Քաշի կորուստը կարող է մատնանշել դիաբետի եւ վահանաձեւ գեղձի հիվանդության մասին. Daily Mail
Քաշի ոչ միտումնավոր կորուստը կարող է վկայել վահանաձեւ գեղձի բարձր ակտիվության եւ 1-ին տեսակի դիաբետի մասին: Այս մասին Daily Mail-ին հայտնել են բրիտանացի էնդոկրինոլոգներ Քրիստիեն Բոլերթը եւ Դեւիդ Քավանը։
Դոկտոր Քավանը Դորսեթի համալսարանական հիվանդանոցից նշել է, որ դիաբետը հաճախ կապված է ճարպակալման եւ ավելորդ քաշի հետ: Սակայն այս պաթոլոգիաներն ուղղակիորեն կապված չեն: Ավելին, 1-ին տեսակի դիաբետի դեպքում քաշի կորուստը հենց տարածված երեւույթ է։
Բժշկի խոսքով՝ մարմնի զանգվածի փոփոխությունները կապված են ինսուլինի աշխատանքի խանգարումների հետ։ Ինսուլինը հորմոն է, որը սննդից գլյուկոզան տեղափոխում է բջիջներ, որտեղ այն կուտակվում է որպես էներգիայի աղբյուր։ 1-ին տեսակի դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձն արտադրում է անբավարար ինսուլին (կամ ընդհանրապես չի սինթեզում այնը), ինչը հյուծում է ճարպային պաշարները եւ մկանային հյուսվածքը:
Բացի այդ, այս հիվանդության դեպքում օրգանիզմը փորձում է վերացնել ավելորդ գլյուկոզան ավելի շատ մեզի արտադրությամբ: Հեղուկի կորուստը կարող է հանգեցնել ջրազրկման՝ խորացնելով քաշի կորուստը:
Անսպասելի նիհարելը կարող է վկայել նաեւ վահանաձեւ գեղձի խնդիրների մասին: Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր Բոլերթը նշել է, որ այդ ոչ մեծ օրգանն արտադրում է յոդ պարունակող հորմոններ (յոդտիրոնիններ), ինչպիսին են տետրայոդտիրոնինը եւ տրիյոդտիրոնինը: Դրանցից մի քանիսի ավելցուկը կարող է հանգեցնել նյութափոխանակության արագացման եւ քաշի կորստի՝ չնայած ախորժակի ավելացմանը:
Բժիշկն ավելացրել է, որ վահանաձեւ գեղձի աշխատանքի խափանումների այլ նշաններն են սրտխփոցի հաճախակիացումը, ձեռքերի դողը, հոգնածությունը եւ լուծը։