Իլոն Մասկը մոտ է հարստության սեփական ռեկորդը գերազանցելուն. «Ներդրողի բրիֆ 14.11.24»

0

Դաշնային պահուստային համակարգը հինգշաբթի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0․25 կետով` հասցնելով 4․50- 4,75 տոկոսային միջակայքի, քանի որ դրամավարկային քաղաքականության պատասխանատուները սկսել են գնահատել այն տնտեսական փոփոխությունները, որ կարող են սկսվել հաջորդ տարի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարմամբ։

Համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կարճաժամկետում ազդեցություն չեն ունենա ԱՄՆ դրամավարկային քաղաքականության վրա։

Միաժամանակ Փաուելը նշել է, որ Դաշնային պահուստային համակարգը շարունակելու է գնահատել իրավիճակը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության տեմպերն ու նպատակակետը որոշելու համար, քանի որ գնաճի տեմպերի նվազման և նպատակային 2 տոկոսին մոտենալու ֆոնին ղեկավարությունը կվերանայի ներկայիս կոշտ քաղաքականությունը։

Wall Street-ի երեք հիմնական ինդեքսները երեքշաբթի անկում են գրանցել, քանի որ ներդրողները ֆիքսել են հետընտրական շահույթի մի մասը և սպասում են այս շաբաթ հրապարակվող ԱՄՆ գնաճի զեկույցին։

Dow Jones Industrial Average-ը նվազել է 0․86 տոկոսով, S&P 500-ը՝ 0․29 տոկոսով, իսկ Nasdaq Composite-ը՝ 0․09 տոկոսով։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրության հետ կապված ոգևորությունն անկում է ապրել, քանի որ վտանգ կա, որ նոր վարչակազմի քաղաքականությունը կարող է արագացնել գնաճը։ Միևնույն ժամանակ Եվրոպական բաժնետոմսերի արժեքը նվազել է 2 տոկոսով, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումը կդանդաղեցնի համաշխարհային տնտեսության աճը։ Ուշագրավ է, որ 6 տոկոս անկում է ապրել անգամ Թրամփի հաղթանակից հետո 40 տոկոս աճ գրանցած Tesla-ի բաժնետոմսերի գինը, իսկ փոքր կապիտալիզացիայի ինդեքս Russell 2000-ը փակվել է 1․8 տոկոս անկմամբ՝ երկուշաբթի արձանագրած 3 տարվա ամենաբարձր արդյունքը գրանցելուց հետո։


Եվրոպական բանկերի համար ավելի է բարդանում կրճատել եկամուտների տարբերությունը ամերիկացի գործընկերների նկատմամբ, քանի որ Wall Street-ում սպասում են ֆինանսական ավելի մեծ ազատականացման Թրամփի երկրորդ պաշտոնավարումով։

Եվրոգոտու երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող բանկերը 2008-2009 թվականի ճգնաժամից սկսած սահմանափակված էին ցածր եկամուտներով և թույլ տնտեսություններով, մինչդեռ ԱՄՆ բանկերը կտրուկ աճ են գրանցել և մեծ կշիռ ստացել շուկայում՝ հատկապես ներդրումային բանկինգի ոլորտում։

Եվրոպական բանկերը միայն այս տարի են սկսել վերականգնել իրենց զիջած դիրքերը․ մինչ այս շաբաթ դրանք առաջ էին անցնում ամերիկացի գործընկերներից, և հույսեր կային, որ ԱՄՆ-ն կընդունի Բանկերի միջազգային կարգավորող համակարգի՝ Basel III-ի որոշ կետեր, որոնցով ԱՄՆ բանկերից պահանջվում էր ավելի մեծ կապիտալ պահել՝ թույլ տալով հավասարացնել մրցակցության պայմանները։ 

Սակայն Թրամփի հաղթանակը փոխել է իրավիճակը։ JPMorgan-ի, Goldman Sachs-ի, Morgan Stanley-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են, իսկ եվրոպական բանկերի STOXX Europe 600 ինդեքսը մեկ շաբաթում  նվազել է ավելի քան 1 տոկոսով։


ԱՄՆ գրեթե բոլոր ոլորտներում գործող ընկերությունները ակտիվորեն փոխառություններ են վերցնում՝ օգտվելով մեծ պահանջարկից և համեմատաբար բարենպաստ պայմաններից։

Citi, Goldman Sachs, HSBC, և BNP Paribas բանկերը այն 13 ընկերությունների թվում են, որոնք երեքշաբթի ներդրումային վարկանիշով պարտատոմսեր են վաճառել։ Սա ներդրումային վարկանիշով պարտատոմսերի վաճառքի ամենածանր օրն է եղել սեպտեմբերի 4-ից ի վեր, երբ 19 գործարք էր կատարվել։

Ընկերությունները ձգտում են փոխառություններ վերցնել, քանի որ անցյալ շաբաթ փաստացի չունեին այդ հնարավորությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների և Դաշնային պահուստային համակարգի նիստի պատճառով։ Շատ ընկերություններ ձգտում են փոխառություններ վերցնել հենց այս շրջանում, երբ ռիսկերի պարգևավճարներն ավելի ցածր են, սակայն եկամտաբերությունը կարող է աճել ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարմամբ։


ԱՄՆ դոլարի ինդեքսը մեծ աճ է գրանցում Դոնալդ Թրամփի՝ մեծ մաքսատուրքերի ներդրման սպառնալիքների ֆոնին:

Bloomberg Dollar Spot ինդեքսը երեքշաբթի հասել է 2022 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարադակին՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով եվրոյի փոխարժեքը:


Իլոն Մասկը մոտ է կարողության սեփական ռեկորդը գերազանցելուն հետընտրական շրջանում Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ:

Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն աշխարհի ամենահարուստ մարդը գրեթե 21 միլիարդ դոլար է աշխատել երկուշաբթի Tesla-ի բաժնետոմսերի 9 տոկոս աճի շնորհիվ՝ հասցնելով հարստությունը 335 միլիարդ դոլարի:

Tesla-ի և SpaceX-ի հիմնադրի կարողությունն այս տարի աճել է 105 միլիարդ դոլարով, ինչը նրան 100 միլիարդ դոլարով ավելի հարուստ է դարձնում երկրորդ տեղը զբաղեցնող Ջեֆ Բեզոսից:


Chipotle-ի բաժնետոմսերը երեքշաբթի 1.1% աճել են Սքոթ Բոաթռայթի՝ արագ սննդի ցանցի գլխավոր տնօրեն նշանակելու լուրերի ֆոնին:

Բոաթռայթը ընկերության վաղեմի աշխատակից է, ով իրականացնում էր գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները օգոստոսին Բրայան Նիկոլի՝ Starbucks տեղափոխվելուց հետո: Ներդրողներից շատերն էին այս պաշտոնին երաշխավորել նրան և ոգևորությամբ են ընդունել երեկ կայացված որոշումը:


Leave A Reply

Your email address will not be published.