Արփի Գաբրիելյանը՝ միանգամից երկու կերպարում. «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը
Երկու՝ արտաքինից միմյանց նման, բայց ներքուստ շատ տարբեր քույրեր, որոնք տարիներ անց, ընտանեկան հանգամանքներից ելնելով, հանդիպում են ու ակամայից հայտնվում մի պատմության մեջ: Անետը՝ գյուղում ապրող աղջիկ, ով սովոր է ծանր աշխատանքին ու բնությանը, Ժանետը՝ Երեւան տեղափոխված գլամուրային գեղեցկուհի, որը սիրում է շքեղ կյանքն ու քաղաքի աղմուկը… Սակայն ճակատագրի բերումով՝ քույրերը պետք է փոխվեն դերերով, եւ հենց այստեղ են բացահայտվում նրանց բնավորության նոր՝ ուժեղ գծերը, ու պարզվում է՝ նրանք այնքան էլ տարբեր չեն, որքան թվում էր:
Այս պատմությունն է ներկայացված «Շարմ հոլդինգի» նոր՝ «Բախտի տերը»
գեղարվեստական ֆիլմում, որը կատակերգություն է դրամատիկ լուծումներոով: Ֆիլմի գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյակ քույրերին, մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը, որն ֆիլմում ճկուն կերպով կերպարանափոխվում է երկու՝ ծայրահեղ տարբեր ոճերով:
Արփիի խոսքով՝ ֆիլմի շուրջ որքան հետաքրքիր է եղել աշխատել, նույնքան էլ բարդ:
«Դժվար է եղել, քանի որ պիտի երկու կերպար կերտեի, ինչը, կարծում եմ, յուրաքանչյուր դերասանի համար եւ պատասխանատու է, եւ բարդ, բայց ինձ այդ հրցում շատ են օգնել ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, գլխավոր օպերատոր Սուրեն Թադեւոսյանը, որոնք ինձ շատ հավատացին: Բոլորի գերնպատակն այն էր, որ ես հնարավորինս հեշտ ու հանգիստ մասնակցեի նկարահանումներին: Շնորհակալ եմ նաեւ պրոդյուսերներին՝ Ռուբեն Ջաղինյանին, Արման Միտոյանին, որոնք ինձ ընտրեցին ու հավատացին ուժերիս ավելին, քան ես կհավատայի»,-նշում է դերասանուհին:
Նկարահանումների ժամանակ Արփին սովորել է գյուղական կյանքին, նույնիսկ, խոստովանում է՝ գյուղում բնակվող քրոջ՝ Անետին մարմնավորելն իրեն ավելի հետաքրքիր է եղել:
«Սովորել եմ տրակտոր վարել, մեխանիկական մեքենա քշել, խոզերի հետ աշխատել… Անկեղծ եմ ասում՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել, զզվել կամ վախեցել, հակառակը՝ ինձ շատ հետաքրքիր էր, շատ եմ սիրել այս գյուղական միջավայրը: Նկարահանումներն անցել են հիասքանչ Դսեղում. այնտեղ, բոլոր առումներով, շատ գեղեցիկ մարդիկ են ապրում, խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել»:
Ֆիլմը ռեժիսոր Գրիգ Վահրամյանի առաջին խոշոր աշխատանքն է, որը նշում է՝ պրեմիերային լարվածությունն ավելի մեծ էր, քան ֆիլմի առաջարկը ստանալիս:
«Ինձ համար նկարահանման ընթացքում ամենամեծ բարդությունն այն էր, որ կադրում իրական զույգ քույրեր չէին լինելու, բայց դա մասնագիտական բարդություն էր, որը պետք էր հաղթահարել: Շատ ուրախ եմ, որ հենց Արփին է ընտրվել այս դերի համար, քանի որ մինչ օրս երբ մտածում եմ, թե ով կարող էր մարմնավորել հերոսուհիներին, մտքովս այլ համապատասխան մարդ չի անցնում: Սա իմ առաջին համագործակցությունն էր Արփիի հետ, ու ես նրանից շատ գոհ եմ»:
Ֆիլմում առանցքային կերպարներով հանդես են գալիս նաեւ Լեւոն Հարությունյանը, Եվա Զոհրաբյանը, Սուրեն Թումասյանը, Ստեփան Ղամբարյանը, Արմեն Սարգսյանը, Մարինե Պետրոսյանը եւ այլք: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Պրոդյուսեր՝ Արման Միտոյան, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան:
Սյունե Առաքելյան