Wine Story. Սայմոն Ջ. Վուլֆ. «Հայաստանի խաղողի յուրահատուկ տեսակներն ու ոճերը հնարավորություն են այդտեղի գինեգործարանների համար»

0

Սայմոն Ջ. Վուլֆը բրիտանացի գինու քննադատ, գրող եւ The Morning Claret կայքի հիմնադիրն է։ Նա սկսել է իր կարիերան որպես երաժիշտ եւ ՏՏ խորհրդատու, սակայն 2011 թվականից ամբողջությամբ նվիրվել է գինեգործությանը եւ լրագրությանը։ Հայտնի է բնական, օրգանական եւ կենսադինամիկ գինիների, ինչպես նաեւ նարնջագույն գինիների վերաբերյալ իր աշխատանքով: Վուլֆը հրատարակել է երեք գիրք, այդ թվում՝ Amber Revolution-ը եւ Foot Trodden-ը, որոնք բարձր գնահատանքի եւ ճանաչման են արժանացել գինեգործական համայնքում։ Նրա հոդվածները կարելի է գտնել այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Decanter-ը, World of Fine Wine-ը եւ Meininger’s Wine Business International-ը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա խոսել է գինեգործության իր ուղու, բնական գինիների կարեւորության եւ հայկական գինիների յուրահատուկ հատկանիշների մասին։

Երաժիշտից եւ ՏՏ խորհրդատուից Ձեր ճանապարհն ինչպե՞ս բերեց Ձեզ դեպի գինեգործության աշխարհ: Ո՞րն էր այն շրջադարձային կետը, որը Ձեզ ստիպեց որոշել Ձեր ժամանակը նվիրել դրան:

Օ՜, դա հետաքրքիր եւ անսպասելի ճանապարհ էր։ Ամեն ինչ սկսվեց գինու հանդեպ իմ տարվածությամբ, որը ժամանակի ընթացքում իսկական կրքի վերածվեց: Առանցքային պահերից մեկն այն էր, երբ ես հասկացա, որ ես ավելի շատ գրում եմ գինու մասին, քան երաժշտության կամ ՏՏ ոլորտի: Գինեգործությամբ զբաղվելու որոշումը բնական էր. ես ուղղակի հետեւեցի իմ հետաքրքրությանը եւ հաճույքին:

Amber Revolution-ը դարձել է նարնջագույն գինու մասին կարեւոր գիրք: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրել այն, եւ ո՞րն էր գինեգործական համայնքի ամենազարմանալի արձագանքը դրա վերաբերյալ:

Այս գիրքը ծնվել է 2011 թվականին՝ նարնջագույն գինիների իմ անձնական հայտնագործությունից: Ես շատ էի ուզում ավելին իմանալ գինեգործության այս հնագույն մեթոդի մասին, բայց շատ քիչ տեղեկություններ կային: Ուստի որոշեցի գրել այն գիրքը, որի կարիքը զգում էի։ Ամենաանսպասելի արձագա՞նքը։ Հավանաբար դա հրճվանքն ու երախտագիտությունն էր գինու այլ սիրահարների կողմից, ովքեր ինձ նման պատասխաններ ու ոգեշնչում էին փնտրում:

Դուք հաճախ եք ասում, որ բնական գինին չի կարելի որպես ոճ ընկալել։ Կարո՞ղ եք ավելի մանրամասն բացատրել, թե ինչու եք այդպես կարծում եւ բնական գինու մասին ո՞ր սխալ պատկերացումները կուզենայիք ցրել:

Բնական գինին շատ տարածված է դարձել հատկապես երիտասարդ գինի խմողների շրջանում եւ այժմ հաճախ ասոցացվում է որոշակի ոճի հետ՝ պղտոր, արտասովոր կամ նույնիսկ տհաճ բույրերով: Բայց ի սկզբանե բնական գինու գաղափարը փիլիսոփայական էր. դուք կարող եք ավելի իսկական գինի պատրաստել, եթե ավելի քիչ միջամտեք գինեգործության գործընթացին: Այն երբեք չպետք է կոնկրետ համի կամ բույրի առանձնահատկությունների մասին լինի։ 

Դուք շատ եք փորձել հայկական գինիներ։ Ինչպիսի՞ն եք տեսնում դրանց տեղը համաշխարհային գինու ասպարեզում: Ի՞նչ յուրահատուկ հատկանիշներ են դրանք բերում:

Հայաստանը հարուստ է խաղողի ավտոխթոն տեսակներով եւ ունի հողի մեջ թաղված կավե անոթներով գինեգործության իր պատմությունը։ Կարասը կարող է այնքան հայտնի չէ, որքան վրացական քվեվրին, բայց այն նույնքան հետաքրքրաշարժ եւ մշակութային նշանակություն ունեցող տեխնիկա է։

Որո՞նք են այսօր հայ գինեգործների առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերները: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հայկական գինու համար համաշխարհային մակարդակով։

Մեր օրերում մոլորակի ամեն անկյունում լավ եւ, նույնիսկ, գերազանց գինիներ են պատրաստում։ Մի կողմից, դժվար է վաճառել խաղողի անհայտ սորտեր ունեցող քիչ հայտնի երկրի գինի։ Բայց մյուս կողմից, կա գինու սիրահարների նոր սերունդ, որը ծարավ է արկածների եւ նոր փորձառությունների: Նրանք ցանկանում են փորձել մի բան, որը չեն կարող գտնել սուպերմարկետում: Այսպիսով, Հայաստանի յուրահատուկ սորտերն ու ոճերը շանս են այդտեղի գինեգործարանների համար։ Վերջին բանը, որ մեզ անհրաժեշտ է, ավելի շատ Chardonnay կամ Cabernet Sauvignon է:

Ձեր փորձած բոլոր հայկական գինիներից ո՞րն է ամենասիրելին: Կա՞ գինեգործ, ում աշխատանքը հատկապես ոգեշնչում է ձեզ:

Ես ավելի շատ համտեսի փորձել են Zorah գինիներից եւ միշտ սիրել եմ դրանց էլեգանտ Արենի Նուարը: Եվս երկու արտադրող, որոնք տարիների ընթացքում մեծ կայունություն են ցուցաբերել՝ Voskevaz-ը եւ Noa-ն են:

Ինչպե՞ս են հայկական գինիները համեմատվում այլ քիչ հայտնի գինեգործական շրջանների գինիների հետ, ինչպես Վրաստանը կամ Սլովենիան են:

Կարծում եմ՝ հայկական շատ խաղողի այգիների շատ բարձր լինելը գինուն առանձնահատուկ բնույթ է տալիս։ Եվ, ինչպես արդեն նշվեց՝ խաղողի տեսակները, որոնք ոչ միայն յուրահատուկ են երկրի համար, այլեւ չեն աճեցվում որեւէ այլ տեղ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ սպառողներին եւ սոմելյերներին հայկական գինիների որակի եւ բազմազանության մասին ավելի լավ կրթելու համար:

Երկու բան իսկապես կարևոր է.
1. Արտաքին շուկաներում բավարար քանակությամբ գինիների առկայությունը։
2. Լավ զարգացած գինու զբոսաշրջության ենթակառուցվածք եւ հնարավորություններ գինու մասնագետների համար՝ անձամբ այցելելու եւ բացահայտելու երկիրը:

Դուք հաճախ եք նշում, որ գինու պատմությունը Ձեզ ավելի շատ է հետաքրքրում, քան տեխնիկական մանրամասները: Կարո՞ղ եք կիսվել հայկական գինեգործությունից մի պատմությամբ, որը խորը տպավորություն է թողել Ձեզ վրա:

Ցավոք, ես դեռ չեմ կարող: Ես դեռ չեմ եղել Հայաստանում եւ չեմ հասցրել հավաքել նման պատմություններ, բայց դա իմ ծրագրերի ցանկում առաջինն է:

Leave A Reply

Your email address will not be published.