Google Play-ը ներկայացրել է 2024-ի լավագույն հավելվածներն ու խաղերը
Google-ը հայտարարել է 2024-ի Google Play’s Best մրցանակների հաղթողներին: Այն տրվում է տարվա ամենաակնառու հավելվածներին, խաղերին և գրքերին տարբեր կատեգորիաներում:
«Այս տարվա մրցանակաբաշխությունը ոչ միայն ցույց է տալիս հիանալի հավելվածներ, խաղեր և գրքեր։ Դա երախտիք է տաղանդավոր ծրագրավորողներին, որոնք Android-ի էկոհամակարգն այդքան կենսունակ են դարձնում՝ ստեղծելով ֆանտաստիկ հավելվածներ և խաղեր բոլոր սարքերի համար», — ասվում է Google-ի բլոգում:
Google-ը նշել է, որ Google Play-ը 2024-ին դարձել է ավելին, քան պարզապես հավելվածների խանութ։ Ձգտելով աջակցել մշակողներին՝ ընկերությունը «բարելավել է հասանելիությունը, ընդլայնել է խաղային փորձառությունը, ավելացրել է ստեղծագործողների պարգևները և ապահովել բովանդակության ժամանակին առաքումը»։ Google-ը հուսով է, որ մշակողները և հրատարակիչները կշարունակեն օգնել մարդկանց՝ հայտնաբերելու նոր հավելվածներ, խաղեր և գրքեր՝ որտեղ էլ որ լինեն, ցանկացած սարքով:
Միջոցառումների պլանավորման Partiful հարթակը ճանաչվել է 2024-ի լավագույն հավելված՝ «իր ինտուիտիվ դիզայնի և հրավերներ ստեղծելու նոր մոտեցման շնորհիվ»։ Հավելվածի ներկառուցված Party Genie գործիքն օգնում է արագ ձևավորել հրավերները և պոտենցիալ մասնակիցներին առաջարկում է արագ ուղի՝ հաստատելու իրենց մասնակցությունը պարզ հղման միջոցով:
Ֆենթեզի ժանրի AFK Journey դերային խաղը ճանաչվել է 2024-ի լավագույն խաղ Google Play-ում՝ շնորհիվ իր կերպարների ընդարձակ ցուցակի և մարտավարական գրավիչ մարտական համակարգի: Մրցանակաբաշխության ժամանակ նշվել է, որ «հսկայական ուսումնասիրելի աշխարհը և գեղեցիկ գեղարվեստական ոճը նույնպես առանձնացնում են նրան իր տեսակի խաղերից»:
«Լավագույն մուլտիպլատֆորմ» հավելված ճանաչվել է Max-ը՝ շնորհիվ հեռուստատեսային շոուների, ֆիլմերի և օրիգինալ բովանդակության մեծ գրադարանի, ինչպես նաև բազմաթիվ սարքերում դիտումը շարունակելու հնարավորության: Հավելվածն ապահովում է դիտման առավելագույն հարմարավետություն՝ անկախ օգտատիրոջ գտնվելու վայրից և նրա օգտագործած սարքից:
Clash of Clans-ը հաղթել է «Լավագույն մուլտիպլատֆորմ խաղ» անվանակարգում: Չնայած խաղը գոյություն ունի ավելի քան մեկ տասնամյակ, դրա տարածվածությունը մեծացել է այս տարի՝ անհատական համակարգիչներում և Chromebook-երում տեղադրվելու շնորհիվ: «Այժմ շարժական դասական խաղն օպտիմիզացված է ցանկացած վայրում, որտեղ խաղում եք, անկախ նրանից, թե դա ձեր հեռախոսում է, ծալվող պլանշետում, Chromebook-ում կամ համակարգչում», — ասվում է Google-ի բլոգային գրառման մեջ: