James Webb-ը հերթական բացահայտումն է արել՝ ուղղակիորեն լուսանկարելով ամենափոքր զանգվածով էկզոմոլորակը
James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) լուսանկարել է Արեգակնային համակարգից դուրս գտնվող ամենացածր զանգվածն ունեցող էկզոմոլորակը: AF Leporis b-ը (AF Lep b) գտնվում է Երկրից 88 լուսատարի հեռավորության վրա և երիտասարդ մոլորակ է՝ ընդամենը 23 միլիոն տարեկան: Իր զանգվածով այն 3,2 անգամ մեծ է Յուպիտերից, իսկ չափերով մոտ 1,2 անգամ մեծ է Արեգակնային համակարգի գազային հսկայից:
2023-ին AF Lep b-ը դարձել է Արեգակնային համակարգից դուրս ամենացածր զանգվածով մոլորակը, որը հայտնաբերվել է ուղղակի դիտարկմամբ։ Այնուհետև այն դարձել է ամենացածր զանգվածով էկզոմոլորակը, որի զանգվածը չափվել է «աստղաչափության» միջոցով՝ տեխնիկա, որը հետևում է աստղի շարժին՝ հայտնաբերելու «տատանումները», որոնք առաջանում են ուղեծրով պտտվող մոլորակի ձգողականությունից:
Տեխասի համալսարանի գիտնական Քայլ Ֆրենսոնն ասել է, որ AF Lep b-ը գտնվում է աստղադիտակի առավելագույն հնարավորության սահմանային գոտում։ «Չնայած իր արտասովոր զգայունությանը՝ JWST-ն ավելի փոքր է, քան մեր ամենամեծ աստղադիտակները Երկրի վրա: Եվ մենք դիտում ենք ավելի երկար ալիքի երկարություններով, ինչի հետևանքով օբյեկտներն ավելի մշուշոտ են երևում: Դժվար է դառնում մեկ աղբյուրը մյուսից առանձնացնելը, երբ նրանք հայտնվում են միմյանց այդքան մոտ»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, քանի որ AF Lep b-ը գտնվում է Երկրից 88 լուսատարի հեռավորության վրա, այն աստղադիտակի համար երևում է որպես մի փոքրիկ կետ: Սակայն աստղագետները կարող են շատ օգտակար բաներ իմանալ այդ «կետից»։
1990-ականներին առաջին էկզոմոլորակի հայտնաբերումից ի վեր, էկզոմոլորակների կատալոգն ավելացել է և այժմ ներառում է 6000-ից ավելի գրառումներ, ևս հազարավորները պետք է հաստատվեն: Սակայն նրանցից շատ քչերն են ուղղակիորեն լուսանկարվել։ Էկզոմոլորակների մեծ մասը հայտնաբերվում է իրենց հյուրընկալող աստղի վրա ունեցած ազդեցությամբ՝ կա՛մ երբ նրանք արգելափակում են լույսը՝ հատելով իրենց աստղի սկավառակը, կա՛մ գրավիտացիոն ազդեցությամբ, որ նրանք ունենում են այդ աստղի վրա: Երբ դիտարկվում է շատ լուսատարի հեռավորությունից, էկզոմոլորակների և նրանց աստղերի միջև անկյունային հեռավորությունը դառնում է շատ փոքր, ինչը դժվարացնում է դրանք տարբերելը:
JWST-ն առավելություն ունի էկզոմոլորակները դիտելու հարցում, երբ նրանք պտտվում են իրենց աստղերի շուրջ։ Այդ գործիքը կոչվում է պսակագիր: Այն արգելափակում է աստղից եկող լույսը, ուստի դրանց շուրջը պտտվող մոլորակները ավելի հեշտ են դիտարկվում: AF Lep b-ը լավ թեկնածու է նման դիտարկման համար, քանի որ, որպես շատ երիտասարդ մոլորակ, նրա փայլը ուժեղ է:
Աստղագետների թիմն իր դիտարկումների արդյունքում պարզել է, որ AF Lep b-ն ունի շատ ակտիվ մթնոլորտ, որտեղ կոնվեկցիոն հոսանքները խառնում են տարրերը դրա ստորին և վերին մակարդակների միջև: Գիտնականները նաև AF Lep b-ի շրջակայքում ավելի շատ ածխածնի օքսիդ են հայտնաբերել, քան սպասվում էր: Նրանք ենթադրում են, որ ուժեղ վերընթաց հոսքերը միակ միջոցն են այս գազը մոլորակի վերին մթնոլորտ տեղափոխելու համար: