Հանս-Դիտեր Ֆլիկը որակազրկվել է
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, որը «Բետիսի» դեմ Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում (2:2) մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ էր ստացել։
Ֆլիկը ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության երկու հանդիպում։ «Բարսելոնան» իրավունք ունի 10 օրում բողոքարկել կոմիտեի որոշումը։
Մրցավարի զեկույցում նշվել է, որ Ֆրենկի Դե Յոնգի կողմից խախտման եւ կատալոնական թիմի դարպասին 11-մետրանոց հարվածի նշանակման դրվագում Ֆլիկը «դուրս է եկել տեխնիկական գոտուց, բղավել է, ժեստեր է ցույց տվել մրցավարական որոշման դեմ»։