Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրումը դեռ չի սկսվել. Ծաղիկ Վարդանյան
2025 թվականի առաջին ամիսը վերջանում է, սակայն դեռ բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրումը չի սկսվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք ՀԿ համահիմնադիր Ծաղիկ վարդանյանը։
«Հետաքրքիր է, ի՞նչ հիմքերով են սոցիալապես անապահով և հատուկ խմբերի շահառուները բուժվում, «ավանդույթի» համաձայն բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարությունից բանավո՞ր են հրահանգվում: Հավանաբար, 2024թվականին լիազոր մարմնի ղեկավարները ժամանակ չունեին արտերկիր գործուղումների ընդմիջումներում զբաղվելու առողջապահության նախարարության ամենակարևոր հարցով՝ պետական պատվերով:
Իսկ ինչո՞ւ իրենց նեղություն տան, միևնույն է, իրենց կողմից բոլոր ձախողումները, բացթողումները, ժամկետների խախտումները «ներվում» է:
Այժմ ըստ էության՝ ի՞նչ է կատարվում պետական պատվերի տեղադրման գործընթացում.
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների հայտարարությունների ամբողջովին «փոխվել է» պետական պատվերի տեղադրումը, հաստատվել է հրապարակային օֆերայի պայմանագիր,ծառայության գներ (որը խնամքով թաքցնում են, հանկարծ մարդ չտեսնի) և ալն:
Բայց արի ու տես, այս «նորագույն» պետպատվերը ընդամենը նոստալգիկ հետքայլ է դեպի 2016-2017 թվականներ, երբ համարյա նույն ձևաչափով ԲԿ-ներից պահանջում էին լայնածավալ տեղեկատվություն՝ անհասկանալի վերլուծականների համար: Հաջորդիվ, հաշվի առնելով համակարգային մի շարք խնդիրներ 2019-2020 թվականներին պետական պատվերի տեղադրումը պարզեցվեց, անգամ ներդրվեց պարզ հայտի ձևաչափ՝ ԱԱՊ օղակի, մարզային, հիվանդանոցների համար:
Հիմա, առողջապահության նախարարության կառավարիչները շրդարձարձային հակառակն են անում՝ «հաճույքով» կրկնում են այդ ոչ վաղ անցյալում իրեն չարդարացրած, ԲԿ-ների համար ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնող, բյուրոկրատական մոտեցումները: Ավելին, մի քայլ առաջ են անցել և ձևակերպել այնպիսի դրույթներ, որի արդյունքում իրենց համար «անցանկալի» ԲԿ-ներին պետական պատվերից զրկելու են, նրանց աշխատանքները խաթարելու են՝ ընդհուպ մինչև սնանկացում:
Պայմանագրում և ընդհանուր և լրացուցիչ պայմանների գնահատման ցուցանիշներում (հիմա այդպես են անվանում իրենց կողմից պահանջվող տեղեկատվությունը), այնպիսի դրույթներ են ամրագրել, որ ցանկացած ԲԿ-ի հետ, երբ կկամենան կարող են խզել պայմանագիրը, զրկել պետական պատվերից՝ արդյունքում սնանկացնել նրանց:
Սա լավ զգեստավորված թակարդ է և դրա նպատակն է.
- Առաջինը՝ առողջապահության նախարարության կառավարիչներին առնչվող բիզնեսների մրցակիցներին շարքից հանել,
- Երկրորդ՝ ամբողջ համակարգին տեռորի մեջ պահել և պարտադրել կատարել առողջապահության նախարարության բոլոր անտրամաբանական հանձնարարակաները, ծրագրերը:
- Երրորդ՝ պատժել իրենց հակառակվողներին:
Այս պետական պատվերի պայմանագիրը և իրենց խուճուճ պահանջ պայմանները Դամոկլյան սուր է, որ ճոճվում է առողջապահական համակարգի գլխին:
Էլ չասեմ, որ առողջապահության նախարարությունը մի կողմից թվայնացման մասին է թմբկահարում, մյուս կողմից ամբողջ ժամանակ նոր, տարաբնույթ իրար հակասող տեղեկանքներ, ձևաթղթեր է պահանջում, մտածածին պահանջներ ավելացնում՝ որպես իրենց աշխատանքի ապացույց:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն քանի դեռ չի կիրառվել այս խայտառակությունը, հանձնարարեք վերանայել այն, պարզեցնել, հանել բոլոր թակարդները, հստակեցնել իրավունքների և պարտականությունների տիրույթը:
Իսկ որպես ապացույց, որ այս բոլոր նոր պահանջները ընդամենը աշխատանքի իմիտացիա է, առաջարկում եմ ուսումնասիրել սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության ձևը: Ներկայացնեմ, միայն տվյալ տեսակի լիցենզիան բավարար է, որ կազմակերպությունը ներառվի ցուցակի մեջ: Եվ փաստում եմ,որ 2017թվականից մինչև հիմա բողոք, անորակ սպասարկում կամ այլ հարցեր չի արձանագրվել: Ահա ձեզ իրեղեն ապացույց, որ առողջապահության նախարարության այսօրինակ «նորարարությունները» բացառապես տանելու են կոռուպցիոն սխեմաների ձևավորման և անձնական դիվիդենտների շահման դաշտ:
Նաև առաջարկում եմ հանձնարարել առողջապահության նախարարությանը հստակեցնել ով/ովքեր են վերլուծելու օֆերտայի համար պահանջվող ծավալուն տեղեկատվությունը (ներկայացված է ստորաբաժանումերը):
ՀՀ առողջապահության նախարարություն, ցավով արձանագրում եմ, որ 2017թվականի ձևաչափերը դիզայնի և իմաստային առումով ավելի լավն էին, իսկ ԲԿ-ներից բիզնես ծրագիր չեք պահանջում, որ մի փոքր տարբերվեք, թե «մոռացե՞լ» եք:
Լավ, ձեր պահանջած տեղեկատվության մեծ մասը «Արմեդ» համակարգում առկա է, ինչու՞ ինքներդ չեք վերլուծում: Եթե այսպես անհարկի ամեն ինչ ԲԿ-ների վրա եք բարդելու, քանի՞ կոպեկ արժի ձեր առողջապահության համակարգի թվայնացումը:
Հ.Գ. Տպավորություն է որ առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ փորձարկում են, ռուբիկ/կուբիկ են խաղում, որտեղ կբարակի, այնտեղ էլ թող կտրվի, կասեն՝ ժողովուրդն էր մեղավոր», – գրել է նա։