«Զգում էի, որ պակասում էր կապն արմատներիս հետ»․ Պարգը՝ Հայաստան վերադառնալու որոշման, իր երգացանկի ու այն արտացոլող ոճի մասին

0

Երիտասարդ երգիչ Պարգը ժամանակակից հայկական երաժշտական ինդուստրիայում առանձնանում է իր ուրույն ձեռագրով՝ ոչ միայն երգացանկի, այլեւ՝ արտաքին կերպարի մեջ։ Երգիչն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին վերադարձել է հայրենիք ու այստեղ է ծավալում իր գործունեությունը․ ասում է՝ զգում է, որ Հայաստանում է «իր իսկական տեղը»։ NEWS.am STYLE-ը Պարգի հետ զրուցել է անցած ճանապարհի ու ներկա ծրագրերի մասին։ 

Երգիչը պատմում է՝ ընդամենը 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Վոլգոգրադ: «Դեռ մանուկ տարիքից քրոջս հետ կազմակերպում էինք տարբեր համերգներ մեր ընատնիքի անդամների համար, որի ժամանակ երգում եւ պարում էին։ Հիշում եմ, որ ցանկացած ընտանեկան հավաքույթի ժամանակ Մայքլ Ջեքսոնի երգերն էին միացնում, իսկ ես ակտիվ պարում էի՝ նմանակելով նրան: Կարելի է ասել՝ նմանակումներ անելը եղել է իմ նախասիրություններից մեկը»:

Վոլգոգրադում Պարգը սկսել է հաճախել երաժշտական դպրոց, որտեղից էլ առաջացել է երաժշտության հանդեպ ավելի պրոֆեսիոնալ մոտեցումը։ «Հետագայում, ՎԳԻԿ-ն (Վոլգոգրադի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտ) ավարտելով՝ իմ հետաքրքրությունը բեմի եւ արվեստի նկատմամբ ավելի խորացավ: Թատերական կրթությունը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իմ կատարողական արվեստի, այլեւ իմ երաժշտության վրա, քանի որ ես ավելի խորքային կերպով սկսեցի ընկալել բեմը եւ արտիստական ինքնությունը»,-պատմում է նա։ 

Պարգը ծնվել է Սեւանի Հայրավանք գյուղում, եւ մանկության 2 տարիներն անցկացրել է այնտեղ: Երաժիշտը նշում է՝ Վոլգոգրադում ապրած տարիները մեծ ազդեցություն են ունեցան իր ստեղծագործական կյանքի վրա, բայց միշտ զգացել է, որ իրեն պակասում է կապն արմատների հետ: 

«Վերջին տարիներին ես վերադարձել եմ Հայաստան, քանի որ այստեղ եմ զգում իմ իսկական տեղը՝ որպես հայ ստեղծագործող: Այժմ բնակվում եմ Հայաստանում եւ արդեն սկսել եմ իմ նոր նախագծերը՝ ավելի խորապես ուսումնասիրելով հայկական երաժշտության ու մշակույթի տարրերը»:

Երգչի երաժշտական ոճի ձեւավորման հարցում մեծ դեր են խաղացել այն արտիստները, որոնք նրա խոսքով՝ համարձակ են իրենց երաժշտական որոնումներում: «Օրինակ, Գլեն Հանսարդը, Հոզերը, եւ Մասեգոն այն արտիստներն են, ովքեր խառնուրդ են ստեղծում տարբեր մշակույթների ու ոճերի միջեւ՝ մնալով ինքնատիպ եւ, ստեղծագործական առումով, թարմ: Ես նույնպես ձգտում եմ նույնին՝ կոտրելով սահմաններն ու միաժամանակ պահպանելով իմ արմատները: Ինձ համար կարեւոր է ավանդույթների եւ նորարարության միջեւ գտնել այն եզրերը, որտեղ կարելի է ստեղծել նորարարական եւ մաքուր մի բան։ Ես մշտապես փնտրում եմ այնպիսի ստեղծագործական մոտեցումներ, որոնք կմիավորեն հայկական ժողովրդական երաժշտությունը ժամանակակից հնչյունների հետ»:

Պարգին երաժշտասերների ավելի լայն զանգված սկսեց ճանաչել 2022 թ-ին, երբ երգչին վստահվեց կատարել ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազի երեւանյա համերգի բացումը, որը տեղի ունեցավ «Հայա» փառատոնի շրջանակում։ Զազի երեւանյան համերգի ժամանակ ելույթ ունենալը աննկարագրելի փորձ էր, ասում է երգիչը, որն այդ ժամանակ առաջին անգամ էր ելույթ ունենում այդչափ մեծ ու բազմազգ լսարանի առջեւ։  «Զգացողությունն, անկեղծ ասած, անսովոր էր: Երբ ինձ առաջարկեցին բացել համերգը, ես հասկանում էի, որ դա մեծ պատասխանատվություն է, բայց նաեւ գիտակցում էի, որ դա իմ երաժշտությունը միջազգային հարթակում ներկայացնելու մեծ հնարավորություն է։ Այդ համերգն իմ կարիերայի կարեւոր պահերից մեկն էր, որը ոչ միայն վստահություն տվեց, այլեւ ցույց տվեց, որ հայկական երաժիշտները կարող են միջազգային մակարդակում համաշխարհային լսարանի հետ կապ հաստատել։ Ինձ համար դա եղավ մի պահ, երբ վստահորեն հասկացա, որ պետք է շարունակեմ առաջ շարժվել եւ հայ մշակույթը ներկայացնել նոր մակարդակով»,-հավելում է նա։

Պարգ բեմական անունը երգչի ամբողջական՝ Պարգեւ անվան կարճ տարբերակն է։ «Միշտ ցանկացել եմ ունենալ կարճ եւ հեշտ հիշվող անուն, ու կարծում եմ՝ այս անունը ինձ շատ է սազում: Այն նաեւ շատ բնական է ինձ համար, քանի որ մանկուց ընտանիքս եւ ընկերներս ինձ հենց այդպես են կոչել։ Բացի այդ, իմ ստեղծագործական թիմը եւս հավանում է այս անունը, ու մենք զգում ենք, որ այն շատ լավ արտահայտում է իմ ոճը եւ մոտեցումը թե՛ կյանքում, թե՛ երաժշտության մեջ»։

Անդրադառնալով իր արտաքին կերպարին՝ Պարգը հավելում է, որ այն իր երաժշտության արտացոլանքն է։ Երգիչն աշխատում է ստեղծագործական թիմի եւ պրոդյուսերի հետ՝ «մշակելով այն տեսլականը, որը համապատասխանում է իր երաժշտական ոճին եւ բեմական մոտեցմանը»: 

«Իմ երաժշտությունն ինքնին ոգեշնչման աղբյուր է, եւ դրա հիման վրա մենք կառուցում ենք ամբողջական կերպար՝ սկսած հագուստից մինչեւ բեմական լուծումները: Ոճի ու արտահայտչամիջոցների միջոցով փորձում ենք արտացոլել իմ երաժշտության իմաստն ու հույզերը՝ ստեղծելով մի ամբողջականություն, որը կապ ունի թե՛ երաժշտության, թե՛ արտաքին աշխարհի հետ»,-պատմում է նա։ 

Երգիչն այժմ հանդես է գալիս բենդով։ «Բենդի ստեղծման գաղափարը ծնվեց իմ ուսանողական տարիներին՝ Ռուսաստանում, երբ հանդիպեցի մի խումբ երաժիշտների, ովքեր կիսում էին իմ երաժշտական ոգեշնչումները: Սկզբում, պարզապես, միասին փորձեր էինք անում, սակայն շուտով պարզ դարձավ, որ մենք ունենք ընդհանուր երաժշտական տեսլական: Այսպես, դեռ տարիներ առաջ ես ունեի իմ բենդը: Մեր երաժշտությունը հիմնականում ֆոլկ ոճի էր, բայց միշտ փորձեր էինք անում նոր հնչյունների եւ ժանրերի հետ: Այդ տարիները մեծ ազդեցություն ունեցան իմ հետագա գործունեության վրա, քանի որ այժմ ես կրկին հավաքել եմ իմ բենդը, որով ցանկանում եմ այսուհետ հանդես գալ՝ ներկայացնելով իմ երաժշտությունը»

Պարգի՝ որպես հայ ստեղծագործողի գլխավոր նպատակն է ավելի խորացնել իր գործունեությունը՝ շարունակելով ուսումնասիրել հայկական մշակույթի եւ ժամանակակից երաժշտության համադրությունը: «Կարծում եմ, որ հայկական երաժշտության հիմքում մեծ պոտենցիալ կա միջազգային մակարդակով նորարարական եւ հետաքրքիր բաներ ստեղծելու համար: Հիմա աշխատում եմ նոր երաժշտության շուրջ, որը կխոսի իմ ներքին ճանապարհորդության եւ հայկական մշակութային ժառանգության մասին, բայց նաեւ կներկայացնի ժամանակակից ձայներ եւ նոր մոտեցումներ: Կարծում եմ՝ առաջիկայում ինձանից կլսեք նոր ու հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք կբացահայտեն իմ արվեստի նոր կողմերը»,-ասում է նա։

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.