Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում

0

Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։

32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա փոխարինել է նախնական հաղթող Իրինա Զախարովային, որ չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։

«Միսս Տիեզերք» կազմակերպության տվյալներով՝ նախկին հաղթողը չի կատարել պահանջները, որոնք նախատեսված են լիցենզիոն համաձայնագրերում։ MUO-ն նաեւ նշել է, որ տիտղոսակիրը պետք է ունենա այն երկրի վավեր անձնագիրը, որը նա ներկայացնում է։

Նոր «Միսս Տիեզերք Հայաստանը»՝ Էմմա Ավանեսյանը, մոդելային գործակալության հիմնադիր է։ Նա մեկ երեխա ունի, իսկ մոդելային բիզնեսից բացի նաեւ երգչուհի է եւ դասավանդում է մոդելային վարպետություն։

«Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում»,- գրել է Էմման իր ինսթագրամում։

«Վաղ տարիքից ես հետեւում եմ կենսական այս սկզբունքին. «Ոչ մի արդարացում։ Պարզապես առաջ»։ Այս արտահայտությունն ինձ համար դարձել է ուղեցույց աստղ՝ օգնելով հաղթահարել խոչընդոտները եւ հասնել նոր բարձունքների։ Դրա շնորհիվ ես կարողացա անցնել հասարակ աղջկանից մինչեւ հաջող մոդելային գործակալության հիմնադրի, երգչուհու եւ մոդելային բիզնեսի դասախոսի ճանապարհը։ Ես բազմաթիվ պարգեւներ ունեմ, որոնք համառ աշխատանքի եւ կատարածիս հանդեպ կրքի արդյունքն են։

Ես հավատում եմ, որ  մեզանից յուրաքանչյուրը կարող է նվիրել իր մի մասը ի բարօրություն հասարակության եւ այս աշխարհն ավելի լավը դարձնել։ Մենք միասին կարող ենք ոգեշնչել միմյանց եւ ստեղծել դրական փոփոխություններ»։

Leave A Reply

Your email address will not be published.