Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը. «Ես ավելի շատ զուգարաններ եմ մաքրել, քան դուք բոլորդ միասին վերցրած»

0

Եթե «աղքատից արքայազն» արտահայտությունը փոքր-ինչ ծեծված է թվում, ապա Nvidia-ի գլխավոր տնօրենը դա չի նկատում։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջենսեն Խուանը, չի վախենում իր ծագումից, երբ խոսում է տեխնոլոգիական աշխարհ իր մտնելու մասին, գրել է Fortune-ը։

«Շատ տարբեր աշխատանքներ եմ ունեցել»,- ասել է Խուանը Stripe-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Քոլինսի հետ բուխարու առջեւ ունեցած զրույցում։ Նրա ծնողները «հարուստ չեն եղել», եւ նրանց ազդեցությունը, ինչպես նաեւ Քենտուկիի գիշերօթիկ դպրոցը նրան համառ աշխատանքի արժեքի զգացողություն են սերմանել։

Խուանը պատմել է, որ ավելի մեծ տարիքի աշակերտներին ավելի բարդ աշխատանքներ էին հանձնարարում, ասենք ֆերմերություն, եւ նա ստիպված էր մաքրել բոլոր լոգարանները։ «Դա իմ աշխատանքն էր, ուստի ես այն հիասքանչ էի անում»,- ասել է  նա 9 տարեկանում կատարած իր աշխատանքի մասին։

Խուանը հաճախ է հիշում իր օրերը Denny’s-ում՝ ընդգծելով, որ շատ է աշխատել։ Աման լվացող աշխատելուց հետո դարձել է մատուցողի օգնական, հետո՝ մատուցող։ Նա ցանկացել է լինել լավագույնը. «Ամեն բան ուզում էի լավագույնս կատարել»։

Նրա խոսքով՝ գիշերօթիկ դպրոցում նա ցանկացել է «լինել աշխարհի լավագույն  լոգարան մաքրողը»։

Ավելի ուշ Denny’s-ը Խուանի համար դարձել է Սթիվ Ջոբսի ավտոտնակի համարժեքը, քանի որ նա այնտեղ 1993 թ-ին ծանոթացել է ընկերության ապագա համահիմնադիրներ Քրիս Մալախովսկու եւ Քյորթիս Պրիեմի հետ։ Այստեղ նրանք քննարկել են, թե ինչն է դառնալու Nvidia-ի կորիզը։
Հաջորդ մի քանի տասնամյակներին չիպեր արտադրողը զգալիորեն ընդլայնվել է։ Հունիսին ընկերությունը գնահատվել է 3 տրլն դոլար, ինչը Խուանի կապիտալն ավելացրել է՝ 106,1 մլրդ դոլարի հասցնելով։ Նա, սակայն, այս ամառն անցկացրել է գրեթե ամեն օր բաժնեթղթեր կորցնելով՝ մոտ 14 մլն դոլարի չափով։

Համենայն դեպս, Խուանը, անշուշտ, հպարտանում է իր ձեռքբերումներով։ «Լսեք, ես առաջ լոգարաններ էի լվանում, իսկ հիմա ընկերության գլխավոր տնօրենն եմ»,- ասել է նա։

Նա հավաստիացնում է, որ ժամանակը, որն անցկացրել է որպես հավաքարար, կիրառելի է նաեւ ներկա դերում։ «Ինձ համար չկա իմ արժանապատվությունից ցածր խնդիր։ Որովհետեւ ես աման եմ լվացել, զուգարաններ մաքրել։ Ես շատ զուգարաններ եմ մաքրել։ Ավելի շատ զուգարաններ եմ մաքրել, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Այսպիսին է կյանքը»,- նշել է միլիարդատերը։

Leave A Reply

Your email address will not be published.