X Factor-ից մինչեւ «Դեպի Եվրատեսիլ» ու «Նոր Ալիք». Տյոմը՝ մրցութային ուղու, այցեքարտ դարձած գանգուրների ու ապագա ծրագրերի մասին
Գանգրահեր, աշխույժ ու միշտ ժպտադեմ Տյոմին հեռուստադիողներից շատերը սկսեցին ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» նախագծից, սակայն երգչի ճանապարհն ավելի երկար է եղել: Մրցույթից կարճ ժամանակ անց նա սկսեց հանդես գալ OnPlay խմբի կազմում, իսկ այժմ կենտրոնացած է անհատական կարիերայի շուրջ: NEWS.am STYLE-ը Տյոմի հետ քննարկել է նրա անցած ուղին, մրցութային ճանապարհն ու ներկայիս ծրագրերը:
Մինչ X Factor-ը
Տյոմն իր գործունեությունը սկսել է շատ վաղուց՝ 2008 թ-ից, երբ արդեն ուներ հեղինակային երգ, այնուհետեւ ներկայացրեց նաեւ տեսահոլովակներ: Նա է նաեւ «Եռաչափ սեր» սերիալի հայտնի սաունդթրեքի կատարողը: «X Factor-ին մասնակցեցի բանակից վերադառնալուց հետո, եւ այնտեղից ավելի շատ մարդ սկսեց ինձ ճանաչել՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Չեմ վախենա ասել, որ այդ նախագծից հետո մինչ օրս մարդիկ ինձ հիշում են»,-ասում է երգիչը:
Տյոմը մասնագիտությամբ հենց երգիչ է: Իր գործունեությունը սկսել է Երգի պետական թատրոնին կից ստուդիայից (2007-2009 թթ), որից հետո մասնագիտական կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: «Սկզբում այլ մասնագիտությամբ էի ուզում շարունակել. մտածում էի բժիշկ դառնալ, կամ տնտեսագետ, բայց վերջում որոշեցի, որ իմը երգելն է, երաժշտությունը»,-հիշում է նա:
Տյոմի մրցութային ուղին բավական երկար է՝ «X Factor»-ից մինչեւ «Դեպի Եվրատեսիլ» ու «Նոր Ալիք»:
«Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն կա, բայց հայացքներս փոխվել են
««Դեպի Եվրատեսիլին» մասնակցելիս ես չեմ մտածել, որ պետք է գնամ «Եվրատեսիլ»: Դա, պարզապես հարթակ էր ինձ համար: Ցանկությունը մեծ էր, իհարկե, բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այն ժամանակ դեռ պատրաստ չէի»,-ասում է նա ու հավելում,-««Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն, երեւի, բոլորի մոտ կա: Մեկի համար դա, գուցե, երազանք է, մյուսի համար՝ պարզապես ցանկություն, բայց վստահ եմ՝ բոլորն էլ կուզեին լինել այդ բեմում, ելույթ ունենալ միլիոնավոր հանդիսատեսի առաջ: Չեմ ժխտում՝ իհարկե ինձ մոտ էլ կա ցանկություն մասնակցելու, բայց հիմա հայացքներս փոխվել են: Կարծում եմ՝ դեռ շատ պետք է աշխատեմ, որովհետեւ այս փուլում սկսում եմ ավելի շատ զարգացնել անհատական կարիերաս, իսկ թե ինչ կլինի հետո, Աստված կուղղորդի»:
Երկրորդ անգամ «Նոր Ալիք»-ում
Երգիչն այս տարի երկրորդ անգամ եղավ «Նոր Ալիք»-ում, բայց, ի տարբերություն, 2019 թ-ի, նա ոչ թե մասնակից էր, այլ աջակցում էր մրցույթում Հայաստանի այս տարվա պատվիրակ Անահիտ Հակոբյանին, որին հաջողվեց պատվավոր հաղթանակը բերել Հայաստան:
«Եթե Անահիտը չմասնակցեր, ես, վստահորեն, չէի լինի «Նոր Ալիք»-ում: Գիտե՞ք, դա այնպիսի մրցույթ է, որտեղ կողքիդ պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր, իսկապես, քեզ համար հարազատ են, քանի որ լարվածությունը շատ մեծ է: Բայց ասեմ, որ շատ հետաքրքիր էմոցիաներ ապրեցի: 2019-ին, երբ մասնակցում էի մրցույթին, այլ կերպ էի նայում այդ ամենին: Բայց երբ անցնում են տարիներ, եւ դու որպես հյուր ես գնում, ամեն բան այլ կերպ է դառնում: Ի դեպ, մեզ ամբողջ անձնակազմը շատ ջերմ ընդունեց, անգամ ինձ հրավիրեցին երգելու իրենց after party-ներին: Ուրախացնող էր այն փաստը, որ ինձ դեռ այնտեղ հիշում են: Անսահման երջանիկ էի նաեւ Անահիտի հաղթանակի համար: Մեզ համար այնտեղ տոն էր, ամենուրեք մեր անուններն էին հնչում»:
Տյոմը հիշեց նաեւ Hello ամսագրի երեկույթը, որին ինքն էլ էր հրավիրված:
«Հաղորդավարուհին Լերա Կուդրյավցեւան էր, որը հիշեցրեց, որ 2019 թ-ին ես էի Հայաստանի ներկայացուցիչը: Եվ երբ ես ավարտեցի ելույթս, ասացի, որ ուզում եմ շնորհավորել քույրիկիս, ով այս տարի հաղթեց մրցույթում: Լերան խառնվեց իրար, ասաց՝ «Չեմ հասկանում՝ այս ի՞նչ ընտանիք է»: Նա մտածեց, թե հարազատ քույր ու եղբայր ենք, քանի ու երկուսս էլ կրում ենք Հակոբյան ազգանունը»,-ժպիտով պատմում է երգիչը:
Այցեքարտ դարձած մազերը
Տյոմի կերպարային այցեքարտը վաղուց դարձել են երկար, գանգուր վարսերը: Երգիչն ասում է՝ այս պահին իրեն չի պատկերացնում այլ սանրվածքով, բայց փոփոխություններին դեմ չէ:
«Արդեն 9 տարի է՝ այս սանրվածքն ունեմ: Այս պահին կերպարային փոփոխություն չեմ պատկերացնում, թեեւ փորձարկումներին կողմ եմ: Իհարկե, գուցե, լինի նախագիծ, որի համար հարկավոր լինի, որ փոփոխության դիմեմ՝ կտրեմ մազերս, կարճացնեմ եւ այլն, քանի որ արտիստների դեպքում փոփոխությունները երբեմն անհրաժեշտ են հանրությանը հետաքրքիր լինելու համար»:
Գործունեությունն ԱՄՆ-ում
Այս շրջանում երգիչը Լոս Անջելեսում է: Չգիտի, թե դեռ որքան կմնա այնտեղ, բայց արդեն հասցրել է ձեռք բերել ծանոթություններ, ունենալ համագործակցություններ: «Շատ նորություններ կան, բայց առայժմ չեմ ցանկանում գաղտնիքները բացահայտել, դրանք, վստահաբար, տեսանելի են լինելու մարդկանց: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա, որպեսզի հանդիսատեսին հանձնեմ նոր աշխատանքներ, եւ վստահ եմ, որ 2025-ը գերշքեղ է լինելու, քանի որ շատ անակնկալներ ունեմ պատրաստած»:
2024-ի ձեռքբերումներն ու 2025-ի ծրագրերը
2024-ը, Տյոմի խոսքով, իր համար եղել է ձեռքբերումների տարի: «Կյանքումս բեկումնային փոփոխություններ եղան: Շատ բաներ ձեռք բերեցի, որոնց տարիներով սպասում էի: 2025-ի հետ կապված շատ ծրագրեր ունեմ, որոնք արդեն սկսել եմ իրագործել: Փոխել եմ մարտավարությունս. այսուհետ միայն աշխատանքի լինելուց հետո եմ խոսելու արդյունքի մասին, իսկ անակնկալները շատ մոտ են»:
Նոր տարում երգիչն իր հայրենակիցների մաղթում է շատ սեր ու միասնականություն:
«Հայերին մաղթում եմ, որ միշտ բարի գործեր անենք, փորձենք միմյանց սիրել: Սրանք պարզապես խոսքեր չեն, քանի որ երբ գալիս ես օտար երկիր, հասկանում ես, թե որքան կարեւոր է այդ համախմբվածությունը, բարությունը, դրա համար գնալով համոզվում եմ, թե որքան կարեւոր է միմյանց աջակցելը»,-նշում է նա:
Սյունե Առաքելյան