«Մանկական Եվրատեսիլում» Լեոյի երկրորդ փորձի բեքսթեյջը․ Հայաստանի պատվիրակությունը տեսանյութ է հրապարակել
Հաշված օրեր են մնացել «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին, եւ Մադրիդում ընթանում են մասնակիցների փորձերը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեոն հանդես է եկել իր երկրորդ փորձով, իսկ Հայաստանի պատվիրակությունը բեքսթեյջային կադրեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպիսին է Լեոյի տրամադրությունը մինչեւ բեմ բարձրանալը։
Լեոյի երկրորդ փորձը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին։ Հոլովակում երեւում է, թե ինչպես է 10-ամյա երգիչը պատվիրակության մյուս անդամների հետ ավտոբուսով հասնում համերգասրահ, այնուհետեւ խորհուրդներ ստանում մայրիկից՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանից, կատարում վերջին տեխնիկական շտկումներն ու բարձրանում բեմ՝ ստանալով ռեժիսոր Արթուր Մանուկյանի ցուցումները։
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին։