայտնում է «Աբզաց» պորտալը, «Ռուսաստանի վետերանները» դիմել են Ռոսկոմնադզորին, ինչպես նաև Պետդումայի և Մշակույթի նախարարությանը՝ երկրում թուրքական հեռուստասերիալների ցուցադրումն արգելելու հարցով աշխատելու խնդրանքով, ասել է շարժման նախագահ Իլդար Ռեզյապովը։
Նրա խոսքով, դրա պատճառը ռուս կանանց կողմից տղամարդու կերպարի ընկալման վրա նրանց բացասական ազդեցությունն է, ինչպես նաև դրա ժողովրդագրական հետևանքները: Վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվում է կայուն միտում. տիկնայք, բավականաչափ դիտելով նման սերիալներ, սկսում են կորցնել հետաքրքրությունը մեր տղամարդկանց նկատմամբ՝ ակնկալելով նրանցից անիրատեսական վարքագիծ, որը ձևավորվել է արտասահմանյան կինոարտադրություններով:
Միևնույն ժամանակ հայրենական հեռուստասերիալները հաճախ ուղիղ հակառակ պատկեր են ստեղծում. ռուս տղամարդուն ներկայացնում են որպես հարբեցողի, բռնակալի և պարտվողի, մինչդեռ ուժեղ և անկախ կինը ստիպված է կրել ընտանեկան հոգսերի ողջ բեռը, մինչև մի օր նա հանդիպի հաջողակ և խիզախ օտարերկրացու:
«Նման քարոզչությունը մշակութային միջամտություն է, որը նպաստում է ընտանիքի ինստիտուտի քայքայմանը և Ռուսաստանում ծնելիության նվազմանը։ Կարևոր է օրենսդրության մեջ ամրագրել «կործանարար քարոզչություն» հասկացությունը և հստակ սահմանել, թե կինոարտադրության որ տարրերը կարող են ներառվել այս եզրույթի ներքո», — ասել է Ռեզյապովը:
Ըստ տեղեկությունների՝ թուրքական հեռուստասերիալների ժողովրդականությունը Ռուսաստանում իսկապես տարեցտարի աճում է։ Ամենահայտնի սերիալը եղել է «Թակելով իմ դուռը», երկրորդ տեղը զբաղեցրել է 132 սերիայից բաղկացած «Cranberry Sherbet»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արյունոտ ծաղիկներ» շոուն։