Հայկական անիմացիան մեծ ապագա ունի. Ժորժ Շվիցգեբել

0

Ժորժ Շվիցգեբելը շվեյցարացի մուլտիպլիկատոր է, որը հայտնի է իր յուրահատուկ կարճամետրաժ ֆիլմերով՝ ձեռքով նկարված անիմացիայի տեխնիկայի միջոցով ստեղծված:

Այս տարի նա աշխարհահռչակ այլ անիմատորների հետ միասին կգնահատի կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ներկայացված են Երևանում անցկացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային  փառատոնի շրջանակներում։

Շվիցգեբելը վարպետության դաս անցկացրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ խոսեց իր ստեղծագործական ընթացքի մասին, ցուցադրեց էսքիզներ և բացատրեց իր տեխնիկայի նրբությունները։

Վարպետության դասի ընթացքում ռեժիսորը մանրամասներ է պատմել նաև իր նոր նախագծի մասին, որի վրա աշխատում է այս տարի։ Նոր անիմացիոն ֆիլմը, որը նախատեսված է թողարկել հաջորդ տարի, ավելի երկար կլինի, քան նրա արդեն թողարկված աշխատանքները և կներկայացնի երկու մեծ տեսարաններ՝ կապված ցիկլային կառուցվածքով։ Առաջին մասը կլինի թեթև ու լավատեսական, իսկ երկրորդը՝ ավելի մութ ու խորը։ Այս նախագիծն արտացոլում է Շվիցգեբելի յուրահատուկ ոճը, որտեղ կտրուկ մոնտաժային անցումների փոխարեն օգտագործվում է շարունակական շարժում՝ ստեղծելով անթերի վիզուալ պատմություն:

Վարպետության դասից հետո Style News.am-ը Ժորժի հետ զրուցեց տեխնոլոգիական աշխարհում նրա ավանդական ստեղծագործական մոտեցման, փառատոնի և ընդհանրապես հայկական անիմացիայի մասին։

Դուք հայտնի եք նրանով, որ շարունակում եք օգտագործել ձեռքի ավանդական անիմացիոն տեխնիկան՝ չնայած երիտասարդ սերունդների շրջանում թվային տեխնոլոգիաների աճին:

Այսօրվա ուսանողները պետք է սովորեն նոր տեխնոլոգիաներ, և ես ինքս երբեմն այցելում եմ դպրոցներ՝ տեսնելու, թե ինչպես են դրանք աշխատում: Ես հասկանում եմ, որ ավելի լավ է սովորել օրինակով: Բայց ամենակարեւորը տեխնիկան չէ, այլ գաղափարը, թե ինչ ես ուզում արտահայտել։ Մի մոռացեք տեխնիկայի մասին, դա կարևոր է, բայց դա պարզապես գործիք է: Գլխավորն այն է, թե ինչպես է նկարիչն օգտագործում այս գործիքը։

Ձեր ֆիլմերը հաճախ դիալոգներներ չեն պարունակում, ինչը հատկապես արտահայտիչ է դարձնում դրանք: Ինչո՞ւ է անիմացիան, ձեր կարծիքով, առանց բառերի կարողանում ավելի արդյունավետ լինել զգացմունքներն ու գաղափարները փոխանցելու համար:

Անիմացիան առանց դիալոգների թույլ է տալիս դիտողին խորանալ մշակույթի մեջ տեսողական պատկերների միջոցով: Երբ ֆիլմ ես դիտում առանց բառերի, տեսնում ես ամեն ինչ՝ կարիք չկա կարդալ ենթագրեր կամ իմանալ լեզուն: Սա թույլ է տալիս կենտրոնանալ դետալների վրա և ավելի խորը հասկանալ իմաստը: Իհարկե, իմ որոշ ֆիլմեր ունեն դիալոգներ, բայց շատ դեպքերում ես փորձում եմ խուսափել դրանից, քանի որ դա ուժեղացնում է փորձը և ֆիլմը դարձնում համընդհանուր ցանկացած հանդիսատեսի համար:

Ինչպե՞ս է Ձեզ դուր գալիս Երևանի ReAnimania փառատոնի մթնոլորտը:

Փառատոնի մթնոլորտը հիանալի է: Մարդիկ կես ժամ սպասեցին ինքնագրեր ստանալու համար, շատ հաճելի էր։ Երեկ մենք դիտեցինք առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը տեւեց ընդամենը վեց րոպե, բայց շատ ինտենսիվ ու տպավորիչ էր։

Ի՞նչ եք կարծում, ReAnimania փառատոնն ինչպե՞ս է օգնում երիտասարդ անիմատորներին զարգանալ:

Շատ կարևոր է տեսնել ֆիլմեր տարբեր երկրներից։ Եթե արդեն ֆիլմ եք նկարել, ապա պետք է այն ցուցադրեք այլ գործերի համատեքստում և համեմատեք։ Երբ սկսում ես անիմացիա ստեղծել, փառատոներին մասնակցելը մեծ դեր է խաղում, քանի որ այն թույլ է տալիս տեսնել հանդսատեսի արձագանքը, հասկանալ, թե ինչն է ստացվում, ինչը` ոչ։ Սա օգնում է անիմատորներին զարգանալ և կատարելագործվել:

Ունե՞ք սիրված հայ մուլտիպլիկատոր կամ ֆիլմ, որին արդեն ծանոթ եք:

Ցավոք, ես դեռ ծանոթ չեմ հայ անիմատորներին կամ ռեժիսորներին։ Բայց ես վստահ եմ, որ այստեղ շատ տաղանդավոր արվեստագետներ կան, և հուսով եմ, որ ապագայում կկարողանամ բացահայտել նրանց աշխատանքները:

Ինչպե՞ս եք գնահատում հայկական անիմացիայի ապագան և երկրների միջև մշակութային փոխանակման ներուժը:

Ես հավատում եմ, որ հայկական անիմացիան մեծ ապագա ունի։ Ես այստեղ էի 2013-ին և տեսա՝ ինչպես են ուսանողներին հասանելի դառնում նորագույն տեխնոլոգիաները և կարողանում են վաղ տարիքից անիմացիա սովորել: Սա հսկայական ներուժ է ոլորտի աճի և զարգացման համար։ Եթե երիտասարդությունը երիտասարդ տարիքից սկսելու հնարավորություն ունենա, հայկական անիմացիան, անկասկած, կզարգանա և կնպաստի միջազգային մշակութային փոխանակմանը:

Leave A Reply

Your email address will not be published.