«7 Days»-ից մինչեւ «Walking Away». Քրեյգ Դեյվիդը Երեւանում ջերմ հիշողություններ արթնացրեց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սերունդների բազմազանություն է: Լեփ-լեցուն դահլիճ, եւ արտիստ, որն արդեն 25 տարի է՝ իր հավիտենական հիթերով գրավում է ինչպես իր սերնդակիցների, այնպես էլ երիտասարդների սրտերը: «7 Days», «Walking Away», «Rise and Fall»,«Insomnia» եւ այլ հիթեր Քրեյգ Դեյվիդն առաջին անգամ կատարեց Երեւանում՝ իր TS5 համաշխարհային համերգային տուրի շրջանակում:
«Մերսի շատ»,-հայերենով կրկնում էր երգիչն իր ամեն կատարումից հետո, իսկ շնորհակալության հաճախակի դրսեւորումը բացատրում էր հայ հանդիսատեսի անչափ ջերմությամբ, որով նրանք շրջապատում էին բրիտանացի մեգաաստղին:
«Չնայած առաջին անգամ եմ Հայաստանում, երաժշտությունը մեզ միավորեց»,-նկատեց երգիչը, որը բեմում միայնակ կարողացավ ապահովել դիջեյական ռիթմեր, ռեմիքսային կատարումներ եւ կրակոտ էներգիա, որով լցրեց բեմահարթակն ու հանդիսատեսին:
«Շնորհակալ եմ ձեզ սրտանց: Ինձ համար մեծ պատիվ էր այս երեկո այս բեմին լինելը: «Մերսի շատ» յուրաքանչյուրիդ:
Այս երեկոն անմոռանալի դարձրիք, եւ ես սա շատ թանկ եմ գնահատում, որ լսում եք, հաճույք եք ստանում իմ երաժշտությունից: Այս 24-25 տարիների ընթացքում ամեն անգամ բեմ բարձրանալն առաջին անգամվա պես եմ զգում»,-վերջում խոստովանեց երաժիշտը եւ խոստացավ վերադառնալ: Քրեյգ Դեյվիդի հաջորդ կանգառը Լոնդոնն է:
Համերգի նախօրեին՝ «Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում արտիստը նշել էր, որ Հայաստանում ծրագրում է մնալ մոտ մեկ շաբաթ, համտեսել հայկական ուտեստներ եւ հանդիպել շատ մարդկանց:
Քրեյգ Դեյվիդի հայաստանյան համերգը կայացավ «Հայա» փառատոնի շրջանակում: Մինչ երգչի բեմ բարձրանալը հանդիսատեսին «տաքացրեցին» DJ Smoke-ը, Լեան եւ D’Litte-ը: