Ձուն կարող է պաշտպանել ուղեղի առողջությունը եւ նվազեցնել խոլեստերինի մակարդակը. հետազոտություն

0

Ձուն այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար, ինչպես հաճախ ներկայացնում են։ Այն անգամ կարող է օգտակար լինել։

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 890 տղամարդկանց եւ կանանց առողջական վիճակի տվյալները եւ հայտնաբերել, որ շաբաթը 2-4 ձվի օգտագործումը կապված է արյան մեջ խոլեստերինի ավելի ցածր մակարդակի հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում։

Նրանց վերլուծությունը հիմնված է առողջ ծերացման հետազոտության տվյալների վրա, որն սկսվել է 1988թ., տեղեկացրել է Planet Today-ը։ Հետազոտության ընթացքում չորս տարում ստուգվել են միջին տարիքի եւ տարեց մարդկանց կոգնիտիվ ֆունկցիաների երեք ասպեկտներ։

Հետազոտված բոլոր 531 կանանցից նրանք, ովքեր տեղեկացրել էին, որ ավելի շատ ձու են կերել, ունեցել են կարճաժամկետ եւ երկարաժամկետ հիշողության ավելի քիչ կորուստներ։

Նման կապ չի հայտնաբերվել ավելի շատ ձու կերած տղամարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, տվյալների մեկ այլ ուսումնասիրություն՝ տվյալների նույն շտեմարանի օգտագործմամբ, բայց մեկ այլ տասնամյակից, հայտնաբերել է, որ ավելի շատ ձու կերած տղամարդիկ կոգնիտիվ թեստերի ավելի լավ արդյունքներ են ունեցել, մինչդեռ ոչ մի կապ չի հայտնաբերվել կանանց համար։

Դա վկայում է այն մասին, որ այստեղ դեր են խաղում նաեւ այլ գործոններ, որոնք անհրաժեշտ է պարզել հետագա հետազոտությունների օգնությամբ։

Հանրային առողջապահության հետազոտողներ Դոնա Քրից-Սիլվերսթեյնը եւ Ռիկի Բետանկուրը Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանից հավաստիացնում են, որ «չնայած սննդի մեջ խոլեստերինի բարձր մակարդակին՝ իրենց արդյունքները ցույց են տալիս, որ «ձուն վնասակար ազդեցություն չի ունենում եւ անգամ կարող է որոշակի դեր խաղալ կոգնիտիվ ֆունկցիաների աջակցման հարցում ժամանակի ընթացքում»։

Մոտ կես դար մարդկանց խորհուրդ է տրվել խուսափել կենդանական ծագման մթերքներից, որոնք խոլեստերինի բարձր մակարդակ ունեն, ինչպիսին են ձուն, կարագը կամ սերուցքը, քանի որ համարվում էր, որ այդ մթերքները բարձրացնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ՝ բարձրացնելով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Չնայած այդ խորհուրդը դեռ կարող է ակտուալ լինել որոշ մարդկանց համար, որոնք որոշակի հիվանդություններ ունեն, օրինակ՝ դիաբետ, նոր տվյալները վկայում են այն մասին, որ իրականում զարկերակներում բշտերի առաջացման գոյացմանը նպաստող հիմնական գործոնները հագեցած ճարպերն են, շաքարը եւ նատրիումը, այլ ոչ թե խոլեստերինը։

Խնդիրն այն է, որ խոլեստերինով հարուստ շատ մթերքներ նույնպես պարունակում են հագեցած ճարպերի մեծ բաժին։ Ձուն եւ կակղամորթները երկու կարեւոր բացառություններ են՝ կախված այն բանից, թե ինչպես են դրանք պատրաստված։

Իրականում ձուն ճարպազերծված, սպիտակուցով եւ սննդարար նյութերով հարուստ մթերք է, որը կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչը, ըստ երեւույթին, օգնում է  պաշտպանվել կոգնիտիվ ֆունկցիաների նվազումից։

Գուցե սա պատճառներից մեկն է, թե ինչու ձվի օգտագործումը սննդի մեջ կապված է եղել կոգնիտիվ թեստերի արդյունքների ոչ մեծ բարելավման հետ կանանց շրջանում, բայց այդ կապի ուսումնասիրման համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։

Քրից-Սիլվերսթեյնը եւ Բետանկուրը իրենց հոդվածում նշում են, որ ձուն հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով եւ խոլեստերինով, եւ այդ գործոնները, գուցե, նպաստում են ուղեղի նեյրոնների կառուցվածքի եւ ֆունկցիաների պահպանմանը։

Ձուն նաեւ պարունակում է կարոտինոիդներ, որոնք կապված են կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման հետ եւ պարունակում են խոլին, որը կարեւորագույն նեյրոմեդիատոր է։

«Խաչաձեւ հետազոտությունները ցույց են տվել, որ խոլինի մեծ քանակություն օգտագործող եւ պլազմայում խոլինի ավելի մեծ խտություն ունեցող մարդկանց մոտ ավելի բարձր են եղել ցուցանիշներն ըստ մի քանի կոգնիտիվ ֆունկցիաների»,- նշել են Քրից-Սիլվերսթեյնը եւ Բետանկուրը։

Ձվի սննդային արժեքավորության մասին դեռ բազմաթիվ հարցեր են մնում, բայց վերջերս կատարված հայտնագործությունները լրացուցիչ ապացույցներ են տրամադրում, որ եթե սննդի մեջ բարձր է խոլեստերինի պարունակությունը, միշտ չէ, որ դա նշանակում է, որ այն վնասակար է ձեր մարմնի կամ ուղեղի համար։

Leave A Reply

Your email address will not be published.