Լեոնարդո դի Կապրիոն Երեւանո՞ւմ է

0

Փողոցներում անցորդները զարմացած շրջվում են՝ մի՞թե սա անձամբ հոլիվուդյան աստղն է: Պարզվեց, որ նա Լեոյի ռուս նմանակն է՝ դերասան Ալեքսանդր Յասենը (Յացենտյուկ), ով եկել է Հայաստան՝ նկարահանումների։

Ալեքսանդր, Լեոնարդո դի Կապրիոյի կերպարով դուք շատ եք ճանապարհորդում Ռուսաստանում, մասնակցում գովազդային արշավների և խոշոր կորպորատիվ միջոցառումների: Իսկ «Լեո, սիբիրյան հանգամանքներ» ֆիլմում նկարահանվելուց հետո ամերիկյան դերասանի դուբլյորի Ձեր կարիերան նոր մակարդակի հասավ՝ սկսեցիք նրան մարմնավորել ֆիլմերում։ Հայաստան եւս նկարահանումների համա՞ր եք եկել:

Այո, այստեղ ես նկարահանումների շարք ունեմ։ Նախ, GRACE GROUP հյուրանոցների ցանցի հրավերով մենք նկարահանում ենք գովազդային հոլովակ նոր զբոսաշրջային գրավչության համար հայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձորում: Ես այնտեղ մարմնավորում եմ Դի Կապրիոյին, ով, ըստ ռեժիսորի, այնտեղի տերն է։

Հոլիվուդյան աստղը վերահսկում է շինարարության ընթացքը, սակայն վերանորոգման աշխատանքների ժամանակ նա ստիպված է լինում միանալ աշխատանքին՝ շինանյութով տոպրակ տանել, ինչ-որ բան պտուտակել ու ամրացնել։ Այսինքն՝ խիստ սմոքինգը պետք էր նոսրացնել շինարարական սաղավարտով։ Իմ կարծիքով, պետք է, որ հետաքրքիր լինի։

Երկրորդ նկարահանումը «Կինոդարան» կինոընկերության «Գաղտնի խաղեր» սերիալում է, որի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։ Ես այնտեց եւս խաղում եմ Լեոյին, բայց դեռ չեմ կարող բացահայտել ֆիլմի սցենարը, դա գաղտնիք է։

Առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

Այո, սա իմ առաջին ճամփորդությունն է ձեր երկիր, բայց ես լիովին զգում եմ հայկական հյուրընկալությունը։ Իհարկե, ուզում էի ավելի շատ ճանապարհորդել, տեսնել սարեր, գեղեցիկ բնապատկերներ, գյուղեր, հինավուրց վանքեր, բայց, ցավոք, նկարահանումների ժամանակ ծանրաբեռնվածության պատճառով էքսկուրսիաները չստացվեցին։ Սակայն Զվարթնոց հասնելու և Երևանով մեկ շրջելու առաջին վայրկյանից զգացվում էր էներգիայի աննախադեպ աճ։

Օդանավակայանից քաղաք մտնելիս պարզապես ֆանտաստիկ էմոցիաներ ունեցա՝ տեսնելով գեղեցիկ հնագույն շենքեր՝ այնքան մոնումենտալ, ամուր, որոնք խոսում են Երևանի հարուստ պատմության մասին: Ձեզ անմիջապես դիմավորում են հայկական երկու հայտնի գինու և կոնյակի գործարանները, երկրի ապրանքանիշը. ընդհանուր առմամբ տպավորությունն անհավատալի է։

Երևանը բավականին մեծ և հետաքրքիր քաղաք է, ի տարբերություն փոքր պետությունների շատ մայրաքաղաքների, մի օրում ոտքով չես կարող շրջել։ Այստեղ կանգնում ես այն փաստի առաջ, որ երբ հարցնում ես՝ ինչպես հասնել կենտրոն, քեզ պատասխանում են. «Դուք արդեն կենտրոնում եք»: Կան բավականին անսովոր վայրեր, օրինակ՝ հնագույն Կոնդ թաղամասը։ Երբ ես վերադառնում էի հյուրանոց, նավիգատորն ինձ տարավ, առաջին հայացքից, տարօրինակ, ճանապարհով. խորհուրդ տվեց գնալ նեղ սանդուղքով, իսկ երբ բարձրացա այնտեղ, ասես ներկայից այլ ժամանակաշրջան տեղափոխվեցի։ Մեկ այլ իրականության մեջ՝ հինավուրց խարխուլ շենքեր, փոքրիկ տներ` իրար վրա, նեղ փողոցներ…

Ամենահետաքրքիրն այն է, որ ես իրականում գնացի ուղիղ դեպի իմ նպատակակետը: Ափսոս, որ չհասցրի հասնել Կասկադ և Մայր Հայաստանի հուշարձան…

Արդեն հասցրե՞լ եք տեսնել վանքերը։ Հայաստանը, որպես քրիստոնեություն ընդունած առաջին երկրներից մեկը, հայտնի է դրանցով։

Առայժմ եղել եմ միայն Ծաղկաձորի հինավուրց Կեչառիս վանքում․ հյուրանոցը, որտեղ մենք նկարահանել ենք ֆիլմը, անվանակոչվել է դրա անունով։ Իհարկե, ես առիթը բաց չթողեցի տեսնելու 13-րդ դարի այդ տաճարը՝ դերն ավելի լավ հասկանալու համար։ Հուսով եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է, չգիտես ինչու, վստահ եմ, որ մեկ անգամ չէ, որ կվերադառնամ այստեղ։

Հասցրե՞լ եք փորձել ազգային ուտեստներ, մի բան, որը նախկինում երբեք չեք կերել:

Իհարկե, այստեղի խոհանոցն անհամեմատելի է, ես շատ բան եմ փորձել, բայց, ավաղ, ճաշատեսակների անունները չեմ հիշում։ Ռեստորաններից մեկում ինձ նուռով տաք աղցան առաջարկեցին։ Երբ սկսեցի այն ուտել, հասկացա, որ Ռուսաստանում այն ​​կհամարվի տաք մսով ուտեստ՝ շատ բարձրորակ, պարզապես շոգեխաշած, որը հալվում է բերանումդ։ Հյուրանոցի ռեստորանում ինձ դուր է գալիս տոլման: Ընդհանրապես, ամեն ինչ թոփ-հնգյակում է, ներառյալ, իհարկե, գինիներն ու կոնյակները, չնայած ես ալկոհոլի մեծ սիրահար չեմ…

Լեոյի Օսկարը ոսկի է, իմը՝ արծաթ

Անդրադառնանք դերասանի և նմանակի Ձեր կարիերային: Որտեղի՞ց է ծագել Լեոնարդո Դի Կապրիոյի դուբլյորը դառնալու գաղափարը։

Ես ինձ Լեոյի դուբլյորը չեմ համարում՝ ավելի շուտ դերասան և նմանակող եմ, չնայած, իհարկե, նմանություններ կան: Ես կարող եմ նմանվել Ջոնի Դեփին և Բրեդ Փիթին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կերպար եմ խաղում: Արվեստագետը նկարիչ է, որը կարող է ինքն իրեն վերափոխել: Ավարտել եմ ГИТИС-ը, հետո սովորել ռեժիսուրայի ֆակուլտետում, ուսուցիչս հայտնի բեմադրիչ Մարտիրոս Ֆանոսյանն էր (և նորից Հայաստան և տաղանդավոր հայեր), ով ինձ շատ լավ հմտություններ է փոխանցել։ Ես դեռ օգտագործում եմ, այսպես կոչված, ֆանոսյանական մեթոդը, որով սովորել եմ մոնտաժի փուլում կտրել այն ամենը, ինչ ավելորդ է կադրում։ Ես խաղացել եմ ֆիլմերում, խաղացել եմ թատրոնի բեմում, իսկ 2016-ին, բոլորովին պատահաբար, իմ կյանքում հայտնվեց Դի Կապրիոյի կերպարը. հենց այդ ժամանակ հոլիվուդյան աստղը վերջապես ստացավ իր առաջին երկար սպասված Օսկարը: Թեման շատ տարածված էր, բոլորը «խաղում էին», իսկ Յակուտիայի խոշոր ընկերություններից մեկը դերասան էր փնտրում Լեոնարդոյի դերը խաղալու համար։

Ես ինքս Յակուտիայից եմ, բնականաբար, քասթինգի կազմակերպիչներն ինձ անմիջապես հիշեցին ու հրավիրեցին։ Հետո կյանքումս շատ դժվար շրջան եղավ, ես գործազուրկ էի, հանրակացարանի սենյակում նստած, ստիպված էի ինչ-որ կերպ վճարել ռեժիսուրայի ուսմանս համար, ուստի անմիջապես օգտվեցի այս հնարավորությունից։ Դա նույնիսկ ֆիլմի համար քասթինգ չէր, այլ խոշոր ընկերության կորպորատիվ միջոցառման, որտեղ, ըստ սյուժեի, Լեոյի կերպարով դերասանը պետք է գար շնորհավորելու։ Այնուամենայնիվ, այս ներկայացումը հաջողվեց և նշանավորեց Լեո-Յասեն խոշոր նախագծի սկիզբը:

Այդ ժամանա՞կ էր, որ Ձեր յակուտյան Օսկարը հայտնվեց:

Այո, թեև իմ արձանիկը ոսկի չէ, ի տարբերություն Հոլիվուդի Օսկարի, այն նաև պարզ չէ, այն ամբողջությամբ ձուլված է յակուտյան արծաթից։ Կարելի է ասել, որ նա ինձ հաջողություն բերեց։

Հենց այդ առաջին կորպորատիվ երեկույթի ժամանակ էլ միտք ծագեց ֆիլմ նկարահանել Լեոյի դուբլյորի մասին, որին շփոթում են հայտնի դերասանի հետ: Սյուժեն գրեթե հիմնված է Գոգոլի «Գլխավոր տեսուչի» վրա։ Այնուհետեւ ես գտա աջակիցներ Ալթայում, մենք նկարահանեցինք «Լեո, մենք ունենք սիբիրյան հանգամանքներ» ֆիլմը, որտեղ Դի Կապրիոն գալիս է Սիբիր և սիրահարվում տեղացի աղջկա: 

Ո՞ր Լեոյին եք կրկնօրինակում, որովհետև նա ունի շատ տարբեր դերասանական կերպարներ՝ սիրահարված ռոմանտիկից մինչև դաժան ցինիկ…

Ես երբեք չեմ կրկնօրինակում Լեոնարդո Դի Կապրիոյին, չեմ ընդօրինակում նրա ժեստերը կամ քայլվածքը, նրա կերպարում ես ինքս եմ խաղում, և մարդիկ իմ մեջ նմանություններ են տեսնում հոլիվուդյան աստղի հետ։ Ես ստեղծել եմ իմ սեփական կատակերգական կերպարը, դա միանգամից մի քանի կերպարների սինթեզ է` ինչ-որ բան Լեոյից, ինչ-որ բան ինձանից, ինչ-որ բան դրսից, ամեն ինչ կախված է նախագծից:

Ամեն անգամ մեկ այլ Լեո է ստացվում։ Ավելին, կոստյումները կամ սմոքինգը պարզապես հավելումներ են, ինձ համար կարևոր է հենց հերոսին մարմնավորելը, իսկ կերպարի մեջ մտնելու համար բավական է լսել «Պատրաստ, սկսեցինք»…

Սոֆյա Ցարևա

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

P.S. Շնորհակալություն ենք հայտնում Երևանի GRACE FORUM հյուրանոցին՝ նկարահանումների կազմակերպմանն աջակցելու համար

Leave A Reply

Your email address will not be published.