Nemra-ի ու Սերժ Թանկյանի զուգերգի նախապատմությունը՝ բոլոր մանրամասներով. ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ

0

Երազանքները երբեք չեն ավարտվում, անգամ, երբ ժամանակն է ավարտվում, վստահ է Nemra խմբի վոկալիստ, կիթառահար եւ երգահան Վան (Նեմրա) Եղիազարյանը: Վանի ու Nemra-ի մյուս անդամների համար այդպիսի մի երազանք էր Սերժ Թանկյանին հանդիպելը, եւ ինչպես ասում են՝ եթե կարողանում ես երազել, ուրեմն՝ կարող ես հասնել երազանքիդ: Nemra-ի երազանքը ոչ միայն իրականություն դարձավ, այլեւ գերազանցեց բոլոր սպասումները: Համեստ քայլերով առաջ գնացող խմբի մասին մի օր իր հիացմունքն արտահայտեց անձամբ Թանկյանը, իսկ այսօր խումբը զուգերգ է թողարկել աշխարհահռչակ երաժիշտի հետ: I’m Afraid of Stars/«Ես վախենում եմ աստղերից»՝ այսպես է կոչվում երգը, որը հեղինակել է Վանը: Ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ… NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վանը պատմել է ամեն ինչ՝ ու ամենասկզբից.

Բացահայտելով ռոքը System of a down-ի միջոցով  

«Կյանքում գալիս է մի պահ, երբ բացահայտում ես ինչ-որ մի բան, որը հիմնովին փոխում է աշխարհի հանդեպ քո ընկալումը: Իմ և եղբորս՝ Վասպուրի (Nemra-ի բասս կիթառահարի) համար այդ պահը եկավ, երբ մենք առաջին անգամ լսեցինք System of a down-ին»,-հիշում է Վանը:

Ապրելով փոքր երկրում, որտեղ ռոքն այդքան էլ տարածված չէր, նրանք չէին էլ կարող պատկերացնել, թե այս երաժշտությունը ինչ ազդեցություն պիտի ունենար իրենց ապագայի վրա: 

Մի օր, հյուր գնալով զարմիկների տուն՝ Վանն ու Վասպուրը նրանց համակարգչի մեջ հայտնաբերում են SOAD-ի «Psycho» երգի կենդանի կատարումը՝ 2002 թվականի Ավստրալիայում կայացած Big day out festival-ի ժամանակ: 

«Այն, պարզապես, հոսանքահարեց մեզ»,-հիշում է Վանը,-«Դա ընդամենը երաժշտություն չէր, դա էներգիայի անսահման մեծ չափաբաժին էր, ապստամբություն, արտիստիզմ, այդ ամենը միախառնված իրար: 
Եվ երբ մենք նաև տեսանք հայոց եռագույնը հանդիսատեսի ձեռքերում ու պարզեցինք, որ խմբի բոլոր անդամները հայեր են, դա մեզ վերջնականապես ապշեցրեց: Այդ պահից սկսած մենք ընկանք կախվածության մեջ»: 

Այդ օրվանից բոլոր արթուն ժամերին եղբայրները լսում էին SOAD, ապրում այդ խմբով, կիսվում տպավորություններով ընկերների հետ։ 

«Վստահ եմ՝ շատերը կհիշեն 2000-ականների սկիզբը Հայաստանում, երբ չկար ինտերնետ, ու որեւէ ճշգրիտ տեղեկության տիրապետելը շատ բարդ էր տրվում բոլորիս։ Դե, պատկերացրեք՝ ոնց էինք ոգևորվում System of a Down-ի հետ կապված թեկուզ փոքր նորության դեպքում։ Ի դեպ, երբ մենք երկրպագու դարձանք, խումբն արդեն դադար էր վերցրել, ու ես պատկերացնում եմ, թե որքան բարդ է եղել այն երկրպագուների համար, ովքեր նախքան բաժանումն են տարված եղել իրենցով ու հանկարծ իմացել են դադարի մասին։ Իհարկե, մեզ համար ևս ցավալի էր այդ իրողությունը, բայց մենք զուգահեռ սկսեցինք լսել Սերժի և Դարոնի առանձին ալբոմներն ու ժամանակի ընթացքում այնքան ընտելացանք, որ դրանք դարձան System of a Down-ի երգերից զատ, լիարժեք ու սիրված երգեր։ Արդեն ինտերնետի՝ մեր կյանք սողոսկելուն զուգահեռ, մենք անգիր գիտեինք բոլոր կենդանի համերգներն ու, նույնիսկ, հարցազրույցները»։

SOAD-ից հետո միակ խումբը, որ մեծ ազդեցություն է ունեցել նրանց վրա՝ The Beatles-ն էր. «Հետաքրքիր է ժամանակի խաղը՝ որ մեզ համար System-ը ժամանակի մեջ առաջ էր Beatles-ից»,-ժպիտով հավելում է Վանը: 

Երաժշտության հանդեպ սերը թե Վանի, թե Վասպուրի մոտ ծնվել էր դեռ փոքրուց: Երկուսն էլ ավարտել են ջութակի դպրոցը, բայց երբ եկավ բարձրագույն կրթություն ստանալու ժամանակը և պետք էր մասնագիտություն ընտրել, նրանք որոշեցին գնալ «սովորական ուղիով»՝ Վանն ավարտեց Տնտեսագիտական համալսարանը, Վասպուրը՝ Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը: Բայց համալսարանի տարիներին երաժշտության հանդեպ սերը Nemra-ի ապագա աստղերին բաց չէր թողնում, այդ ժամանակ նրանք արդեն հասցրել էին բացահայտել բոլոր թոփ ռոք խմբերին ու սկսել էին ինքնուրույն սովորել կիթառ նվագել: Սեփական խումբ ստեղծելու միտքը հանգիստ չէր տալիս: 

«Ես մտածում էի կիթառ կնվագեմ, բայց որ հնարավոր է մի օր համարձակվեմ երգել, մտքիս ծայրով անգամ չէր անցնի, չափազանց ամաչկոտ ու լռակյաց էի: Ինչևէ, երաժշտության հանդեպ սերն ու սեփականը ստեղծելու ցանկությունն այնքան մեծ էր, որ շատ կարճ ժամանակում բոլոր բարդույթները մի կողմ քաշվեցին: Հենց այդ ժամանակ էր, երբ հանդիպեցինք Մարիաննային (Nemra-ի դաշնակահարին), որն էլ հետո մեզ ծանոթացրեց իր եղբոր՝ Մարեկի հետ (Nemra-ի թմբկահար)»:

System of a Down-ի համերգը Երևանում

«Հազարավոր երիտասարդների հետ մենք էլ կիսում էինք այն երազանքը, որ մի օր, գուցե, «Սիսթեմը» կմիավորվի ու Հայաստան կգա: Բայց քիչ էինք հավատում դրան: Առաջին անգամ մեծ հույս առաջացավ, երբ Սերժ Թանկյանը եկավ սոլո համերգով, դա էլ էր մեծ բան, բայց Հայաստանի ձայնային ու տեխնիկական պայմանները, դահլիճը… մի խոսքով մի բան կիսատ մնաց, հետո, երբ հաջորդ անգամ Սերժը եկավ ԹՈւՄՈ-ի բացմանը, ամեն ինչ ուրիշ էր, բայց այդ անգամ էլ հանդիսատեսն էր անտեղյակ, ու մեզ՝ իսկական երկրպագուներիս, շատ էր զայրացնում, որ ամբողջ համերգի ընթացքում մարդիկ գոռում են «Հայ աղջիկ, հայ աղջիկ», որը շատ գեղեցիկ երգ է Էլոն Սարաֆյանի երգացանկից, բայց քանի որ, չգիտես, թե ինչու, Սերժի նկարով էր YouTube-ում տեղադրված, բոլորը գիտեին՝ իր երգն է, ու ամբողջ համերգի ժամանակ ինքնամոռաց գոռում էին՝ խանգարելով վայելել համերգը: 

Բայց ամեն դեպքում կարողացանք վայելել մեր սիրելի երգերը ու այդ համերգը մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա»,-պատմում է Վանը:

Տարիներ անց վերջապես կայացավ System of a down-ի, այդքան սպասված, պատմական համերգը, որը, Վանի կարծիքով, համաշխարհային ռոքի պատմության մեջ «ամենաիմաստալից, սիմվոլիկ ու հզոր համերգներից է»։ 
Բայց նախքան այդ օրը, իհարկե, պետք էր տղաներին դիմավորել… Այդպես, խմբի անդամները գնացին «Զվարթնոց» օդանավակայան. Վանը հիշում է՝ առաջինը Շավոյին տեսան: 

«Նա շատ ջերմ ու հարազատի պես էր շփվում մեզ հետ, թվում էր՝ մեր եղբայրն է, ում երկար տարիներ չէինք տեսել: 

Արդեն հաջորդ օրը Դարոնին դիմավորեցինք՝ «Soldier Side»-ը երգելով: Այնքան վատ էինք երգում, որ կարծում եմ՝ Դարոնն ուզում էր շտապ գնալ այդտեղից (ծիծաղում է. հեղ.): 
Ընկերներիցս մեկն այդ օրը  մեր առաջին, 2-3 երգերով դեմո ձայնագրությունների CD-ն հասցրեց փոխանցել նրան: Շատ մեծ հույս ունեմ, որ Դարոնը չի լսել դրանք… 
Ցավոք, Սերժին ու Ջոնին չկարողացանք դիմավորել, քանի որ ինչ-որ մեկը մեզ սխալ ժամ էր ասել»:

Արդեն համերգի օրը՝ վաղ առավոտից գնացել էին, որ հնարավորինս մոտ կանգնեին բեմին։ Վանը լավ է հիշում երկար սպասումը մինչև երեկո և ուժեղ անձրևը… Վերջապես լույսերը վառվեցին «ու սկսվեց հրաշքը»: 

«Անձրևի տակ երգում էինք խմբի հետ ու շատ էլ լավ էր, որ անձրևում էր, քանի որ չէր երևում, թե ոնց ենք հուզմունքից լաց լինում։ Այս համերգից հետո մոտ մեկ ամիս քաղաքը մեզ էր պատկանում, ռաբիզ մշակույթը ընդհատակ էր անցել (հետո, իհարկե, նիվաներով «վիրուսները» կրկին տարածվեցին)»:

Սերժ Թանկյանի ծանոթությունը «Նեմրայի» երաժշտության հետ

2020 թվականին՝ Covid-ի ամենադեպրեսիվ շրջանում, Nemra-ն շարունակում էր նոր ձայնագրություններ ու տեսահոլովակներ ներկայացնել, թեև ինչպես իրենք են բնորոշում՝ բավական ծանր էր ընդհանուր տրամադրությունը, առավելապես Հայաստանում:

Հենց այդ ընթացքում Creative Armenia կազմակերպությունը հայտնեց Սերժ Թանկյանին հարց ուղղելու հնարավորության մասին։ Խմբով ուղարկեցին իրենց հարցերը, կցեցին նաև «Նարե» երգն ու «Hmm» ալբոմը։ Սերժը պատախանեց նրանց և նշեց, որ ալբոմն իրեն դուր է եկել, ու Covid-ի լոքդաունի ընթացքում պատրաստվում է լսել այն: 

«Հետաքրքիր էր, որ ոչ մի խոսք չկար մի քանի միլիոն դիտում ունեցող «Նարե» երգի մասին, ինչը մեզ շատ ուրախացրեց, որովհետև վերջապես մեկը այս ասպարեզից՝ այն էլ մեր ամենասիրելի արտիստը, գնահատեց հենց մեր ստեղծած երգերը անգլերենով ու կենտրոնացավ հենց դրանց վրա: Ժողովրդական երգերի մեր մշակումները, իհարկե, Nemra-ի անբաժան մասն են կազմում, բայց մեզ համար այնքան էլ ընկալելի չէ, երբ հանդիսատեսը վերամշակումներն առավել բարձր է դասում նորաստեղծ երգերից»,-ասում է Վանը:

Դա խմբի առաջին շփումն էր Սերժ Թանկյանի հետ, ինչը հնարավոր դարձավ միջնորդ կազմակերպության՝ Creative Armenia-ի միջոցով:

«Որոշ ժամանակ անց մենք նոր սինգլ թողարկեցինք՝ «She’s beautiful»-ը, որը թեև մեզ շատ էր դուր եկել, բայց հանդիսատեսի պասիվ արձագանքը հուսահատեցնող էր։ Եվ ես, ինչպես միշտ, ծայրահեղ էմոցիոնալ վիճակում Վասպուրին ու Մարիաննային տեղեկացրի, որ ուրախ էի իրենց հետ ծանոթանալու համար և որ ուզում եմ շատ երկար ժամանակով քնել՝ ցանկություն չունենալով առհասարակ որևէ բան անել: Սակայն առավոտը բարի էր մեզ համար. Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր «She’s beautiful» երգով՝ գրելով «Cool band from Armenia called Nemra» («Նեմրա» անունով հրաշալի խումբ Հայաստանից»)։ Սա կարդալով՝ նախորդ օրվա մտքերս իսպառ կորան։ Ամենամեծ գնահատականը ստացանք, որը նոր հույսեր բերեց իր հետ: Հետագայում Սերժն իր էջում կիսվեց նաև «Daisy» երգով: Երկու անգամն էլ մեզ համար անսպասելի, շոկային ու միաժամանակ անչափ ուրախալի էր: Այստեղ՝ Հայաստանում, շատերն էին փորձում մեր գործունեությանը թերահավատորեն մոտենալ, և Սերժի աջակցությունը մեզ համար մեծ գնահատական էր այդ կարևոր փուլում…»:

Առաջին հանդիպումը 

Խմբի անդամները Սերժ Թանկյանին առաջին անգամ հանդիպեցին Starmus փառատոնի ժամանակ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Դա մի «գլխապտույտ» օր էր, նույն բեմում նվագում էինք ռոքի լեգենդների հետ: Մեր ելութի ժամանակ՝ «Connection lost»-ի սոլոն նվագելիս, նկատեցի Սերժին, որ բեմի կողքին կանգնած մեզ էր լսում: Այդ պահին միակ բանը, որ մտածում էի՝ հաստատ կողքից լավ չենք հնչում, երանի դիմացից լսեր… Ելույթից հետո՝ բեմից դեռ չիջած, Բրայան Մեյը ձեռքը պարզեց, «high five» արեցինք, ողջագուրվեցինք, շնորհավորեց մեզ լավ ելույթի համար, լրիվ ֆիլմի պես էր ամեն ինչ: Ու երբ գնացինք բեմի կողքի հատված, Սերժը դեպի մեզ եկավ, այնպես դիմավորեց՝ կարծես երկար տարիներ մեզ գիտեր, ոնց մենք իրեն, տպավորություն էր, որ մեր հազար տարվա ընկերներից է… Միևնույն ժամանակ մենք չէինք կարողանում այդքան շատ էմոցիաները մարսել: Հստակ հիշում եմ, որ խոսում էինք, բայց չեմ հիշում բովանդակությունը, աղմուկը շատ էր ու շատ մարդ կար։ Նաև հիշում եմ, որ մեծ ցանկություն կար լուսանկարվելու իր հետ, բայց չէինք ուզում շատ ծանրաբեռնել նրան… Ու հանկարծ Սերժն ասում է՝ «բա մի հատ չնկարվե՞նք»… էդ պահը չափազանց տպավորիչ էր ու մեզ համար շատ մեծ բան էր նշանակում…»:

Երազանքներն իրականանում են, բայց միայն, եթե գնում ես դրանց հետևից

«Ասել, որ Սերժի հետ համագործակցելը երազանք էր, կնշանակի ոչինչ չասել»,-նշում է Վանը,-«Անցած ճանապարհի մասին այսքան մանրամասնորեն պատմելուս նպատակը հնարավորինս պատկերավոր ներկայացնելն է մեր զգացածը։ Ենթագիտակցության մեջ երբեմն մենք դեռ 2010-2011 թվականների պատանիներն ենք, որ նոր-նոր էինք ստեղծել խումբը։ Ու այդ կետից երբ նայում ենք այս համագործակցությանը, ամեն ինչ պարզապես ֆանտաստիկ է թվում»։

Երգիչը չի թաքցնում՝ 12 տարիների ընթացքում խմբի գրանցած հաջողությունը նրանց մեծ ինքնավտահություն է տվել, արդեն պարզ ու հստակ գիտեին՝ ինչ են անում, ուր են գնում: Վանի խոսքով՝ հաճախ էին մտածում Սերժ Թանկյանին առաջարկել համագործակցել, մանավանդ, երբ ինքն էլ ցույց էր տվել իր սերը խմբի հանդեպ, բայց, ամեն դեպքում, վստահ չէին, որ նման ցանկություն կունենա: 

«Սա բոլորովին չի նշանակում, որ թերագնահատում էինք մեր աշխատանքը, քանի որ միշտ ձայնագրել ենք միայն այն երգերը, որոնք գոնե մեր ճաշակով համարել ենք լավագույնը: Հարցն ավելի շատ այն էր, թե ինչու պետք է այդ մասշտաբի համաշխարհային լեգենդը իր զբաղվածության մեջ ցանկանա այդքան ժամանակ տրամադրել մեզ, բայց… Երբ ձայնագրում էինք մեր երրորդ ալբոմը (որը կհրապարակենք առաջիկա տարում), մի քանի երգ շատ համապատասխան էր թվում Սերժի ձայնին: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ես կարդում էի նրա ինքնակենսագրական գիրքն ու անընդհատ նմանություն էի գտնում մեր ու իրենց անցած սկզբնական ճանապարհների միջև՝ խմբից մինչև անձնային ձգտումներ և նույնիսկ նախնիների կենսագրություն։ Հենց այս փուլում ինձ համար հստակ դարձավ, որ ես պետք է գրեմ Սերժին: Վերջապես երկար-բարակ մտորումներից հետո գրեցի՝ շատ կարճ ներկայացնելով ասելիքս, ուղարկեցի մի քանի երգ (իրենց առանձին գործիքավորումներով), նշեցի նաև, որ կարծում եմ «I’m afraid of stars»-ը կլիներ լավագույն տարբերակը: 

Նամակն ուղարկելուց հետո մտածում էի՝ եթե անգամ պատասխան ստանամ, դա կլինի առնվազն մի շաբաթ հետո… Այնինչ, Սերժ Թանկյանն այդ հարցում ևս ցույց տվեց իր մեծությունը. ժամեր անց ստացա պատասխանը, դա միակ նամակն էր, որը տևեց ժամեր, այլ ոչ մի քանի րոպե, այն էլ, ինչպես ինքն ասաց, այն պատճառով, որ այդ բոլոր երգերը լսել էր մի քանի անգամ:  Սա մեր երաժշտական գործունեության ամենատպավորիչ պահն էր: 

Ինձ համար զարմանալի ու շատ ոգևորիչ էր, որ Սերժն իր նամակում ոչ միայն մեր ստեղծագործելուն էր անդրադարձել ու նշել, որ իր համար մեր երգերը հոգեհարազատ են և էսթետիկ, այլև առանձին անդրադարձել էր իմ կիթառ նվագելուն, ինչը մեծ պատիվ էր (ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ ինչ-որ մեկն ինձ նկատեց որպես առանձին կիթառահարի): Սերժը գրել էր, որ համաձայն է երգել «I’m afraid of stars»-ը մեզ հետ, միայն թե այդ շրջանում զբաղված է, և կարող է մեկ ամիս անց անդրադառնալ այս հարցին:

Մեր երջանկությանը չափ չկար: Անսահման ուրախացանք, ու զինվեցինք համբերությամբ (թեև առաջին ժամերին անգամ դա մեզ այնքան էլ լավ չէր հաջողվում)»: 

Հենց նույն օրը՝ գիշերը ժամը չորսին, Վանը ևս մեկ նամակ ստացավ՝ աուդոֆայլերով. Սերժ Թանկյանից էր. «Նա երգում էր իմ գրած երգը՝ ամբողջովին վերջնական ձայնագրած, նաև բեք-վոկալի առանձին գծեր ձայնագրած… Անկեղծ ասած, ես վստահ էի, որ երազի մեջ եմ և ուզում էի շարունակել քնել, բայց երազի համար, ինչ-որ երկար էր տևում… «The rest is history»,- ինչպես ասում են ուզբեկները (ծիծաղում է)։ Հիշում եմ, երբ տան մեջ հեռախոսով լսում էի Սերժի ձայնագրությունը, մայրս ասաց՝ «էս ինչ նման ես երգել Թանկյանին, ոնց որ ինքը երգի»…»:

Դրանից հետո արդեն խմբի համար սկսվեց ամենահետաքրքիր շրջանը. ձայնագրության վրա առցանց աշխատանք, ուղղումներ, միքս, Սերժի հետ անդադար զրույցներ… Վերջապես ստացան տարբերակը, որը  բոլորի սրտով էր: «Ուզում եմ նշել, որ անչափ մեծ է Լևոն Հախվերդյանի դերը, ով հիանալի ստացավ նվագախմբի (օրկեստրի) հատվածները և ընդհանուր միքսն ու մասթերինգը: Լևոնը մեր լավ ընկերն է, ում հետ ձայնագրել ենք «Hmm» ալբոմը, և դրանից հետո թողարկված բոլոր սինգլները: Միքսի ընթացքում միացնում էինք Սերժի ձայնն ու ամեն անգամ չէինք հավատում, որ մեր երգն է երգում, դժվար էր իր ձայնի փոխարեն այլ մասերում իմ ձայնը դնելը, ձեռքներս չէր գնում կտրել իր հատվածները… Ձայնագրությունից հետո արդեն պետք էր մտածել՝ ինչպես ենք ներկայացնելու երգը լայն լսարանին: Եվ այնպես ստացվեց, որ հենց այդ ամիս մեծ մենահամերգ ունեինք Լոս Անջելեսում՝ «Ալեքս» թատրոնում: Սերժին հարցրի՝ դեմ չի՞ լինի, եթե կազմակերպենք տեսահոլովակի նկարահանում, և նա շատ լավ ընդունեց առաջարկը»:

Եկավ ամենաբարդ պահը՝ ինչպե՞ս Հայաստանից կազմակերպել ամբողջը: Վանն ասում է՝ այդ ասպարեզում ԱՄՆ-ում կապեր առանձնապես չունեին: Այս հարցում էլ խմբին օգնության հասավ իրենց շատ լավ ընկերը՝ ռեժիսոր Արթուր Մանուկյանը, ով հեռավար կազմակերպեց տեսահոլովակի ամբողջ նկարահանումը և երգի գաղափարին համահունչ լուծումներ մտածեց: «Մենք ունեինք շատ կարճ ժամանակ, մի քանի համերգներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և պետք է հասցնեինք վերադառնալ Հայաստան՝ Էրեբունի-Երևանի համերգին մասնակցելու համար: Այնպես որ, պետք էր ամեն ինչ անել, որ թե՛ մեզ, թե՛ Սերժին, թե՛ նկարահանող խմբին հարմար լինեն օրերն ու ժամերը: 

Սերժի հետ աշխատելն անսահման մեծ հաճույք էր։ Լինելով շատ խիստ, հստակ ու պրոֆեսիոնալ մասնագետ, մանրակրկիտ քննարկելով ամեն ինչ՝ այս ընթացքում չեղավ մի պահ, որ անհարմար իրավիճակում հայտվենք: Հիացած էինք իր համեստությամբ ու ճշտապահությամբ: Մեզ համար իսկապես հաճելի էր այս մասշտաբի պրոֆեսիոնալ մարդու հետ աշխատելը։ Սա նաև բացառիկ փորձ էր մեր կարիերայի ընթացքում։

Նկարահանման օրը միայն մի բանի համար էի ափսոսում, որ տեսախցիկի դիմաց երկար աշխատելու արդյունքում շփվելու ժամանակ գրեթե չէր մնում, թեև այնքան բան կար Սերժի հետ խոսելու … Ինչևէ, պետք էր հասցնել հաջորդ օրը վերադառնալ Երևան: Այնուամենայնիվ, հումորների համար ժամանակ գտանք և, հասցրինք լավ ծիծաղել, և որ ամենակարևորն է, ստեղծեցինք մի բան, որը, կարծում եմ, հանդիսատեսին շատ դուր կգա ու երկար կապրի»։

I’m afraid of stars

Երգը Վանը գրել է մի քանի տարի առաջ։ Գրելու ընթացքում նրա խոսքով՝ իր բոլոր էմոցիաները խառնվել էին… «Մարմնովս դող էր անցնում: Երաժշտությունն ու բառերը գրել եմ միասին: Այդպես եղել էր նաև մեր «Hmm»-ն ու էլի մի քանի այլ երգեր ստեղծելիս։ Սա մեր հազվադեպ գործերից է, որի երաժշտութունը դաշնամուրով եմ գրել, և մեր միակ ձայնագրութունն է, որտեղ Մարիաննայի փոխարեն ես եմ նվագում դաշնամուրը:

Երգը ժամանակի սահմանափակության ու անկատար երազանքների մասին է: Ժամանակը խլում է մեզնից այն ամենը, ինչ թվում է՝ մեզ է պատկանում։ Իսկ իրականում այդ ժամացույցը մեր գլխում է, ու մենք ենք տնօրինում՝ ինչպես օգտագործել այն:



Երգի հետ կապված շատ զուգադիպություններ եղան. շատ թեմաներ, որոնց անդրադարձել եմ երգում, իմ կյանքում հետո կատարվեցին, այդ պահին կարծես կանխատեսել էի դրանք:
Ի դեպ, երգի բառերը գրելիս չէի պատկերացրել, որ մի օր դուետով պետք է ներկայացնենք այն, բայց վերջին հատվածը կարծես հենց դուետի համար գրված լինի. երկխոսություն երկու ընկերների միջև»:

«Հասնելով Աստղերին»

«Առաջին անգամ System of a Down լսելուց մինչև Սերժ Թանկյանի հետ համագործակցելը նման էր աննկարագրելի ճամփորդության։



Այն երազանքի հետևից գնալու ու երաժշտության ուժին հավատալու վառ օրինակ է, որն ունակ է միավորել մարդկանց ժամանակի և տարածության մեջ»,-ասում է Վանը, որի համար I’m Afraid of Stars-ը պարզապես երգ չէ. «Սա պատմություն է մեր ապրածի ու զգացածի մասին՝ երազանքներով լի մանկությունից մինչև անհամար դժվարություններ և աստղերին հասնելու երջանկություն (անգամ, եթե նրանց ձգտելու ճանապարհը լի էր վախերով)»։



Սերժի հետ համագործակցելը, որի երաժշտությունը ձևավորել է ռոքի հանդեպ Վանի սերը ու ոգեշնչել նրան ստեղծագործել, երաժիշտը բացառիկ ձեռքբերում է համարում։ 

«Սա իհարկե վերջը չէ, սա մի մեծ երևույթի սկիզբն է»,-վստահ է նա:

«Երբ այս երգը սկսի շրջագայել աշխարհով մեկ, հույս ունենք՝ այն կոգեշնչի բոլորին այնպես, ինչպես System of a Down-ը ոգեշնչեց մեզ, և կհիշեցնի մարդկանց, որ ոչ մի երազանք չափազանց հեռու չէ, և ոչ մի աստղ անհասանելի չէ։

Թող այս երգը մխիթարի բոլոր նրանց, ովքեր զգում են ժամանակի ծանրությունը։ Նույնիսկ երբ ժամացույցն արձանագրում է ժամանակը, նույնիսկ երբ աստղերն անհասանելի են թվում, հենց երազանքներին հասնելու ձգտումն է օգնում մեզ գործել ժամանակի սահմաններից դուրս…»:

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.