Տեն Հագ․ Ես Հարրի Փոթերը չեմ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ձախողված մեկնարկը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Երրորդ տուրում մանչեսթերյան թիմն «Օլդ Տրաֆորդում» 0:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։
«Ես Հարրի Փոթերը չեմ։ Ընդամենը երրորդ խաղն է այս մրցաշրջանում։ Մենք ստիպված ենք կառուցել նոր թիմ։ Բազմիցս խոսել եմ այդ մասին։
Մենք ունենք երիտասարդ խաղացողներ եւ նորեկներ։ «Լիվերպուլի» դեմ խաղացին երեք ֆուտբոլիստներ, որոնք այս մրցաշրջանում առաջին անգամ էին դուրս գալիս խաղադաշտ։
Ամեն ինչ լավ կլինի։ Ես վստահ եմ, որ մրցաշրջանի վերջում կունենանք տիտղոսի համար պայքարելու հնարավորություն»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է BBC-ն։
Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին մարզիչն է, որը երկու անգամ Անգլիայի առաջնություններում առաջին երեք հանդիպումներից երկուսում պարտություն է կրում։ Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է նաեւ «Բրայթոնին» (1:2)։
2022-2023 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի առաջնության առաջին երեք հանդիպումներից երկուսում պարտվել էր «Բրայթոնին» եւ «Բրենթֆորդին»։