Մասկը խոստացել է 2 տարում 5 Starship տիեզերանավ ուղարկել Մարս
SpaceX-ը նախատեսում է երկու տարվա ընթացքում մոտ հինգ անօդաչու Starship տիեզերանավ ուղարկել Մարս, հայտարարել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։
Եթե դրանք բոլորն ապահով վայրէջք կատարեն, ապա անձնակազմով առաքելությունները հնարավոր կլինեն չորս տարվա ընթացքում: Իսկ եթե խնդիրներ ծագեն, ապա անձնակազմով առաքելությունները կհետաձգվեն ևս երկու տարով, նշել է նա։
Երկրից Մարս ճանապարհորդությունը հնարավոր է միայն երկու տարին մեկ անգամ, երբ մոլորակները նույն ուղղության վրա են լինում: Սա ավելի է դժվարեցնում առաջադրանքը, բայց նաև Մարսի համար որպես իմունիտետ է ծառայում Երկրի վրա բազմաթիվ աղետալի իրադարձությունների դեպքում:
«Անկախ նրանից, թե ինչ կլինի հաջող վայրէջքի դեպքում, SpaceX-ը յուրաքանչյուր մեկնարկի հնարավորության հետ կավելացնի դեպի Մարս մեկնող տիեզերանավերի թիվը: Բոլորին, ովքեր ցանկանում են տիեզերական ճանապարհորդ դառնալ, մենք ցանկանում ենք Մարս գնալու հնարավորություն տալ: Սա նշանակում է, որ դուք կամ ձեր ընտանիքը կամ ընկերները՝ յուրաքանչյուրը, ով երազում է մեծ արկածների մասին, կկարողանա գնալ Մարս: Վերջնարդյունքում հազարավոր Starship տիեզերանավեր կմեկնեն Մարս, և դա հոյակապ տեսարան կլինի: Կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է նա։
Իլոն Մասկը նաև նշել է, որ գոյաբանական հիմնարար հարց է այն, թե արդյոք մարդկությունը կհասցնի կայուն կերպով ապրել տարբեր մոլորակների վրա, նախքան Երկրի վրա տեղի կունենա ինչ-որ բան, որը կկանխի դա, օրինակ՝ միջուկային պատերազմը, մասշտաբային վիրուսը կամ ժողովրդագրական կոլափսը, որը կթուլացնի քաղաքակրթությունն այն աստիճան, որ այն այլևս չի կարողանա տիեզերանավեր ուղարկել Մարս, որպեսզի մոլորակը մատակարարեն անհրաժեշտ ամեն ինչով։
«Այս պահին իմ ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ Starship ծրագիրը խեղդվում է կառավարական բյուրոկրատիայից, որն ամեն տարի աճում է: Այս խեղդող բյուրոկրատիան ազդում է Ամերիկայի յուրաքանչյուր խոշոր նախագծի վրա»,- ասել է Մասկը։