Օգտատերերը բողոքում են՝ iPhone 16 Pro-ի էկրանը պարբերաբար չի արձագանքում հպումներին․ ի՞նչն է պատճառը

0

Բազմաթիվ օգտատերեր են սկսել բողոքել iPhone 16 Pro սմարթֆոնի էկրանի արձագանքման հետ կապված խնդիրներից։ Նրանք նշում են, որ սենսորային էկրանը պարբերաբար չի արձագանքում էկրանին հպվելու և մատն էկրանի վրայով սահեցնելու գործողություններին, ինչը նկատելի է էկրանի վրա տարբեր գործողություններ կատարելիս, տեղեկացնում է 3dnews.ru-ն:

Ենթադրվում է, որ խնդիրը պայմանավորված է ծրագրային ապահովման սխալով և որևէ ապարատային թերության հետևանք չէ: Աղբյուրի համաձայն՝ դրա պատճառը կարող է լինել iOS-ում ներդրված ալգորիթմը, որն անտեսում է պատահական սեղմումները։ Ըստ երևույթին, այս կարգավորումը չափազանց զգայուն աստիճանի վրա է դրված, այդ իսկ պատճառով այն պարբերաբար մերժում է օգտատիրոջ ոչ պատահական սեղմումները՝ համարելով, որ դրանք պատահական են։

iPhone 16 Pro-ի որոշ սեփականատերեր նշել են, որ էկրանի արձագանքման հետ կապված խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ նրանց մատներից մեկը գտնվում է էկրանի աջ կողմում գտնվող տեսախցիկի կառավարման կոճակի մոտ: Խնդիրը, հավանաբար, վերաբերում է էկրանի բոլոր եզրերին և ավելի է սրվում այն պատճառով, որ նոր iPhone 16 Pro-ն ունի ավելի բարակ շրջանակներ, քան նախորդ սմարթֆոնները։ Այդ իսկ պատճառով ավելի հաճախ են առաջանում իրավիճակներ, որոնք ալգորիթմը կարող է համարել որպես պատահական հպում, որից հետո ցանկացած սեղմում կարճ ժամանակով մերժվում է:

Նշվում է, որ խնդիրը կարող է առաջանալ, երբ օգտատերը հեռախոսը պահում է ձեռքի ափի մեջ, իսկ մատները հպվում են սարքի կողային եզրերին։ Էկրանի արձագանքման հետ կապված խնդիրներն ավելի հաճախ առաջանում են, երբ սմարթֆոնն օգտագործվում է առանց պատյանի: Խնդիրը ծագում է, երբ սարքն ապակողպված է, և օգտատերը տարբեր գործողություններ է անում էկրանին։ Բողոքները ստացվում են iOS 18 և iOS 18.1 բետա օպերացիոն համակարգերով աշխատող iPhone 16 Pro-ի սեփականատերերից: Ըստ աղբյուրի՝ հավանաբար, Apple-ը խնդիրը կկարողանա լուծել ծրագրային ապահովման թարմացման միջոցով։

Leave A Reply

Your email address will not be published.