2024-ի 3-րդ եռամսյակում Google-ի եկամուն աճել է և գերազանցել սպասումները
Google-ի մայր ընկերություն Alphabet-ը երրորդ եռամսյակում գերազանցել է վերլուծաբանների սպասումները՝ սպասվածից ավելի լավ շահույթ և եկամուտ ապահովելով: Ընկերության հասույթը հասել է 88,27 միլիարդ դոլարի՝ գերազանցելով LSEG-ի 86,3 միլիարդ դոլար կանխատեսումը, իսկ մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթը կազմել է 2,12 դոլար՝ 1,85 դոլար կանխատեսման փոխարեն: Այս հաջողության հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է Google Cloud-ը, որը 11,35 միլիարդ դոլարի եկամուտ է բերել՝ տարեկան կտրվածքով աճելով 35%-ով: Այս զգալի աճը պայմանավորված է կորպորատիվ հաճախորդների համար արհեստական բանականության (ԱԲ) լուծումների շրջանակի ընդլայնմամբ:
Երրորդ եռամսյակում Alphabet-ի հաջողությունը նաև ամրապնդվել է գովազդային բիզնեսի միջոցով, ներառյալ YouTube-ից ստացվող եկամուտը: Այս հարթակը բերեց 8,92 միլիարդ դոլար՝ մի փոքր գերազանցելով StreetAccount-ի վերլուծաբանների սպասելիքները (8,89 միլիարդ դոլար): Google-ի հիմնական գովազդային բիզնեսը, որն ստացել է 49,4 միլիարդ դոլարի եկամուտ, տարեկան կտրվածքով աճել է 12,3%-ով և մնում է ընկերության եկամտի ամենամեծ աղբյուրը: Ինչպես նշել է ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Անատ Աշքենազին, այս ոլորտը պահպանում է աճի բարձր տեմպերը և կարևոր է Alphabet-ի ընդհանուր հաջողության համար:
Ամպային լուծումների մեծ պահանջարկի ֆոնին Google Cloud-ը ոչ միայն նոր հաճախորդներ է ձեռք բերել, այլև ցուցադրել է աճի արագ տեմպեր, ինչը հնարավոր դարձավ ԱԲ գործիքների ակտիվ ներդրման շնորհիվ։ Ընկերությունն ընդգծում է, որ Alphabet-ի ԱԲ լուծումների ամբողջ տեսականին այժմ օգտագործվում է միլիարդավոր օգտատերերի կողմից ամբողջ աշխարհում, ինչը ստեղծում է «փակ ցիկլ», որը նպաստում է ԱԲ-ի հետագա կիրառմանը և ծառայությունների որակի բարելավմանը: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայմ իր հերթին ասել է, որ ամպային արտադրանքի ռազմավարական զարգացումը ընկերությանը մրցակցային ուժեղ առավելություն է տալիս։
Գովազդային բիզնեսը
Գովազդից Alphabet-ի ստացած եկամուտը հասել է 65,85 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 59,65 միլիարդ դոլարի դիմաց, թեև աճի տեմպերը մի փոքր դանդաղել են նախորդ եռամսյակների համեմատ: Այնուամենայնիվ, YouTube-ում գովազդը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները՝ ցույց տալով կայուն աճ և դիմակայելով այնպիսի հարթակների մրցակցությանը, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը և Amazon-ը: Բիզնեսի հարցերով ընկերության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Շինդլերի խոսքով՝ Gemini ԱԲ մոդելի ներդրումը բարելավել է YouTube-ում տեսանյութեր առաջարկող ալգորիթմները՝ առաջարկվող բովանդակությունը դարձնելով ավելի անհատականացված և համապատասխան տվյալ օգտատիրոջը։
Google Workspace և Google Cloud հատվածները շարունակում են կայուն աճ ցույց տալ: Ըստ Անատ Աշքենազիի՝ Google Cloud-ի աճի տեմպերը գերազանցում են ամպային բաժնի ընդհանուր կատարողականը: Workspace-ն իր հերթին ցույց է տալիս հաճախորդների շրջանում ամպային հաշվարկների նկատմամբ մեծ պահանջարկը։
Other Bets բաժինը, որը ներառում է Verily (բժշկական տեխնոլոգիաներ) և Waymo (ինքնավար մեքենաներ) նախագծերը, գրանցել է 388 միլիոն դոլարի եկամուտ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (297 միլիոն դոլար): Waymo-ի համար կարևոր քայլ էր 5,6 միլիարդ դոլարի ֆինանսավորում ստանալը, որն ընկերությանը հնարավորություն կտա ընդլայնել ռոբոտաքսի ծառայություններն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն և Ֆենիքսը:
Google Lens-ը, որն օգտագործում է տեսախցիկի հզորությունը տեսողական որոնման հարցումներն ապահովելու համար, ամսական կիրառվում է ավելի քան 20 միլիարդ անգամ՝ այն դարձնելով Alphabet-ի ամենաարագ զարգացող լուծումներից մեկը: Հարթակը մեծապես օգտագործվում է գնումներ կատարելու համար և դարձել է որոնման էկոհամակարգի կարևոր մասը՝ ամրապնդելով Alphabet-ի դիրքերը էլեկտրոնային առևտրի շուկայում։