Սիմոն Աբգարյանին շնորհվել է Ֆրանսիայի մշակույթի պատվավոր գործչի կոչումը
Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սիմոն Աբգարյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինի կողմից ստացել է Ֆրանսիայի մշակույթի պատվավոր գործչի կոչումը։ Այս մասին հայտարարվեց երեկ՝ Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհում» ներկայացման պրեմիերային, որը տեղի ունեցավ Երեւանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ներկայացման երեւանյան պրեմիերային ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, որը նշեց՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, ուրախ է, որ նման խումբ է եկել Հայաստան, «որոնք կարողացան բոլորին կենտրոնացնել իրենց արվեստի շուրջ»:
Սիմոն Աբգարյանն այսօր Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ այն կապող օղակն է, որն ինչպես Ազնավուրը՝ կարող է համարվել 100% հայ եւ 100% ֆրանսիացի, նկատեց ՀՀ կրթության, գիտությնան, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Տարիներ առաջ Ազնավուրը, ով ֆրանսիական մշակույթի համար մեծ գործեր էր արել, մի շատ ճշգրիտ նախադասություն ասաց՝ «Ես չեմ կարող ընտրել հայ կամ ֆրանսիացի լինելու մեջ, ես 100 տոկոս հայ եմ ու 100 տոկոս ֆրանսիացի»: Երբ մեծն Շառլը հեռացավ մեզանից, մտածում էինք՝ այս մշակութային կապերը պահողը, այդ 100 տոկոս հայն ու ֆրանսիացին ո՞վ է լինելու: Ինձ թվում է այսօր մենք գտանք, թե ով՝ Սիմոն Աբգարյանը»,-հավելեց Դանիելյանը։