Թափառելու ազատությունը. Գերմանիայից Հայաստան ֆուրգոնով. Յունգբաուեր զույգի զարմանահրաշ ճամփորդությունը
Մի երեկո ծանոթիցս հաղորդագրություն ստացա. «Ջեսիկա Յունգբաուերը հայտնի գերմանացի լրագրող և լուսանկարիչ է, որ մասնագիտանում է սննդի և ճանապարհորդության մեջ, և նրա ամուսին Բերնդը մի քանի ամիս է, ինչ ապրում են ֆուրգոնում, ինչ-որ տեղ Հայաստանում: Ջեսիկան գրում և լուսանկարում է Nat Geo Traveler-ի, Vogue-ի, FAZ-ի և Spiegel-ի համար և կապ կհաստատի ձեզ հետ, որպեսզի…»։ Այս ամենը գիտակցելու համար ինձնից մի քանի րոպե պահանջվեց: Լրագրո՞ղ։ Ամիսներ ֆուրգոնո՞ւմ ինչ-որ տեղ Հայաստանում. Այ քեզ շրջադարձ։
Շուտով մենք հանդիպեցինք…
«Դո՞ւ էլ ես լրագրող», — հարցնում եմ Բերնդ Յունգբաուերին։
«Ոչ», պատասխանում է նա: Ինչ-որ ժամանակ քվանտային ֆիզիկոս էի»:
Դե, կարծում եմ, դա ավելի ու ավելի հետաքրքրական է դառնում…
Եվ մենք որոշեցինք սրտանց զրուցել Յունգբաուեր զույգի հետաքրքրաշարժ պատմության և ճակատագրի մասին, որը նրանց բերել է Հայաստան, որտեղ եւ մենք հանդիպեցինք:
Նատա. «Դուք արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում եք և շատ եք ճանապարհորդել։ Արդեն ունե՞ք սիրելի վայրեր:
Բերնդ. «Իմը Արագածն է։ Որքա՜ն գեղեցիկ է այնտեղ։ Իսկ Քարահո՜ւնջը»։
Ջեսիկա. «Իսկ իմ սիրելին Ազատի ջրամբարն է։ Զարմանահրաշ տեղ է։ Արարատի այդ համայնապատկերը…»:
Բերնդ. «Ամեն օր այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան էր կատարվում. ոչխարների մի հսկա հոտ էր անցնում մեր կողքով, կամ պարապլաներիստները մետրերի հեռավորության վրա թռչում էին մեր գլխավերեւով: Նրանք երաժշտական տեսահոլովակ էին նկարահանում. տղաները խնդրեցին նկարահանել մեր ֆուրգոնի դիմացի հատվածը, ուստի հիմա մեր աթոռները ներկայացված են հայկական տեսահոլովակում»։
Ջեսիկա. «Իմ սիրելիների թվում է նաև Հին Խնձորեսկը։ Այնքան յուրահատուկ տեղ է: Կարծես մեզ այլ դարաշրջան էին տեղափոխել։ Այնտեղ տեղացիները մեզ հրավիրեցին նաեւ խորոված ուտելու, ինչը հաճախ է պատահում»։
Նատա. «Իսկ դուք մի՞շտ եք ընդունում հրավերները»:
Բերնդ. «Եթե ընդունեինք, մենք տասը կիլոգրամով ավելի քաշ կհավաքեինք: Երբեմն մենք մտածում ենք. «Դե, մենք մի-մի բաժակ օղի կխմենք և հրաժեշտ կտանք մի հինգ րոպեից, բայց ամեն անգամ մնում ենք: Այստեղ մարդիկ իրենց հետ սեղան նստել համոզելու վարպետներ են»։
Ջեսիկա. Ինչը ցնցող է, նման բան Գերմանիայում չի պատահի։ Եվ դա այն է, ինչի համար մենք իրականում եկել ենք այստեղ՝ մարդկանց հանդիպելու, նման փորձառոթյուն ընդօրինակելու, տպավորություններ ստանալու համար»:
Նատա. «Դուքարդեն որոշակիժամանակ է, ինչ ապրում եքայստեղ, ճանապարհորդում, հանդիպում մարդկանց, հարցազրույցներ անում, ուսումնասիրում երկրի անցյալն ու ներկան, նրա խոհանոցն ու մշակույթը, առօրյա ուրախություններն ու դժվարությունները… Զգո՞ւմ եք, որ սկսում եքըմբռնել. մի բան, որը կարելի է ներկայացնել որպես «հայկական բնավորություն» կամ «ազգի ոգի»։
Ջեսիկա. «Դե, կողմնակի հայացքով, ես կասեի, որ դա երբեք լիովին անել հնարավոր չէ: Բայց հիշում եմ, որ մեր գալուց չորս ամիս անց Բերնդն ասաց. «Կարծում եմ՝ սիրահարվում եմ Հայաստանին», և ես չէի կարող չհամաձայնել։ Սա անցողիկ զգացողություն չէ, երբ մի քանի օրում գլուխդ կորցնում ես, այլ ավելի շուտ խորը սրտահույզ ջերմության զգացում, երբ սկսում ես գնահատել… Հարուստ մշակույթը, բնապատկերները, մարդկանց ակնածանք ներշնչող և ջերմ հյուրընկալությունը: Ամեն անգամ, երբ մենք զբոսնելու էինք գնում Երևանում, անկախ շաբաթվա օրվանից, տեսնում էինք, որ ռեստորաններն ու բարերը լի են մարդկանցով, տեսնում էինք, թե ինչպես են փողոցներում աղմկոտ կերպով նշում Գինու օրերը, տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ սեղաններից վազում դեպի ռեստորանների պարահրապարակը, ինչպես էին նրանք երգում բարերում յուրաքանչյուր երգի հետ միասին: Մենք զգացինք, որ չնայած ձեր երկրի համար դժվար ժամանակներին, մարդիկ գնահատում են այն, ինչ ունեն և փորձում են առավելագույնս օգտագործել յուրաքանչյուր պահը»:
Նատա. «Դուք գրում եք սննդի մասին, հայկական խոհանոցից հատկապես ի՞նչը հավանեցիք»:
Բերնդ. «Ժինգյալով հացը»։
Ջեսիկա. «Օ, այո: Այն հիասքանչ է։ Կարծես թե դա պարզ բլիթ է, բայց երբ սկսում ես ուտել, իսկապես յուրահատուկ բան է: Ես երբեք նման բան չեմ կերել: Ուր էլ գնանք, միշտ փնտրում ենք այն։ Իսկ իմ երկրորդ սիրելին պանրաշահն է։ Ափսեի վրա այն ախորժելի չի թվում, բայց որքան համեղ է: Այդ պանիրը, այս լավաշը…»:
Բերնդ. «Հայաստանում մենք հանդիպում ենք շատ ճանապարհորդների ամբողջ աշխարհից: Լսե՞լ եք օվերլանդերների մասին: Այն երկար հեռավորություններ ճանապարհորդող մարդկանց համայնք է: Դե, Հայաստանն այն վայրն է, որտեղ շատերը գալիս են կամ անցնում Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան… Հայաստանում կան վայրեր, որտեղ սովորաբար հանդիպում են այդ օվերլանդերները, օրինակ՝ Գեղարդի մոտ գտնվող մի ճամբարում, որի հարեւանությամբ մենք հիմա ապրում ենք»:
Նատա. «Եթե դուք ընտրեիք ընդամենը երեք բառ՝ նկարագրելու համար Հայաստանը՝ ինչպես տեսնում և զգում եք, ո՞ր բառերը կլինեին դրանք»:
Ջեսիկա. «Առաջին բանը, որ գալիս է մտքիդ, բարությունն է, անկասկած։ Բարություն՝ առանց որևէ հետին մտքերի։ Հիշում եմ՝ հարցրի այն տղային, ով մեզ ինքնաբուխ հրավիրեց խորովածի, թե ինչու է դա արել: — Ինչո՞ւ ոչ։ — Նա ասում է. «Չէ որ ոչինչ չեմ կորցնում ձեզ հրավիրելով»:
Բերնդ. «Ես կասեի թերագնահատվածությունը: Որոշ ճանապարհորդներ Իրան գնալու ճանապարհին բառացիորեն արագորեն անցնում են Հայաստանով, բայց Հայաստանն անկասկած արժանի է առանձին ուսումնասիրության»:
Ջեսիկա. «Հպարտություն» բառը նույնպես գալիս է մտքիս։ Բայց ավելի շուտ հանգիստ հպարտություն: Հպարտություն, որ հայ ես, և կապ չունի այստեղ ես ապրում, թե դրսում։ Երբ մենք VOGUE-ում հրապարակեցինք մեր հոդվածը հայուհի ղեկավարների մասին, մարդիկ, հատկապես կանայք, այնքան ոգևորվեցին և այնքան աջակցեցին միմյանց: Կյանքումս երբեք այսքան հաղորդագրություններ չէի ստացել ամբողջ աշխարհից։ Մարդիկ գրում էին, թե որքան ուրախ էին լրահոսում տեսնելով մի հոդված, որը ոչ թե պատերազմի կամ ցեղասպանության մասին էր, այլ հայկական մշակույթի մեկ այլ գեղեցիկ կողմով հիացմունքի»:
Նատա. «Իսկինչո՞ւֆուրգոն»:
Ջեսիկա. «Ամեն ինչ սկսվեց 2019 թ. Մենք պարզապես ուզում էինք մեծ ճանապարհորդության գնալ: Ենթադրվում էր, որ այն պետք է լիներ մեր մեղրամիսը…»:
Բերնդ. «Ծրագիրն էր գնալ Բեռլինից Մոսկվա գնացքով, հետո Անդրսիբիրյան երկաթուղով՝ Մոնղոլիա, Չինաստան, Ճապոնիա… Մենք հանձնեցինք մեր վարձակալած բնակարանի բանալիները, վաճառեցինք մեր ունեցվածքը (ընդամենը երկու ուսապարկ թողեցինք), հրաժեշտի երեկույթ կազմակերպեցինք…»:
Ջեսիկա. «Մենք 12 պատվաստում ստացանք: Եվ հետո սահմանները փակվեցին։ Մեզ «պարտադրեցին» մնալ տանը։ Բայց կատակն այն էր, որ մենք այլևս տուն չունեինք։ Արդյունքում, չորս ամիս անցկացրինք մեր հարազատների ֆերմայում, հարավային Գերմանիայի մի փոքրիկ, բայց գեղեցիկ գյուղում, որտեղ երեք հարյուր բնակիչ կա»։
Բերնդ. «Շատ շուտով տեղացիները իմացան մեր մասին՝ Բեռլինից երկու տարօրինակ կերպարներ, որոնք երազում էին մեծ ճանապարհորդության մասին… Եվ սկսեցին խորհուրդների տարափ տեղալ։ Ամեն ինչ հանգում էր «կենցաղային իմաստնությանը». Ջեսիկան լրագրող է, բայց կներեք, լրագրությունը լուրջ աշխատանք չէ, այլ հոբբի, և երբ երեխաներ հայտնվեն, նա կզբաղվի երխաներով։ Բերնդը բարձր որակավորում ունեցող ֆիզիկոս է, ինչը լավ է, դա ինժեների նման է, այսինքն՝ նա կարող է շատ փող վաստակել։ Ընդհանուր առմամբ, բոլորը միաձայն հանդես էին գալիս ավանդական ապրելակերպի օգտին, և թեև մենք լավ հարաբերությունների մեջ էինք նրանց հետ, բայց պարզ դարձավ, որ պետք է հեռանանք»։
Նատա. «Դժվա՞ր էր հարմարվել նոր կյանքին»:
Ջեսիկա. «Երբ ես առաջին անգամ տեսա ֆուրգոնը, մտածեցի. «Ես երբեք չեմ կարողանա ապրել այստեղ»: Անցավ մեկ ամիս, և ես այլևս չէի պատկերացնում այլ ապրելակերպ տեսանելի հեռանկարում։ Պարզվեց, որ զարմանալիորեն հեշտ է ընտելանալը։ Մենք ունենք լոգասենյակ, այնքան էլ շքեղ չէ, բայց կա: Մենք ունենք խոհանոց… Մի գավաթ առավոտյան սուրճի համար, մի բաժակ՝ ջրի համար, մի փոքրիկ ափսե, մեծ ափսե, վերջ: Հիմա էլ մտածում ենք՝ ինչպես ազատվել կուտակված ավելորդ իրերից»։
Նատա. «Արդյո՞ք անվտանգ է այդպես ճանապարհորդելը»:
Ջեսիկա. «Ես դա մենակ չէի անի: Դե, կարծում եմ, շատ ավելի զվարճալի է, երբ ունես մեկին, որի հետ կիսվում ես քո տպավորություններով»:
Բերնդ. «Ես չեմ կարծում, որ դա վտանգավոր է: Մենք հաճախ ենք հանդիպում կանանց, որոնք միայնակ են ճանապարհորդում։ Վերջերս հանդիպեցինք մի կնոջ, որն արդեն 14 տարի միայնակ է ճանապարհորդում և նոր է վերադարձել Սաուդյան Արաբիայից, Իրանից և Օմանից։ Նրա հետ այս երկրներում ոչ մի վատ բան չի պատահել: Թվում է, թե Արևելքում ճանապարհորդելը, որտեղ շատ ավելի քիչ են հանցագործությունները, ավելի ապահով է, քան Արևմտյան Եվրոպայում ճանապարհորդելը: Այստեղ՝ Հայաստանում, օրինակ, շատ անվտանգ է»։
Նատա. «Ի՞նչ ենձեզ ամենից հաճախ հարցնում»:
Ջեսիկա. «Ինչպե՞ս կարող ենք մեզ թույլ տալ այս ապրելակերպը»։
Նատա: «Եվ ինչպե՞ս»:
Բերնդ. «Ակնհայտ է, որ դա անվճար չէ, բայց նաև այնքան թանկ չէ, որքան շատերը կարծում են: Օրինակ, մենք ավելի քան մեկ ամիս անցկացրինք ճամբարում, և շատ ավելի էժան էր, քան Բեռլինում վարձակալությամբ ապրելը»:
Նատա. «Ինձ հետաքրքիր է՝ որքա՞ն ժամանակ եք միասին»:
Ջեսիկա. «Քսան տարի՜։ Մենք միասին ենք մեծացել Շտուտգարտում և այդ ժամանակվանից միասին ենք: Միասին տեղափոխվեցինք Կոնստանց՝ սովորելու, միասին գնացինք Բեռլին, այցելեցինք ԱՄՆ և Սիդնեյ»։
Նատա. «Ինձ հետաքրքրում է, դուք միասին եք քսան տարի, և այժմ միասին եք շուրջօրյա: Ի՞նչն է ձեր հարաբերություններում, որ թույլ է տալիս ապրել, կներեք, փոքրիկ ֆուրգոնում, 24/7ռեժիմով, և չսպանել միմյանց»:
Ջեսիկան ու Բերնդը բարձրաձայն ծիծաղում են։
Բերնդ. «Մենք իսկապես լրացնում ենք միմյանց: Երբ մարդիկ չափազանց նման են, դա չի աշխատում: Բայց մենք այնքան տարբեր ենք շատ առումներով, որ համապատասխանում ենք միմյանց: Օրինակ, ես ավելի էքստրովերտ եմ, քան Ջեսը…»:
Ջեսիկա (ժպտում է). Պարզ ասեմ՝ մենք լավագույն ընկերներ ենք։ Իսկապես»։
Բերնդ. «Եվ մենք երբեք չենք ձանձրանում: Չի լինում, որ իրար դիմաց նստենք ու լռենք. Մեր վստահությունը միմյանց հանդեպ հսկայական է, և մեր հարաբերությունները շատ կայուն են։ Դրա շնորհիվ մենք դիմակայում ենք մարտահրավերներին՝ ամեն անգամ բարձրացնելով արկածների նշաձողը… Ապրել նշանակում է ազատ լինել՝ կարողանալ կատարել այն ընտրությունը, որը ցանկանում ես: Մենք գիտենք, որ մեր բախտը բերել է, և մենք դա չենք ընդունում որպես ի վերուստ տրված բան»:
Ջեսիկա. «Մենք միշտ զարմացնում ենք ինքներս մեզ: Հիշում եմ՝ մի օր Բերնդին ասացի. «Ինձ այնքան հետաքրքիր է, թե մեր ապագան «եսը» ինչ կորոշի հաջորդ տարի»: Մենք երբեք նախապես չգիտենք մեր անելիքը…»:
Նատա Բրետել