Քոնան Օ’Բրայենը կստանա Մարկ Տվենի մրցանակ՝ ամերիկյան հումորի համար
Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնը Քոնան Օ՛Բրայենին ընտրել է ամերիկյան հումորի 26-րդ Մարկ Տվենի մրցանակը ստանալու համար, հայտնում է CNN-ը։
Մրցանակը, որը կրում է աշխարհի մեծագույն հումորիստներից մեկի անունը, կհանձնվի մարտի 23-ին Քենեդու կենտրոնի համերգասրահում կայանալիք գալա-համերգի ժամանակ։
«Չորս տասնամյակ շարունակ Քոնան Օ’Բրայենը խելացի, հիմար, խորաթափանց և զվարճալի իր յուրահատուկ համադրությունը բերեց մեր տներ», — ասել է Ջոն Ֆ. Քենեդու Կատարողական արվեստի կենտրոնի նախագահ Դեբորա Ֆ. Ռաթերը: «Քոնանը նորարաությունների և վերահայտնագործության վարպետ է, անընդհատ ընդլայնում է հորիզոնը՝ նոր կատակերգական բարձունքներ փնտրելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մարտի 23-ին համերգասրահում ոգեշնչող երեկոյով հարգելու նրա հսկայական ժառանգությունն ու մնայուն ազդեցությունը»:
Բնականաբար, ուշ երեկոյան հաղորդման նախկին հաղորդավարն իր ուրախությունն արտահայտել է հումորային հայտարարությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Մարկ Տվենի անվան մրցանակի առաջին դափնեկիրը, ով ճանաչվել է ոչ թե հումորի, այլ գետում լողացող նավակի լոցմանի իմ աշխատանքի համար»,- ասել է Օ՛Բրայենը։
Մրցանակը «պատվում է այն անհատներին, որոնք երկարատև ազդեցություն են ունեցել ամերիկյան հասարակության վրա, ինչպես 19-րդ դարի վիպասան և էսսեիստ Սամուել Կլեմենսը, որն ավելի հայտնի է որպես Մարկ Տվեն»:
«Որպես սոցիալական մեկնաբան, երգիծաբան և կերպարների ստեղծող՝ Կլեմենսը հասարակության անվախ դիտորդն էր, ով ուրախացնում և տեղեկացնում էր հանդիսատեսին սոցիալական անարդարության և անձնական հիմարության վերաբերյալ իր անզիջում հայացքներով», — ասվում է մրցանակաբաշխության մամուլի հաղորդագրությունում:
Օ’Բրայենը կստանա քանդակագործ Կարլ Գերհարդտի (1853-1940) Մարկ Տվենի 1884 թվականի բրոնզե կիսանդրիի կրկնօրինակը:
Նախորդ ստացողների թվում են եղել Ռիչարդ Փրայորը, Վուպի Գոլդբերգը, Բոբ Նյուհարթը, Լիլի Թոմլինը, Բիլի Քրիսթալը, Քերոլ Բերնեթը, Էդի Մերֆին, Բիլ Մյուրեյը, Դեյվիդ Լետերմանը, Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը, Ադամ Սենդլերը և Քևին Հարթը: