Ford-ը Եվրոպայում հազարավոր աշխատակիցների կկրճատի
Ford-ը հայտարարել է, որ կկրճատի 4000 աշխատատեղ ամբողջ Եվրոպայում, հիմնականում Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, ինչը կազմում է տարածաշրջանում ընկերության աշխատուժի մոտ 14%-ը:
Ford-ը նաև որոշել էր դադարեցնել մի շարք մեքենաների, մասնավորապես՝ Mondeo-ի և Fiesta-ի արտադրությունը, որպեսզի կենտրոնանա քրոսովերի և էլեկտրական մեքենաների վրա:
Աշխատակիցների կրճատումը կավարտվի մինչև 2027-ը։ Ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ «հատկապես մտահոգիչ է Ford-ի մարդատար ավտոմեքենաների բիզնեսի վիճակը Եվրոպայում, որտեղ ընկերությունը վերջին տարիներին զգալի վնասներ է կրել, և որտեղ արդյունաբերության անցումն էլեկտրական մեքենաներին և նոր մրցակցությունը չափազանց կործանարար են եղել» ընկերության համար:
Reuters-ը հայտնում է, որ թեև Եվրոպայում սեպտեմբերին նոր մեքենաների վաճառքի 6,1% անկում է գրանցվել, Ford-ի վաճառքները նվազել են 17,9%-ով։ Առանց հիմնական մոդելների, ինչպիսիք են Fiesta-ն և Focus-ը, Ford-ն անխուսափելիորեն կտուժի:
Ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ջոն Լոուլերը վերջերս նամակ է գրել Գերմանիայի կառավարությանը, որում ասվում է. «Այն, ինչ մեզ պակասում է Եվրոպայում և Գերմանիայում, համոզիչ, հստակ քաղաքական օրակարգն է՝ խթանելու էլեկտրական շարժունակությունը, ինչպես օրինակ՝ լիցքավորման ենթակառուցվածքում պետական ներդրումները, իմաստալից խթանները, որոնք սպառողներին կօգնեն անցում կատարել դեպի էլեկտրիֆիկացված մեքենաներ, արտադրողների համար գների մրցունակության բարձրացումը և CO2-ի համապատասխանության նպատակներին հասնելու ավելի մեծ ճկունությունը»: