Մոտ 10 րոպե հոտնկայս օվացիաներ եւ հիացմունքի խոսքեր. Սիմոն Աբգարյանն առաջին անգամ Երեւանում ցուցադրեց իր հեղինակային ներկայացումը (ֆոտո/վիդեո)
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսերեն էր հնչում, իսկ հանդիսատեսը լուռ հետեւում էր, թեեւ մեծ մասը չէր հասկանում լեզուն եւ փորձում էր կարդալ ենթագրերը: Բայց դա չխանգարեց նրանց վայելել ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը, որը Երեւանում կայացավ Երեւանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով:
Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ եւ տպավորիչ խորեոգրաֆիայով։ Բեմում Աբգարյանի Քոմքանի դե սընք ռու (Compagnie des 5 roues) թատերախումբն էր։ Ինքը՝ դերասանը, եւս դերակատարում ուներ ներկայացման մեջ: Աբգարյանի հեղինակային ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ աշխարհի մի շարք երկրներում։ Երեւանյան հանդիսատեսը եւս բարձր գնահատեց ներկայացումը, ինչի ապացույցն էին ավարտից հետո մոտ 10 րոպե տեւած անդադար ծափերը, որոնք դերասաններին ստիպում էին նորից ու նորից բեմ վերադառնալ:
«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից եւ հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։ Ներկայացումն ուղեկցվում է Howlin’ Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով եւ ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին:
«Երբ մենք հիմնում էինք Երեւանյան միջազգային թատերական փառատոնը, բնականաբար մեզ չէին հավատում եւ չէին վստահում: Դեռ այն ժամանակ մեր նպատակն էր Երեւան բերել լավագույններին, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվում է դա, եւ ուզում եմ փառատոնի անունից խորին շնորհակալություն հայտնել Սիմոն Աբգարյանին եւ նրա ամբողջ թիմին, նրա հրաշալի արտիստներին, գործընկերներին, ովքեր մեզ հետ անցան շատ հետաքրքիր ճանապարհ, եւ մենք այսօր տեսնում ենք մեր հանդիսատեսի ուրախ դեմքերը»,-ներկայացումից հետո նշեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Ներկայացման երեւանյան պրեմիերային ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, որը նախօրեին Աբգարյանին շնորհել էր Ֆրանսիայի մշակույթի պատվավոր գործչի կոչումը: Նա նշեց՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, ուրախ է, որ նման խումբ է եկել Հայաստան, «որոնք կարողացան բոլորին կենտրոնացնել իրենց արվեստի շուրջ»:
Սիմոն Աբգարյանն այսօր Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ այն կապող օղակն է, որն ինչպես Ազնավուրը՝ կարող է համարվել 100% հայ եւ 100% ֆրանսիացի, նկատեց ՀՀ կրթության, գիտությնան, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Երկրորդ անգամն է, որ դիտում եմ այս ներկայացումը, բայց մտածում էի, որ ուզում եմ նորից ու նորից տեսնել այն: Հասկացանք, որ այս աշխատանքում ամենաարեւոր գործոնը բեմադրողի գործն է: Մեծ աշխատանք է կատարված, ինչը զգացվում է: Չնայած ֆրանսերեն երկար տեքստերին, ներկայացումը հասկացվեց հենց բեմադրական մեծ աշխատանքի շնորհիվ»,-իր խոսքում նշեց նա՝ վերհիշելով՝ ինչպես են կայացրել ներկայացումը Հայաստան բերելու որոշումը:
«Անցած տարի էր, երբ Սիմոնը եկավ Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ, հանդիպեցինք տարբեր կառույցների ու հիմնարկների ներկայացուցիչների, խոսեցինք եւ անպայման ցանկացանք, որ Սիմոնն իր ֆրանսիական թիմով լինի Հայաստանում, ցույց տա իր արվեստն ու մեզ էլ մոտիվացիա տա, որ մենք էլ ձգտենք դրան: Վստահ եմ, որ մենք էլ ունենք այդ ռեսուրսները, որպեսզի կարողանանք այսպիսի բարձր մակարդակով ներկայացում ստեղծել: Տարիներ առաջ Ազնավուրը, ով ֆրանսիական մշակույթի համար մեծ գործեր էր արել, մի շատ ճշգրիտ նախադասություն ասաց՝ «Ես չեմ կարող ընտրել հայ կամ ֆրանսիացի լինելու մեջ, ես 100 տոկոս հայ եմ ու 100 տոկոս ֆրանսիացի»: Երբ մեծն Շառլը հեռացավ մեզանից, մտածում էինք՝ այս մշակութային կապերը պահողը, այդ 100 տոկոս հայն ու ֆրանսիացին ո՞վ է լինելու: Ինձ թվում է այսօր մենք գտանք, թե ով՝ Սիմոն Աբգարյանը»:
Աբգարյանն էլ իր հերթին կատակեց՝ «Դեռ Սիմոն Աբգարյան լինեմ, հետո կմտածենք մնացածի մասին»: Նա հավելեց, որ երիտասարդ տարիքից ընտրել է թատրոնը ու «թատրոնի տղա» է իրեն համարում:
«Ես թատրոնի տղա եմ, թատրոնն ու թատրոնի լեզուն են ինձ կառուցում: Երբ երիտասարդ էի, հաճախ կասկածում էի՝ ինչպե՞ս եմ անելու, բայց մի բան գիտեմ՝ կոլեկտիվ գործի մեջ պետք է լինի արվեստի պահանջ եւ ճշմարտություն: Պետք է հստակ լինենք մեր արվեստի մեջ: Մենք աշխատել ենք այս ներկայացման շուրջ այդպես, եւ այստեղ գտնվող յուրաքանչյուր դերասան արդեն ստեղծագործ անհատ է՝ իր պատմությամբ, կյանքով, ներկայով ու անցյալով: Դերասանները տարբեր երկրներից են եկել՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Անգլիայից, Իտալիայից, Լիբանանից… բայց մեր բոլորիս ջուրը թատրոնն է…»,-հավելեց նա:
«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը Սուդուկյանի բեմում կլինի նաեւ այսօր՝ դեկտեմբերի 6-ին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը