Wine Story. Գինի Հելոուինի ոճով, կամ միստիկ ընտրություն Խավարի գիշերվա համար

0

Երբ գիշերները երկարում են, տերևները խշխշում են ոտքերի տակ, իսկ աշնանային քամիները զովություն են բերում, աշխարհը պատրաստվում է դիմավորել Հելոուինը: Այս տոնը կելտական արմատներ ունի, և դրա ակունքները տանում են Սամհայն՝ ձմեռը դիմավորելու հնագույն ծեսը: Ժամանակի ընթացքում տոնը համեմվել է միստիկ լեգենդներով և դարձել յուրատեսակ գիշերային սիմֆոնիա՝ խարույկի շուրջ սարսափ պատմություններով, փորագրված դդումներով և ուրվականների կերպարներով. սրանք այս առեղծվածային գիշերվա մշտական ատրիբուտներն են: Որոշ մշակույթներում գինին օգտագործվել է նաև չար ոգիներին հեռացնելու ծեսերի ժամանակ, իսկ ուշ խաղողի տեսակները կապված են տարվա  ավարտի հետ, քանի որ հավաքվում են վերջին տաք օրերին:

Այս տոնին մենք առաջարկում ենք ձեզ փոքրիկ գինու համտես մեր հատուկ ընտրանիից: Կարող եք տարոյով գուշակություններ անել ձեր կեսի մասին, երեկույթ կազմակերպել կամ պարզապես սարսափ ֆիլմ միացնել և ամեն սարսափելի պահի մի կում գինի ըմպել․ այդ դեպքում մենք խորհուրդ չենք տալիս Ռուջերո Դեոդատոյի կամ Սքոթ Դերիքսոնի ֆիլմերը, եթե  չեք ուզում հարբել առաջին կես ժամում:

BOEKENHOUTSKLOOF «The WOLFTRAP» Red

Այս գինու խիտ, մուգ ռուբինի գույնը հիշեցնում է գիշերային խարույկի փայլը: Առաջին իսկ ումպից զգացվում են մուգ հատապտուղները, բալը և մոշը, որոնք կարծես հայտնվում են թափված տերևների միջից՝ ամփոփված համեմունքների և լիալուսնի լույսով ողողված անտառներ հիշեցնող հողային երանգներով: Սա հագեցած կարմիր գինի է, որն արթնացնում է որսորդական բնազդները։ Մուգ հատապտուղների խորը համը միահյուսվում է թեթև ծխի և համեմունքների հետ՝ բացահայտելով պղպեղի և կաղնու նրբահամով տևական և թավշյա հետհամը:

Bodega Del Fin Del Mundo Newen Malbec

Այս գինին գրավիչ է իր փնջով: Newen Malbec-ի բույրը պարուրում է ձեզ տաք աշնանային վերմակի պես․ սալորի, սև հաղարջի և հասած բալի նրբերանգները հազիվ նկատելի ծխախոտի և վանիլի նուրբ երնգներով, հիշեցնում են լճի վրա գոյացած խորհրդավոր մշուշը: Համը գրավչորեն խիտ է, ինչպես տոնի համար պատրաստված ըմպելիքը։ Այն բացահայտում է սև հատապտուղների և բալի երանգները՝ վերածվելով թավշյա տանինների, շոկոլադի թեթև հետհամով:

Attis Mar «Sangarida» Mencia

Սա անտառային փերու հավաքած փունջ է՝ կեռասի, քաղցր սալորի և լոռամրգու նուրբ նոտաներ՝ զուգորդված հազիվ նշմարելի անիսոնի և հողի երանգով. բույրը հիշեցնում է անձրևից հետո աշնանային անտառային արահետները: Եզակի և խորհրդավոր, Mencia-ի համը հիացնում է իր մաքրությամբ և մեղմությամբ՝ ընծայելով թեթև հանքային նոտաներ։ Թեթև տանինները և մրգային թարմ բնույթն ընդգծվում են խոտաբույսերի թեթև ակնարկով տևական հետհամով՝ ստեղծելով անտառային առեղծվածի և զովության զգացողություն:

19 CRIMES Banished Dark Red

Գինին բուրում է բարկ հոտով, կակաոյի, սալորաչրի և հապալասի երանգներով ինչպես նկուղում թաքնված գաղտնիքը, որը պատրաստ է բացահայտվելու միայն նրանց համար, ովքեր համարձակ են։ Այս խիտ և հագեցած գինին օժտված է շոկոլադին, վանիլին և սև հատապտուղներին հատուկ երանգով, որը վերածվում է կաղնու թեթև հետհամի: Ասես սուզվելով պատմության մութ էջերում՝ այս գինու մի կումը խորհրդավորության զգացում է հաղորդում և վեր հանում անցյալի ոգիներին՝ թողնելով տևական, բարկ և թանձր համ:

Black Knight Icewine

Հելոուինի մեր ընտրանին ավարտենք այս աղանդերային գինով` շաքարած ծիրանի, վայրի խնձորի և համեմունքների թեթև բույրով, որը հիշեցնում է ամառը, որը մարում է ձմռան գիշերվա մեջ: Չափազանց քաղցր, բայց նրբահամ, այս սառցե գինին հագեցած նրբերանգներով շողշողում է գավաթում: Այն տալիս է մեղրի, հասած դեղձի և արքայախնձորի համ՝ պարուրելով հաճելի թթվությամբ մետաքսե հետհամով։ Իսկական ըմպելիք, քաղցր, բայց սառը, ինչպես աշունն իր ավարտից առաջ:

Leave A Reply

Your email address will not be published.