Միջոցառումներ, անակնկալներ ու մեծ համերգ. Կապանի տոնը նշվեց մեծ շուքով

0

Սյունիքի Կապան քաղաքում արդեն ավանդույթ է դարձել օգոստոսի երրորդ շաբաթ օրը նշել  քաղաքի տոնը: Այս տարի այն կայացավ օգոստոսի 17-ին:

Ֆլեշմոբ, հեծանվավազք, ֆուտբոլ, ցուցահանդեսներ եւ, իհարկե, տոնական համերգ. սրանք միայն միջոցառումների փոքր ցանկն են, որոնք կապանցիները վայելեցին իրենց սիրելի քաղաքի տոնին:

Տոնի առթիվ Կապան էին ժամանել նաեւ հյուրեր, այդ թվում՝ ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, հանրապետության մի շարք համայնքների ղեկավարներ, որոնք համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար, ծնունդով Վերին Խոտանան գյուղից Պողոս Տեր Դավթյանի հիշատակին, այնուհետեւ  այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով  Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին։

Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Կապանի մշակույթի կենտրոնի պատմության ներկապնակը» խորագրով ցուցահանդեսը, իսկ կենտրոնի մեծ դահլիճում՝ «Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաք» կարգախոսով տոնական հանդիսավոր նիստը, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Պատվոգրերի եւ շնորհակալագրերի արժանացան տարբեր ոլորտներում համայնքի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած անձինք։ Միջոցառումն ավարտվեց «Զանգեզուր» ժողովրդական պարի  համույթի սաների համերգային ծրագրով:

Մանկական զբոսայգու հարակից տարածքում «Կապանցիներ․Թաքուն աշխարհից լույսի աղբյուրներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսն էր, որը ներկայացնում էր Կապանի պատմության մեջ ականավոր դեր ունեցող դեմքերին ու ընդգծում կարեւոր իրադարձությունները:

Կապանցիների համար կարեւոր իրադարձություն էր նաեւ Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա էին համայնքի ղեկավարն ու պաշտոնատար անձիք:

Տոնական տրամադրություն էր ամբողջ քաղաքում: Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում ներկայացված ամեն ինչ կապանցիների ձեռքի գործերն էին:

Կապանի տոնին քաղաքի բնակիչներն ու հյուրերը ցանկանում են, որ Հայաստանի հարավային սահմանին գտնվող Կապանը խաղաղ լինի ու բարգավաճի:

Կապանի տոնական օրը եզրափակվեց մեծ համերգով, որին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, ինչպես նաեւ երգիչներ Արամեն, Գարիկը եւ Սոնան։

Քաղաքի տոնի առթիվ համայնքապետարանը կազմակերպել էր նաեւ խաղարկություն. հաղթող ընտրվեց վիճակահանությամբ, իսկ մրցանակը ուղեւորությունն էր դեպի Թունիս:

Կապանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, այս տարի նշվում էր քաղաքի 86 ամյակը, բայց այն, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն գոյություն է  ունեցել դեռեւս 5-րդ դարում, վկայում է  պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Leave A Reply

Your email address will not be published.