TikTok-ի համահիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը
TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերության համահիմնադիր 41-ամյա Չժան Իմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը․ նա գլխավորում է երկրի ամենահարուստ մադկանց՝ Hurun China Rich List-ի այս տարվա ցուցակը՝ առաջ անցնելով շշալցված ջրի բիզնեսով զբաղվող Չժոնգ Շանշանից:
Իմինի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ։ Նա այս տիտղոսին է արժանանում այն բանից հետո, երբ անցած տարի ByteDance-ի եկամուտն աճեց 30%-ով՝ հասնելով 110 միլիարդ դոլարի:
Հիմնադրումից ի վեր TikTok-ն աճել է և այսօր ունի մինչև 200 միլիոն օգտատեր միայն ԱՄՆ-ում։ Երիտասարդ լսարան ունեցող հարթակի աշխատանքի հետ կապված, սակայն, մտահոգություններ կան, որոնք վերաբերում են ինչպես ԱՄՆ ազգային անվտանգությանը, այնպես էլ երեխաների պաշտպանությանը:
ԱՄՆ օրենսդիրներն ապրիլին ընդունել են օրենք, որը կարող է TikTok-ն արգելել ողջ երկրում, եթե ByteDance-ը չհրաժարվի ԱՄՆ-ում իր գործունեությունից։ ԱՄՆ օրենսդիրները տարիներ շարունակ մտահոգություն են հայտնել, որ Չինաստանի կառավարությունը կարող է հասանելիություն ունենալ TikTok-ի օգտատերերի տվյալներին, ինչը TikTok-ը հերքել է:
Չնայած կարգավորող ճնշումներին՝ TikTok-ը շարունակում է աճել: Այն բախվել է սահմանափակումների բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, որտեղ այն ամբողջապես արգելվել է։ Արևմտյան երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան, սահմանափակում են TikTok-ի օգտագործումը պետական սարքերում:
Չժան Իմինը, ում պատկանում է ByteDance-ի 20%-ը, ընկերությունը հիմնել է Լիանգ Ռուբոյի հետ 2012-ին Պեկինում։ Թեև 2021-ին նա թողել է գլխավոր տնօրենի պաշտոնը՝ Իմինը ByteDance-ը դարձրել է չինական տեխնոլոգիաների խոշոր խաղացող, որին են պատկանում նաև Toutiao լրատվական հավելվածը և Douyin-ը՝ TikTok-ի քույր հավելվածը Չինաստանում:
Չինաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակն էապես կրճատվել է, ինչն արտացոլում է երկրում առկա տնտեսական իրողությունները։ Միլիարդատերերի թիվը նվազել է 142-ով՝ նախորդ տարվա 895-ից իջնելով մինչև 753։ Տնտեսական դանդաղումը պայմանավորված է անշարժ գույքի շուկայում առկա խնդիրներով, տեղական ինքնակառավարման մարմինների պարտքով և սպառողական ծախսերի կրճատմամբ։