Գինեսի ռեկորդ և համաշխարհային ճանաչում. «ՏաԹևեր» ճոպանուղին դարձավ 14 տարեկան (ֆոտո)
«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է իր գործունեության 14 տարին։ Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից ի վեր, ավելի քան 1,300,000 մարդ օգտվել է ճոպանուղուց: «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021 և 2023 թվականներին։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցույթի պաշտոնական կայքում և կտևի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 20-ը։
Գինեսի ռեկորդակիր
«ՏաԹևեր»-ը զբոսաշրջիկների համար բացում է Հայաստանի նախկինում անմատչելի անկյունները և մեծացնում երկրի ճանաչելիությունը։ «ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:
«ՏաԹևեր»՝ տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ
«ՏաԹևեր» ճոպանուղին «Տաթևի դարպասներ» համալիրի մի մասն է։ Այն շահույթ չհետապնդող ծրագիր է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի շնորհիվ Տաթևում ստեղծվել է 12 կմ ճանապարհային ենթակառուցվածք, վերազինվել և վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, 2023 թվականին Հալիձոր գյուղում բացվել է համայնքային կենտրոն։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի էկոլոգիական բազմազանության պահպանմանը․ փրկվել է 9,5 հա անտառ, բարելավվել Տաթև և Սվարանց բնակավայրերի ջրամատակարարումը։
Մշակութային կյանքը պահպանելու նպատակով անցկացվել է ավելի քան 20 միջոցառում, այդ թվում՝ ազգային և տարածաշրջանային մի շարք փառատոներ։ Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր երթուղում ներառում է ճոպանուղին։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ. համեմատ աճել է 17 անգամ։
«Զբոսաշրջային Օսկար»
World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․-ին և, այդ ժամանակից ի վեր, ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին 2 անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակը Հայաստանին բաժին է հասել 2021 թ․-ին, երկրորդը՝ 2023 թ․-ին։ Այս տարի ևս նախագիծը հավակնում է աշխարհի լավագույն ճոպանուղու կոչմանը։
«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝
- Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
- Գրանցվել էլեկտրոնային փոստով
- Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
- Սեղմել Start Voting կոճակը
- Ընտրել World բաժինը
- Ընտրել 63-րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2024
- Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։
Քվեարկության վերջնաժամկետը 2024 թ․-ի հոկտեմբերի 20-ն է:
«Տաթևեր» ճոպանուղին արդեն 14 տարեկան է, որի ընթացքում մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ մշտապես բարելավելու սպասարկման որակը՝ հյուրերի համար ստեղծելով իսկապես բացառիկ փորձառություն: Մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք նշում այս կարևոր օրը և հույս ունենք ևս մեկ անգամ ճանաչվել համաշխարհային զբոսաշրջության ասպարեզում։ World Travel Awards-ում հաղթանակը ոչ միայն կամրապնդի Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը, այլ նաև թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկների ծանոթացնել Տաթևի և ամբողջ Սյունիքի բնությանը և հարուստ մշակութային ժառանգությանը»,- նշեց ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիյա Բուտենկոն:
Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: