Meta-ն կստեղծի իր ԱԲ որոնողական համակարգը և կհրաժարվի Google-ից ու Microsoft Bing-ից
Meta-ն արդեն ութ ամիս է՝ ակտիվորեն աշխատում է արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող սեփական որոնողական համակարգի վրա՝ նվազեցնելու իր կախվածությունը Google-ից և Microsoft-ի Bing-ից: Որոնման սեփական համակարգը թույլ կտա ԱԲ տրամադրած պատասխաններն անմիջապես ինտեգրել ընկերության այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են Instagram-ը և Facebook-ը, և ապագայում կփոխարինի ներկայումս օգտագործվող արտաքին որոնման համակարգերին, տեղեկացնում է The Verge-ը։
Ներկայումս Meta-ի ԱԲ բոտերը հիմնվում են Google-ի և Bing-ի տվյալների վրա՝ Instagram-ում և Facebook-ում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հարցումները մշակելու համար: Այնուամենայնիվ, Meta-ն մտադիր է դադարեցնել այս պրակտիկան՝ ներդնելով ներքին որոնողական համակարգ, որը կգործի բացառապես սեփական տվյալների բազայի վրա։ Նախատեսվում է ինտեգրում Meta-ի գոյություն ունեցող ԱԲ գործիքների հետ, ինչը թույլ կտա իր ԱԲ բոտերին ավելի ինքնավար և արդյունավետ մշակել օգտատերերի հարցումները:
Meta-ի որոնողական նոր համակարգի ստեղծման կարևորագույն փուլերից մեկը սեփական որոնողական ռոբոտի ներդրումն էր, որն արդեն մի քանի ամիս համացանցի բաց աղբյուրներից ակտիվորեն ինդեքսավորում է տեղեկությունները։ Սա հնարավորություն է տալիս ստեղծել սեփական ընդարձակ տվյալների բազան, որը հիմք կդառնա ԱԲ բոտի համար և Meta-ին կապահովի անկախություն արտաքին հարթակներից: Հատկանշական է, որ տվյալների հավաքումը սկսվել է դեռ լրատվական գործակալությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ։
Բացի որոնման ալգորիթմներ մշակելուց՝ Meta-ն հավաքում է նաև աշխարհագրական տվյալներ, որոնք ապագայում ընկերությանը թույլ կտան մրցակցել Google Maps-ի հետ։ Սեպտեմբերին հայտնի դարձավ նաև, որ Apple-ը մշակում է իր սեփական որոնման գործիքները՝ App Store-ում փորձը բարելավելու համար, ինչը ցույց է տալիս տեխնոլոգիական հսկաների ընդհանուր ցանկությունը՝ ստեղծել ԱԲ-ի վրա հիմնված անկախ որոնման ծառայություններ: Արդյունքում, օգտատերերի տվյալների վերահսկման համար պայքարը սրվում է, և Meta-ն նպատակ ունի դառնալ կարևոր դերակատար այս գործընթացում։
Meta-ն վերջերս բազմամյա պայմանագիր է կնքել Reuters միջազգային լրատվական գործակալության հետ, որն իր ԱԲ բոտին կտրամադրի հասանելիություն ստուգված տեղեկատվությանը։ Այս համագործակցությունը, հավանաբար, կբարձրացնի օգտատերերի վստահությունը կորպորացիայի նկատմամբ և կարևոր քայլ կլինի ԱԲ որոնման համար հուսալի և արդի տվյալների բազա ստեղծելու ուղղությամբ:
Meta-ն միակ ընկերությունը չէ, որը ցանկանում է ստեղծել իր սեփական ԱԲ որոնողական համակարգը: OpenAI-ը հաստատել է նաև SearchGPT կոչվող համակարգի մշակումը: Միևնույն ժամանակ ԱԲ որոնողական մեկ այլ համակարգի՝ Perplexity-ի դեմ News Corp ընկերությունը դատական հայց է ներկայացրել, այլ հրատարակիչներ, այդ թվում՝ The New York Times-ը, սպառնացել են նման հայցերով։ Ըստ պարբերականի՝ այս իրավական մարտահրավերներն ընդգծում են իրավական կարգավորման կարևորությունը այն ընկերությունների համար, որոնք զարգացնում են անկախ ԱԲ որոնողական համակարգեր, հատկապես, եթե նրանք օգտագործում են խոշոր մեդիա ընկերությունների բովանդակություն: