Նոր հերոսներ, հետաքրքիր պատմություն ու մի ամբողջ շիլաշփոթ. Մկրտիչ Արզումանյանը՝ «Իմ կնոջ ամուսինը» ներկայացման մանրամասների մասին

0

Մարտի 31-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա նոր ներկայացման պրեմիերա: Այս անգամ Երեւանում կցուցադրվի խորվաթ դրամատուրգ Միրո Գավրանի «Իմ կնոջ ամուսինը» «շիլաշփոթ» կատակերգությունը, որի առանցքային դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Արման Նավասարդյանը եւ Էվա Խաչատրյանը: Ներկայացման ռեժիսորը Նարինե Մալյանն է, Մկրտիչ Արզումանյանը հանդես է գալիս նաեւ որպես պրոդյուսեր: Ներկայացման արտադրությամբ զբաղվում է Arzumanyan Project-ը:

Պրեմիերային ընդառաջ NEWS.am STYLE-ը զրուցել է Մկրտիչ Արզունանյանի հետ՝ փորձելով բացահայտել մանրամասներն ու հերոսներին:

Սյուժեի հիմքում հետեւյալ պատմությունն է՝ Ժարկեցը (Արման Նավասարդյան) Լյուբլյանայից ժամանում է ծովափնյա քաղաք Սպլիտ՝ հանդիպելու Կրեշեին (Մկրտիչ Արզումանյան), որպեսզի պատմի իր մեղսավոր կնոջ կատարած հանցագործությունների մասին, եւ նրանք միասին որոշեն, թե ինչպես պատժել նրան։ Անհավանական նորությունները Կրեշեին դրդում են ինքնասպանության։ Կփրկվի՞ արդյոք Կրեշեն եւ ի՞նչ պատժի կարժանանա նրա հանցագործ կինը՝ Դրագիցան (Էվա Խաչատրյան), կպարզվի ներկայացման ընթացքում։

«Շատ հետաքրքիր պիես է՝ եւ հուզիչ, եւ ծիծաղելի, նաեւ մտորելու տեղիք է տալիս, ունի շատ ասելիք, թեւավոր խոսքեր… Առհասարակ, շատ պիեսներ եմ ընթերցում, որպեսզի հասկանամ, թե հաջորդ քայլս որն է լինելու, ինչ կարելի է բեմադրել, ու անընդհատ փնտրտուքների մեջ եմ: Եվ շատ քիչ է լինում, որ գործը բոլոր չափանիշներով համապատասխանի նրան, թե ինչ կարելի է անել Հայաստանում, տարբերվի նախորդ ներկայացումներից: Այս մեկը շատ հետաքրքիր թվաց ինձ ու շատ ասելիքներով»,-ասում է Մկրտիչը:

Դերասանը հավելեց՝ պատմության մեջ կան տարրեր, որոնք եվրոպական մոտեցում են պահանջում, այդ պատճառով չեն դիմել ադապտացիայի, նույնիսկ հերոսների անուններն են անփոփոխ:

«Մի քանի ամիս է՝ ինչ աշխատում ենք այս ներկայացման շուրջ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հեղինակի հետ, նա շատ ողջունեց մեր նախաձեռնությունը: Ի դեպ, նա բազմաթիվ գործեր ունի, որոնք բեմադրվել են ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլեւ Եվրոպայում»,-մանրամասնեց նա:

Ներկայացման մեջ երեք կերպար են՝ Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է Կրեշեին. «Նախկին նավաստի է, շատ լավ խոհարար է, բայց թափթփված է, չի սիրում շուրջբոլորը հավաքել, իսկ մյուս հերոսը, ում մարմնավորում է Արման Նավասարդյանը, ճիշտ նրա հակապատկերն է: Չնայած՝ այդպես սկզբից է թվում, բայց որոշ ժամանակ անց հասկանում ես, որ նրանք շատ ընդհանրություններ ունեն ու փորձում են ամեն գնով պահել այն, ինչ ունեն: Այստեղ շատ հետաքրքիր հոգեբանական պահեր կան, ինչը ինձ դուր է եկել այս պատմության մեջ: Իսկ Էվա Խաչատրյանը մարմավորում է ճակատագրական կնոջը՝ Դրագիցային: Ներկայացման ռեժիսորը Նարինե Մալյանն է:   Կարծում եմ՝ շատ լավ թիմ է հավաքվել՝ մարդիկ, ովքեր շատ են սիրում ու գնահատում իրենց աշխատանքը, եւ յուրաքանչյուրս փորձում ենք անել մեր առավելագույնը, որ ներկայացումը սիրվի հանդիսատեսի կողմից: Ես, որպես կազմակերպիչ, իհարկե շատ եմ ցանկանում, որ այն երկար կյանք ունենա եւ երկար ապրի մարդկանց սրտերում»,-նշեց դերասանը:

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.