Windows-ի օգտատերերի դեմ ամեն օր ավելի քան 600 մլն կիբեռհարձակում է տեղի ունենում
Microsoft-ը հրապարակել է 2024-ի թվային անվտանգության մասին զեկույցը (Microsoft Digital Defense Report)։ 114 էջանոց փաստաթղթում նշվում է, որ անցած տարվա ընթացքում տարբեր տեսակի կիբեռհարձակումների թվի զգալի աճ է գրանցվել։ Զեկույցի համաձայն՝ Windows-ի օգտատերերն ամեն օր ենթարկվում են ավելի քան 600 միլիոն կիբեռհարձակումների։
Ընդգծվում է, որ հարձակվողների տրամադրության տակ օրեցօր ավելի շատ տեխնիկական ռեսուրսներ են հայտնվում, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված։ Այդ հարձակումների ժամանակ օգտագործվում են փրկագին պահանջող ծրագրեր, ֆիշինգ (խաբեություն կեղծ կայքերի միջոցով) և անձնական տվյալների գողության այլ բարդ ձևեր, բացատրում է PCWorld-ը: Հիմնականում հաքերները փորձում են ձեռք բերել օգտատերերի գաղտնաբառերը։
Microsoft-ի փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործներն ակտիվորեն օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ ԱԲ վրա հիմնված գործիքներ։ Տեխնոլոգիան օգնում է հարձակվողներին ստեղծել կեղծ պատկերներ, տեսանյութեր և աուդիո ձայնագրություններ: ԱԲ-ն օգտագործվում է նաև զանգվածային կերպով «կատարյալ» ռեզյումեներ ստեղծելու համար՝ կեղծ աշխատանքի դիմումների միջոցով ընկերությունների ներքին համակարգեր ներթափանցելու համար։
Բացի դրանից՝ պարզվել է, որ հաքերները կարող են հարձակումների համար օգտագործել անմիջապես ԱԲ հարթակները։ Օրինակ՝ կեղծ հարցումների ներդրման (XPIA) միջոցով նրանք կարող են կեղծ հրահանգներ ուղարկել և իրենց վերահսկողության տակ առնել զոհի համակարգիչը:
Վտանգված են ոչ միայն շարքային օգտվողները: Կիբեռհարձակումների թիրախ են դառնում նաև պետական կազմակերպությունները և ընկերությունները: Այսպես, ընթացիկ տարում ԱՄՆ առողջապահական համակարգը ենթարկվել է 389 հաջող կիբեռհարձակման, ինչը հանգեցրել է ցանցի խափանումների, տարբեր համակարգերի և բժշկական կարևոր պրոցեդուրաների իրականացման հետաձգման։
Այս հարձակումներից շատերի հետևում, ինչպես նշվում է զեկույցում, պարզապես «սովորական» կիբեռհանցագործներ չեն: Պետական դերակատարներն ավելի ու ավելի են ներգրավված դրանում: Microsoft-ը, ի թիվս այլ երկրների, որպես նման հարձակումների հիմնական աղբյուրներից մեկը նշում է Չինաստանը, հատկապես ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ նախընտրական արշավներին միջամտելու համատեքստում։ Միևնույն ժամանակ, սովորական կիբեռհանցագործների և պետությունների համար աշխատող հաքերների միջև սահմանագիծը գնալով ավելի լղոզված է դառնում։
Հաղորդվում է, որ Microsoft-ն այս տարի կանխել է շուրջ 1,25 միլիոն բաշխված ծառայության մերժման (DDoS) հարձակումներ, ինչը չորս անգամ ավելի է անցյալ տարվա համեմատ: