iPhone 16 Pro Max-ի ողջ խմբաքանակը սպառվել է 18 րոպեում․ ինչպե՞ս կարելի է գնել այն
Apple-ի ամենաթանկ նոր սմարթֆոնի՝ iPhone 16 Pro Max-ի բոլոր պաշարները սպառվել են սեպտեմբերի 13-ին նախնական պատվերների բացումից հետո ընդամենը 18 րոպեում, տեղեկացնում է AppleInsider-ը։
ԱՄՆ-ում iPhone 16 Pro Max-ի պատվեր կատարելիս ընկերությունը խոստացել է սմարթֆոնը մատակարարել 7-10 աշխատանքային օրվա ընթացքում, ինչը սովորական ժամկետ է։ Այնուամենայնիվ, նախնական պատվերների մեկնարկից ընդամենը երկու ժամ անց ժամկետը ձգվել է մինչև 3-4 շաբաթ: Ավելին, բոլոր գույների և հիշողության ծավալի կոնֆիգուրացիաների սմարթֆոնները գրեթե ակնթարթորեն սպառվել են:
Առաքման ժամկետները սկզբնական ժամկետներից սկսել են տարբերվել արդեն վաճառքի մեկնարկից 18 րոպե անց։ AppleInsider-ը կարծում է, որ հենց այս պահից հետո սպառվել են Apple սմարթֆոնների մեկնարկային պաշարները։
Պարզվում է, որ ավելի մատչելի iPhone 16, iPhone 16 Plus և iPhone 16 Pro մոդելների առաքման ժամկետներն ավելի հստակ են, իսկ առաքումը խոստացել են սեպտեմբերի 20-ին: AppleInsider-ը նշում է, որ iPhone-ի մեկնարկային մոդելների պահանջարկը միշտ ավելի ցածր է։
Նրանց, ովքեր չեն հասցրել նախապես պատվեր կատարել, AppleInsider-ը խորհուրդ է տալիս ստուգել նոր սմարթֆոնի առկայությունը բջջային կապի օպերատորների խանութներում։ Նրանք, ինչպես և Apple-ի պաշտոնական խանութներում, նոր արտադրանքի վաճառքը կսկսեն 2024-ի սեպտեմբերի 20-ից։
Սմարթֆոնների iPhone 16 շարքը ներկայացվել է սեպտեմբերի 9-ին Apple Watch Series 10 խելացի ժամացույցի, ինչպես նաև նոր AirPods 4 ականջակալների հետ միասին։