Գիտնականները ստամոքսի քաղցկեղի՝ նախկինում անհայտ պատճառի նշույլ են հայտնաբերել
Գիտնականներն առաջին անգամ համակարգված կերպով վերլուծել են ստամոքսի լորձաթաղանթի սոմատիկ մուտացիաները՝ բացահայտելու մուտացիոն գործընթացները, որոնցից մի քանիսը կարող են հանգեցնել քաղցկեղի:
Գիտնականների թիմը միաժամանակ նշույլներ է գտել ստամոքսի քաղցկեղի պոտենցիալ նոր պատճառի մասին, որը պահանջում է հետագա հետազոտություն:
Ուելքոմ Սենգերի ինստիտուտի, Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի և Հարվարդի Բրոդ ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի և նրանց գործընկերների հետազոտողները հաջորդականացրել են ստամոքսի լորձաթաղանթի նորմալ նմուշների ամբողջ գենոմը, որոնք վերցվել են ստամոքսի քաղցկեղով և ստամոքսի քաղցկեղից զերծ մարդկանցից:
Գիտնականների խումբը պարզել է, որ չնայած ստամոքսի թթվային պարունակության կանոնավոր ազդեցությանը, ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանված է ցանկացած թունավոր ազդեցությունից: Նրանք պարզել են, որ 60 տարեկանում քաղցկեղ առաջացնող գեների մուտացիաներով բջիջները զբաղեցնում են ստամոքսի լորձաթաղանթի գրեթե 10%-ը: Նրանք նաև արտասովոր բացահայտում են արել, որ մարդկանցից ոմանք, բայց ոչ բոլորը, ունեին մուտացիաներ, որոնք հանգեցրին որոշակի քրոմոսոմների երեք կրկնօրինակ, ինչը վկայում է անհայտ մուտագենի ազդեցության մասին:
Հետազոտության արդյունքերը, որոնք հրապարակվել են Nature գիտական հանդեսում, համալրում են ստամոքս-աղիքային նորմալ հյուսվածքների մուտացիաների քարտեզը: Այս աշխատանքը հետազոտողներին հնրավորություն է տալիս ուսումնասիրել հիմնական մուտացիոն գործընթացները և համեմատել մուտացիայի մակարդակը օրգանիզմում, ինչպես նաև ավելի լավ հասկանալ քաղցկեղի զարգացման ամենավաղ փուլերը:
Ստամոքսի քաղցկեղը հինգերորդ ամենատարածված քաղցկեղն է աշխարհում, 2022 թվականին գրանցվել է մոտավորապես մեկ միլիոն նոր դեպք: 1.Այն աշխարհում քաղցկեղից մահացության երրորդ առաջատար պատճառն է: 2. Ամենաշատ դեպքերը գրանցվում են Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում:
Ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող գործոնները ներառում են ավելորդ քաշը, ծխելը և Helicobacter pylori բակտերիայով վարակվելը, որը կարող է բորբոքում և ստամոքսի խոց առաջացնել:
Նոր հետազոտության ընթացքում Սանգերի ինստիտուտի հետազոտողները և նրանց գործընկերները որոշել են ուսումնասիրել ստամոքսի էպիթելիում սոմատիկ մուտացիաները՝ հետազոտելու համար նորմալ տարիքային մուտացիաների և ստամոքսի քաղցկեղի զարգացման մուտացիաների միջև անցումը:
Գիտնականների թիմը հաջորդականացրել է ստամոքսի նորմալ, ոչ քաղցկեղային հյուսվածքի 238 նմուշների ամբողջական գենոմները, վերցված Հոնկոնգից, ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից 30 մարդու ստամոքսից, որոնցից 18-ը ստամոքսի քաղցկեղ ուներ, իսկ 12-ը՝ զերծ էր դրանից:
Հետազոտողները պարզել են, որ չնայած ստամոքսի թթվային պարունակության կանոնավոր ազդեցությանը, նորմալ ստամոքսային գեղձերի մուտացիաները տեղի են ունենում նույն արագությամբ, ինչ օրգանիզմի բջիջների մեծ մասում: Դա վկայում է, որ ստամոքսի էպիթելի բջիջները պաշտպանված են ստամոքսի թթվային պարունակության ցանկացած թունավոր ազդեցությունից:
Սակայն ստամոքսի քաղցկեղից տառապող մարդկանց շրջանում ստամոքսի նորմալ, ոչ քաղցկեղային լորձաթաղանթում մանրադիտակի տակ որոշ գեղձերի փոփոխություններ են հայտնաբերվել, որոնք նման են քաղցկեղի վաղ փուլերին: Այս նորմալ գեղձերը ունեին ավելի շատ մուտացիաներ, որոնք կարող էին նպաստել ստամոքսի քաղցկեղի զարգացմանը:
Մուտացիաների թիվը շատ ավելի մեծ էր քաղցկեղային հյուսվածքում, ինչը ցույց է տալիս, որ ստամոքսի քաղցկեղը զգալիորեն արագացնում է մուտացիաներն իր զարգացման հետագա փուլերում:
Անսովոր բացահայտում է դարձել այն, որ ստամոքսի լորձաթաղանթի որոշ բջիջներ որոշակի քրոմոսոմների երեք կրկնօրինակ՝ 13, 18 և 20 քրոմոսոմներ են պարունակում, որոնք հայտնի են որպես տրիզոմիա: Նախորդ հետազոտությունների ժամանակ նման բան չի նկատվել այլ հյուսվածքներում, ինչը ենթադրում է, որ այն յուրահատուկ է ստամոքսի համար: Որոշ մարդկանց մոտ հայտնաբերվել է տրիզոմիայի բազմաթիվ դեպքեր, իսկ մյուսները՝ ոչ: Սա նշանակում է, որ այդ մարդիկ, ըստ ամենայնի, ենթարկվել անհայտ արտաքին մուտագենի ազդեցությանը: