Հայկական Zulal գինին Վալենտինի օրվա լավագույն սպիտակ գինիների շարքում է՝ ըստ TastingTable-ի
«Եթե ձեր ռոմանտիկ հարաբերությունները հիմնված են նոր բաներ փորձելու պատրաստակամության վրա, գուցե ցանկանաք դիտարկել հայկական սպիտակ գինին»,-գրում է Լյուսիա Կապրետտին TastingTable-ի՝ Սուրբ Վալենտինի օրվա լավագույն սպիտակ գինիների մասին հոդվածում:
Հեղինակը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահին հայտնի գինեգործարանը, այսօր այն դեռևս առաջատար դիրքեր չի զբաղեցնում գինու միջազգային շուկայում։ Այնուամենայնիվ, «Ոսկեհատ» ավտոխտոն սպիտակ սորտի գինին հրաշալի հնարավորություն է մեկ բաժակում համադրելու հազարամյա պատմությունն ու յուրահատուկ համերը։
Zulal Voskehat-ը, որն արտադրվում է Zulal Winery-ի կողմից, աճեցվում է հրաբխային հողերի բարձրադիր խաղողի այգիներում՝ գինուն տալով առանձնահատուկ բնույթ և նրբագեղություն: «Զուլալ» անունը հայերեն նշանակում է «մաքուր», ինչը, ըստ հեղինակի, արժեքավոր հատկություն է թե՛ գինեգործության, թե՛ հարաբերությունների մեջ։
Գինին հարուստ մարմին ունի, դրա ծաղկեփունջը բացահայտում է խնձորի, տանձի և ցախկեռասի նոտաներ՝ լրացված բաց բուսական երանգներով։ Այս հարուստ, բայց հավասարակշռված բնութագիրը այն դարձնում է ոչ միայն սննդի հիանալի ուղեկցում, այլև կատարյալ խմիչք սիրելիի հետ հանգիստ զրույցի համար:
Կապրետտին առաջարկում է առավելագույնի հասցնել երեկոյի էքսպերիմենտալիզմը և պատրաստել հայկական տոնական ընթրիք՝ կատարյալ լրացում մեկ բաժակ Zulal Voskehat-ին: