Մինչև օգոստոսի 20-ը գրանցվել է կարմրուկի 547 դեպք. դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. ՀՎԿԱԿ

0

Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք կարմրուկով հիվանդացության աճ. եթե նախորդ տարի ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ՝ արդեն 547 դեպք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով, Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, և դրա դեմ ամենաարդյունավետ պայքարը համապատասխան պատվաստումներն իրականացնելն է։

«Փորձում ենք հնարավորինս բարձրացնել պատվաստման ցուցանիշները։ Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների թվի 1.8 տոկոս նվազում, և թերի պատվաստվածների թվի 2.9 տոկոսով նվազում»,–հավելեց Ստեփան Աթոյանը։

Նա նշեց, որ հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը, եթե պատվաստումները պատշաճ չիրականացվեն, ապա դեպքերի թվի աճ կնկատվի։

«Վարակային հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի հաճախականություն, և 4-7 տարին մեկ անգամ լինում է հիվանդացության թվի աճ։ Նույնը վերաբերում է նաև կարմրուկին։  Այս տարի ունենք նաև կապույտ հազով դեպքերի թվի աճ. 2023 թվականին գրանցվել է 50 դեպք, իսկ այս տարի մինչև օգոստասի 1-ը արդեն 98 դեպք ունենք։ Ընդ որում, ճնշող մեծամասնությունը բաժին  է ընկնում մինչև 18 տարեկաններին։ Մեծ բաժին են կազմում նաև նախադպրոցական տարիքի երեխաները»,–ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով, վերջին 14 օրերի ընթացքում արձանագրվել է COVID 19—ի 229 դեպք, թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։

«Վերջին 7 օրերի ընթացքում արձանագրվել է 113 դեպք, ինչը նույպես մի փոքր ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիվանդությունը կառավարելի է, և համապատասխան պատվաստումների առկայության դեպքում բացառում ենք հիվանդության զարգացումը»,–ասաց Ստեփան Աթոյանը։

Leave A Reply

Your email address will not be published.