Գիտնականներն ստեղծել են ուղեղին դեղ հասցնելու ուլտրաձայնային միջոց. NatComms
Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները մշակել են ուղեղին ուղիղ դեղ հասցնելու ոչ ինվազիվ մեթոդ ուլտրաձայնի եւ միկրոպղպջակների օգնությամբ։ Միջոցը թույլ է տալիս դեղերին հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը (ՀԷՊ), որն օրգանը պաշտպանում է արտաքին ազդեցությունից։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։
ՀԷՊ-ը ուղեղ է թողնում նյութերի սահմանափակ քանակություն, ներառյալ ջուրը, թթվածինը եւ ընդհանուր անեստետիկները, որոնք բաղկացած են շատ փոքր մոլեկուլներից։ Միեւնույն ժամանակ, կենսականորեն կարեւոր շատ թերապեւտիկ միջոցներ քաղցկեղի կամ Ալցհեյմերի հիվանդության դեմ չեն կարող հաղթահարել այդ պատնեշը։
Նոր հետազոտությունում թիմը սովորել է ժամանակավոր պատուհան բացել ՀԷՊ-ում՝ ուլտրաձայնով ազդելով սպիտակուցային թաղանթի միկրոպղպջակների վրա։
Երբ միկրոպղպղջակները ենթարկվում են կենտրոնացված ուլտրաձայնային ալիքների ազդեցությանը, նրանք արագ ընդլայնվում են եւ սեղմվում։ Այդ փափուկ մեխանիկական ուժը ցնցում է ուղեղը շրջապատող պաշտպանական պատնեշը՝ ոչ մեծ ճեղքեր առաջացնելով դեղերի անցման համար։
Հետազոտողները հետազոտությունները կատարել են մկների վրա։ Նրանք պարզել են ռեսոնանսային հաճախականությունը, որն ուժեղացնում է միկրոպղպջակների շարժումը։
Փորձերը ցույց են տվել, որ ուլտրաձայնի որոշակի հաճախականություններ կարող են ուժեղացնել իմունային բջիջների շարժումը եւ մեծացնել դեղերի կուտակումն ուղեղի ուռուցքում։
Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ուլտրաձայնի ավելի բարձր հաճախականությունները թեեւ արդյունավետ են ՀԷՊ-ը բացվելիս, դրանք ուղեկցվում են նաեւ բորբոքային մարկերների բարձր էքսպրեսիայով պատնեշի էնդոթելիալ բջիջների վրա։
Գիտնականները հուսով են, որ առաջարկված մեթոդը թույլ կտա ավելի արդյունավետ բուժել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, ինչպես նաեւ հնարավորություն կտա ավելի շատ ինֆորմացիա ստանալ ուղեղի մասին։